Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 05,2000 00:00

ԱՐԿՂԵՐՈՒՄ «ՏԱՔ» Է Ստվարաթղթե հայրենիք Բագրատ Մելքումյանին երեկ հերթական անգամ հանդիպեցի մայրաքաղաքի Աբովյան փողոցի բնակելի շենքերից մեկի շքամուտք մտնելիս։ Երեկոյան ժամը 11-ն էր եւ «քաղաքացին» կարդոնե արկղեր էր խնդրում հարեւան խանութի աշխատակիցներից։ Նա քնում է այդ ստվարաթղթե արկղերի մեջ, որովհետեւ, ինչպես ինքն է ասում՝ «տուն չունի»։ Թե որտեղից եւ երբ է հայտնվել Բագրատն այդտեղ, ոչ բնակելիի, ոչ բնակելիին կից շքեղաշուք խանութների աշխատակիցները չգիտեն։ Մի քանիսն ասացին միայն, որ Բագրատին 1,5 տարի առաջ են տեսել եւ որ նա քնում է շենքերի բետոնե սալահատակին։ Բագրատին, ի դեպ, մշտապես հսկում են նրա երկու բարեկամները, որոնց մտերմիկ «տուզիկ» է կոչում եւ որոնք, ինչպես նա է ասում. «Ավելին արժեն, քան մարդը»։ – Չե՞ս մրսում,- զրույցի եմ բռնվում 40-ամյա երիտասարդի հետ։ – Չէ։ Արկղերում տաք է։ – Որտեղի՞ց ես, Բագրատ, եկել։ – Մարտունու շրջանի Զոլաքար գյուղից։ – Ընտանիք ունե՞ս։ – Չունեմ, չեմ ունեցել։ – Դու այս խանութում չէի՞ր «աշխատում» (ցույց եմ տալիս «Ուրարտու» խանութը- Ռ. Մ.)։ – Հա, օգնում էի, հիմա՝ չէ։ – Ինչքա՞ն էիր վաստակում։ – Օր կար 500 դրամ։ Բագրատը գոհ էր, «ապրել լինում էր», եւ ասում է, որ ծխախոտ եւ ցամաք հաց գնելու համար փողը «ծո՜վ էր»։ Ես Բագրատի մասին հարցնում եմ նրա «ծառայություններից օգտվող» (բեռնակրություն) խանութների, սեղանիկների աշխատակիցներից։ Նրանք նշում են, որ Բագրատին իրենք վստահում են, որովհետեւ աշխատասեր է եւ փողն էլ քամուն չի տալիս… Երեկ Բագրատը նկատելիորեն կաղում էր։ Երբ հարցրի, թե ինչո՞ւ է կաղում, ապտակ տալու պես հնչեց. – Կոշիկս ծակ է։ Կաղում եմ, որ անձրեւաջուր չլցվի մեջը։ – Քեզ չե՞ն նեղացնում բնակիչները, չէ՞ որ քնում ես ուղիղ նրանց ոտքերի տակ։ – Նրանք գիտեն, որ ես անվնաս եմ եւ, որ սա իմ տունն է։ – Բագրատ, ուզում եմ քեզ նկարել արկղերի մեջ քնած: – Չէ, մի նկարի։ Միլիցիան կընկնի հետեւիցս, թե էդ «շներով Բգոն» է, կտանեն գժանոց, ինչպես մի անգամ։ – Ո՞նց պրծար,- հարցնում եմ։ – Տեսան իրենցից խելոք եմ ու չեմ խփում ոչ ոքի, բաց թողին։ – Չե՞ս մտածում դիմել էս երկրի թագավորներին, տերերին, որ քեզ տանիք տան։ Բագրատը պատասխանում է. – Դիմեմ, որ էս կարդոնն էլ ձեռքիցս խլեն ու մնամ «անտո՞ւն»։ Հետո շփելով մորուքը՝ պատմում է, որ իր շատ ծանոթներ քնում են «Այրարատ» կինոթատրոնի դիմաց գտնվող շատրվանների «դատարկ մասում»։ Լիճը դատարկ է եւ «հարմար»։ Եվ, որ ստվարաթղթե «տնակներում» այսօր ծվարած թափառաշրջիկ «համայնքի» անդամների թիվը 25 է, որը գնալով աճում է։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել