Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 05,2000 00:00

Բյուջեն՝ անկատար, օրենքը՝ օդից կախված Մեր երկրում անցած տարիների ընթացքում բազմաթիվ օրենքներ են ընդունվել, որոնք, դժվար է ասել, իրականում օգնո՞ւմ, թե՞ խանգարում են մեկը մյուսի գործառույթին։ Բայց փաստ է, որ հանրապետության օրենսդրական դաշտը հեռու է կատարյալ լինելուց, հավանաբար դա է պատճառը, որ ընդունված օրենքները ժամանակ առ ժամանակ վերանայվում եւ փոփոխվում են։ Կառավարությունը որոշել է վերանայել եւ փոփոխել «Պետական գնումների մասին» գործող օրենքը։ Ուստի, համապատասխան շահագրգիռ բոլոր գերատեսչություններին առաջարկվել է եւս մեկ անգամ ուսումնասիրել օրենքն ու նոր առաջարկներով հանդես գալ։ Ենթադրելի է, որ օրենքն անհրաժեշտ է պետության բյուջետային հոսքերը կառավարելի դարձնելու եւ նպատակային օգտագործելու համար։ Գործող օրենքի առնչությամբ էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարությանը առաջարկությունների փաթեթ է ներկայացնելու նաեւ մշակույթի նախարարությունը։ «Օրենքը չի համապատասխանում 2001թ. բյուջեի մասին ՀՀ օրենքի նախագծով նախատեսված ֆինանսավորման ուղղություններին»,- նկատեց մշակույթի նախարարության ֆինանսատնտեսագիտական վարչության պետ Երջանիկ Մուրադյանը։ Նրա հավաստմամբ, գնումների մասին օրենքը խոչընդոտում է նախարարության աշխատանքին։ Ըստ պարոն Մուրադյանի, օրենքի մի քանի դրույթներ պետք է ավելի հստակ ձեւակերպվեն, մանավանդ, երբ խոսքը վերաբերում է մշակույթի, սպորտի ու երիտասարդության հարցերին։ Նա վկայեց, թե «Գնումների մասին» օրենքի համաձայն, 250 հազար դրամից ավելի գումար պահանջող ծրագրերը հաստատվում են միայն մրցութային կարգով։ «Մինդեռ յուրաքանչյուր այդպիսի ծրագրի իրականացման համար կպահանջվի ավելի քան 2 ամիս՝ 30 օր հայտարարությունների, 20 օր քննարկումների համար եւ 10 օր հաղթողին գտնելու ու ֆինանսների նախարարությունում ծրագրի իրականացման համար անհրաժեշտ գումարը հատկացնելու համար»։ Օրենքն ամրագրում է, որ մրցույթը համարվում է կայացած, եթե մասնակցում են առնվազն 3 կամ ավելի կազմակերպություններ։ Հակառակ դեպքում, այն համարվում է չկայացած ու կրկին մրցույթ է հայտարարվում, ինչն, իհարկե, ըստ պարոն Մուրադյանի, ժամանակի ապարդյուն կորուստ է ու նյարդերի ավելորդ գերլարում։ Ե.Մուրադյանի հավաստմամբ, մշակութային, մարզական միջոցառումների եւ երիտասարդական ծրագրերի ֆինանսավորումը պետք է կատարվի հստակ եւ որոշակի մեկ աղբյուրից, եւ չպետք է սպասել, որ նախօրոք մրցույթ հայտարարվի, արդյունքներն ամփոփվեն ու հետո նոր ծրագիրը ֆինանսավորվի։ Ե.Մուրադյանը շեշտեց նաեւ, որ մշակութային, մարզական միջոցառումների եւ երիտասարդական ծրագրերի իրականացումը անհրաժեշտ է իրականացնել ապակենտրոնացված ձեւով՝ մշակույթի նախարարությունում եւ նրա կողմից ձեւավորված լիազոր պետական մարմինների կողմից։ Մեր աղքատիկ բյուջեի պայմաններում օրենքի կիրառումը լուրջ դժվարություններ կարող է հարուցել։ «Գնումների գործընթացը կիրառվում է ամբողջ աշխարհում։ Սակայն այն կիրառվում է ստաբիլ բյուջեի պայմաններում»,- նկատեց Ե.Մուրադյանը։ Ցավոք, ստացվում է, որ մեր օրենսդիրներն օրենք են ընդունում, որն իրականում չի կիրառվելու եւ խոչընդոտելու է մշակույթի եւ սպորտի բնագավառում որեւէ լուրջ միջոցառման ու ծրագրի իրագործմանը։ ՍԻՐԱՆՈՒՇ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել