Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 05,2000 00:00

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐՆ ԱՎԱՐՏԵՑԻՆ ՊԱՅՔԱՐԸ Դելիում ընթացող շախմատի աշխարհի առաջնությունը կշարունակվի առանց մեր հանրապետության ներկայացուցիչների։ Երկրորդ ընտրական փուլը հաղթահարեց միայն գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը, որը 1,5։0,5 ընդհանուր հաշվով հաղթեց Ռուսաստանի ներկայացուցիչ Ռուբլյովսկուն։ Անհաջող էր Վլադիմիր Հակոբյանի մեկնարկը։ Նա, որ պայքարի մեջ ներգրավվեց երկրորդ տուրից, 0,5։1,5 հաշվով պարտվեց իրենից բավականին թույլ Ալեքսանդրովին (Բելառուս)։ Սակայն աշխարհի փոխչեմպիոնին այս անհաջողության համար չի կարելի մեղադրել, որովհետեւ նա բավականին երկար ժամանակ է, ինչ տեսողության հետ կապված խնդիրներ ունի եւ Դելի էր ժամանել բուժումը կիսատ թողնելով։ Բացի դա, Վլադիմիրն արդեն մի քանի ամիս է, ինչ այդ նույն պատճառով դուրս է մնացել ժամանակակից մեծ շախմատից։ Երեկ ՀՀ շախմատի ֆեդերացիայում ասացին, որ Վ. Հակոբյանը, հավանաբար, Դելիից կմեկնի Միացյալ Նահանգներ, որտեղ երկու վիրահատություն պետք է արվի։ Համառ պայքարից հետո երկրորդ արգելքը հաղթահարել չկարողացավ նաեւ Արտաշես Մինասյանը, որը 1,5։2,5 հաշվով տանուլ տվեց Բելգիան ներկայացնող Միխայիլ Գուրեւիչին։ Եվ վերջապես Ռաֆայել Վահանյանը 2։4 հաշվով զիջեց Բարեեւին (Ռուսաստան), որին շախմատասեր հասարակությանը ներկայացնելու կարիք չկա։ Այսպիսով, երրորդ ընտրական փուլում Հայաստանի մարզական դրոշի պատիվը պաշտպանելու էր միայն Սմբատ Լպուտյանը։ Սակայն այստեղ նրա մրցակիցն աշխարհի ներկայիս առաջնության հաղթողի գլխավոր հավակնորդներից մեկն էր՝ Վիշվանաթան Անանդը։ Առաջին պարտիան, որում հայ գրոսմայստերը խաղում էր սպիտակներով, շատ արագ ավարտվեց։ 19-րդ քայլում նրանք համաձայնեցին ոչ-ոքիի։ Սակայն երեկ կայացած երկրորդ հանդիպումում Անանդը հաղթանակ տարավ՝ պայքարից դուրս թողնելով մեր վերջին մրցակցին՝ 1,5։0,5։ Ինչ-որ չափով մեզ մխիթարում է Սերգեյ Մովսիսյանի հաջող մրցելույթը, որը խաղում է Չեխիայի դրոշի ներքո։ Նա 3-րդ տուրի երկու հանդիպումները էստոնացի Էլվեստի հետ ավարտել է ոչ-ոքի։ Ա. Հ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել