Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 05,2000 00:00

Ջեռուցում. ուժի մե՞ջ է մինչեւ «կկվի ձեն ածելն» ու վճարելը Արդեն երկրորդ օրն է, ինչ Նոր Նորքի 3-րդ զանգվածի Գայի փողոցի բարձրահարկ շենքերն են այցելում քաղաքապետարանի «Ջերմային տնտեսություն» ՊՓԲԸ ներկայացուցիչները, որոնք առաջարկում են բնակիչներին (սպառողներին) «Ջերմային էներգիայի մատակարարման» պայմանագիր կնքել իրենց հետ։ Ըստ այդ պայմանագրի (որի մի օրինակը սպառող-քաղաքացու մոտ է), «սպառողը ստանում է ջերմային էներգիա եւ վճարում սույն պայմանագրով սահմանված կարգով»։ Որպես կանխավճար՝ քաղաքացին պետք է վճարի 10.230 դրամ, իսկ պայմանագրի գումարը մինչեւ հայտնի հեքիաթի «կկվի ձեն ածելը»՝ 90 օրվա համար 34.100 դրամ է։ Նոր հազարամյակի շեմին, հայրենի իշխանությունների օդային խոստումների եւ չվճարված թոշակ-նպաստ-աշխատավարձերի ֆոնի վրա, ինչ խոսք, այն պատկառելի գումար է, ինչը, հավանաբար, քչերի գրպաններին հասու կլինի։ Եվ որովհետեւ շատերը չեն կարողանա վճարել այդ կանխավճարն ու գումարը, ապա ջերմանալու ցանկությունը 21-րդ դարի բյուրեղյա երազը կարող է լինել։ Ըստ նույն պայմանագրի, «բնակելի շենքի 20%-ից ավելի սպառողների պայմանագրային պարտավորությունների չկատարման դեպքում մատակարարին իրավունք է վերապահվում դադարեցնելու բնակելի շենքի ջերմամատակարարումը», էն էլ «սահմանազատման կետից»։ Իսկ այդ 20 % սահմանազատումը ով եւ որտեղից բստրեց։ Քաղաքացին ստորագրելով դարակազմիկ այս փաստաթուղթը, պարտավորվում է նաեւ «ջեռուցման համար նախատեսված ջուրը չօգտագործել այլ նպատակներով»։ Միայն չգիտես ինչու չի բացված «այլ նպատակ» արտահայտությունը (չենք կարծում, որ «այլ նպատակ» ասելով՝ պայմանագրի հեղինակները նկատի են ունեցել այն, որ դեկտեմբերի 31-ին կամ, ասենք, հունվարի 9-ին տաք Վարդավառի տոն կկազմակերպվի շենքերում կամ… բաղնիքներում)։ Հետաքրքիր է նաեւ մատակարարի պատասխանատվության չափն ամրագրող «նորմը». «Մատակարարը պատասխանատվություն չի կրում, եթե թերմատակարարումն առաջացել է ոչ մատակարարի մեղքով՝ վառելանյութի, էլեկտրաէներգիայի, ջրի եւ այլնի անբավարար լինելու հետեւանքով»։ Այսինքն, չկա այն երաշխիքը, թե քաղաքացին գումարը տալուց հետո իր տանը չի սառչի։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ Հ. Գ. Բնակիչների կասկածները անհիմն չեն. անցած տարի Նորքի զանգվածում մեկ ամսվա գումար նախօրոք հավաքելով՝ «Ջերմային տնտեսությունը» ջեռուցեց 10 օր, որից հետո չվերադարձրեց 20 օրվա գումարը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել