Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 05,2000 00:00

Ոչ թե Կոստանդյան, այլ Կոստանյան Վերջերս մամուլում տպագրվել է ԱԺ պատգամավոր Գագիկ Կոստանդյանի «նամակը», որն իր վիրավորական վերնագրով եւ ոճով հիշեցնում է 1930-ական թթ. մատնագիր-զրպարտագրերը։ Ցավալի է, որ այդ հերյուրանքների հեղինակը մասնագիտությամբ մանկավարժ է եւ Նոր Նորքի դպրոցներից մեկի տնօրենը։ Նախ ասեմ՝ ընտրությունների նկատմամբ, մանավանդ դրանց իրական ընթացքը տեսնելով, բուն էությունը, ուղն ու ծուծը զգալով՝ եղել եմ անտարբեր ու, այնուհետեւ, բնավ չեմ հետաքրքրվել։ Նրա ասելով՝ իբր ես որոշել եմ «վրեժխնդիր լինել Կոստանդյան ազգանունը կրող «ուսանող-ուսանողուհիներից»։ Եվ դա այն դեպքում, երբ վերջին տարիներին առհասարակ չեմ ունեցել նրանց ազգանունով եւ ոչ մի ուսանող-ուսանողուհի։ Նույնիսկ «նամակում» հիշատակված ուսանողուհու ազգանունը ոչ թե Կոստանդյան է, այլ՝ Կոստանյան (տե՛ս արեւելագիտության ֆակուլտետի քննական տեղեկագրերը)։ Ասվում է ամենուր, եւ «նամակն» էլ հավաստել է, թե իբր այդ ուսանողուհին գերազանցիկ է։ Դա բացահայտ կեղծիք է։ Տեսեք այս ուսանողուհու 2-րդ կիսամյակի քննությունների արդյունքները. արաբերենից (սա նրա հիմնական մասնագիտությունն է)՝ «բավարար», մեկ այլ առարկայից՝ «լավ», մեկ ուրիշից՝ «գերազանց» (ուսանողուհին լավ գիտի, թե ինքն ինչպես է ստացել այդ գնահատականները), իսկ հայոց լեզվից չորս անգամ «անբավարար» ստանալուց հետո 5-րդ անգամ մի կերպ ստացել է «բավարար»։ Հաջորդ բամբասանքն այն է, թե իբր այդ ուսանողուհուն 3 անգամ թույլ չի տրվել օգտվել տոմսերին նախապատրաստվելու իրավունքից եւ ոչ վայել պահվածքով ու առարկություններով նրան ամեն անգամ «անբավարար» են նշանակել։ Այդ ուսանողուհին, բարեբախտաբար, ոչ մի անգամ առանձին չի եկել քննության։ Իսկ քննասենյակում, նաեւ վերջին վերահանձնման ժամանակ, հավասար ու շատ հանգիստ պայմաններ են եղել ե՛ւ այդ «գերազանցիկի», ե՛ւ նրա հետ եղած մյուս ուսանողների համար. բոլորն էլ նախապատրաստվել են առնվազն 25-30 րոպե, եւ ոչ մեկը, «անբավարար» ստանալու դեպքում էլ, որեւէ դժգոհություն չի հայտնել, քանի որ իրենք զգացել են իրենց պատասխանի իրական արժեքը։ Իսկ ես քննությունը երբեք մենակ չեմ ընդունել. որպես կանոն միշտ քննության մասնակից եմ դարձրել գործնական պարապմունքներ անցկացրած դասախոսին։ Այո՛, ես պարտավոր էի ի պաշտոնե ներկա գտնվել վերաքննությանը, սակայն հակառակ նամակի պնդման, բոլորովին չեմ միջամտել. դա կարող են վկայել բոլոր ներկաները, անգամ ուսանողուհին ու հանձնաժողովի նախագահը։ Ընթերցողի ուշադրությանն եմ ներկայացնում հանձնաժողովի արձանագրությունից մի փոքրիկ հատված. «Հանձնաժողովը ուսանողուհի Կ. Կոստանյանի առաջին հարցի պատասխանը գնահատեց «բավարար», երկրորդ հարցի պատասխանը՝ «անբավարար», երրորդ հարցի պատասխանը՝ «ոչ լիարժեք «բավարար», լրացուցիչ հարցի (ի դեպ, այս հարցի կապակցությամբ ունեմ որոշակի կասկածներ) պատասխանը՝ «ոչ լիարժեք «բավարար». այսպիսով՝ ընդհանուր գնահատականը՝ որոշ զիջումով «բավարար»։ Պատկերացրեք՝ ընդամենը հայոց լեզվից երկու թեմա (հնչյունաբանություն, բառագիտություն), «գերազանցիկ» ուսանողուհին դրանցից քննությունն է հանձնում 5-րդ անգամ, եւ այսպիսի պատասխան… Վերաքննության արդյունքներն ամփոփելով՝ համալսարանի պրոռեկտորը նշեց, որ այս «ուսանողները անհրաժեշտ գիտելիքներ չդրսեւորեցին մայրենի լեզվից, պատասխանում էին որոշակի սխալներով ու բացթողումներով…»։ Հետաքրքրվողները այլ մանրամասներ կարող են իմանալ արեւելագիտական ֆակուլտետի դեկանից, դեկանատի աշխատողներից ու վերաքննող հանձնաժողովի անդամներից։ Իսկ Կ. Կոստանյանին դասավանդողները կարող են վկայել, որ նա երկրորդ կիսամյակում հայոց լեզվի դասերի ու գործնական պարապմունքների առհասարակ չի ներկայացել։ ԼԵՎՈՆ ԵԶԵԿՅԱՆ պրոֆեսոր, ժամանակակից հայոց լեզվի ամբիոնի վարիչ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել