Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 05,2000 00:00

«ԵԹԵ ԽՆԴՐԵՐ՝ ԿԸՆԴԱՌԱՋԵԻՆ» Երեկ «Առավոտ» էր դիմել 75-ամյա Զարվարդ Հակոբջանյանը՝ երկրորդ խմբի հաշմանդամ, վաստակաշատ ուսուցչուհի, աշխատանքի վետերան։ Զարվարդ Հակոբջանյանը 1993-99 թթ. բնակվել է Սանկտ Պետերբուրգում, որտեղ քաղաքի կառավարության նախագահը (մեր լեզվով՝ քաղաքապետը) նրան, որպես Հայրենական մեծ պատերազմի տարիներին թիկունքի աշխատողի, պարգեւատրել է հոբելյանական մեդալով, նաեւ 1996-ին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի անունից վկայական է հանձնել, որ նա ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1945 թ. հունիսի 6-ի հրամանագրով պարգեւատրվել է. «1941-45թթ. Հայրենական մեծ պատերազմի տարիներին աշխատանքային արիության համար» մեդալով։ Հայաստան վերադառնալուց հետո, տիկին Հակոբջանյանը, իմանալով, որ ՀՀ կառավարության 1997 թ. հուլիսի 8-ի թիվ 251 որոշմամբ Հայրենական մեծ պատերազմի տարիներին թիկունքի աշխատողներին քաղաքային տրանսպորտով անվճար երթեւեկելու արտոնություն է տրվում, դիմել է ՀՀ տրանսպորտի նախարարության համապատասխան վարչությանը։ Ըստ տիկին Հակոբջանյանի, «վարչության նախկին պետ Նանուշյանն ու իրավաբան Գրիգորյանը պատասխանել են, որ այդ որոշումն իրեն համար չի, քանի որ վկայականը 1996-ին է տրվել, ոչ թե 1945-ին»։ Տիկինը կրկին ու կրկին է դիմել համապատասխան մարմիններին, սակայն, ի վերջո, ստացել է միայն էլեկտրատրանսպորտով երթեւեկելու իրավունք տվող վկայական։ Սակայն Զարվարդ Հակոբջանյանը շարունակել է հետեւողականորեն ծեծել տրանսպորտի նախարարության դռները, որտեղից անընդհատ մերժումներ է ստացել տարբեր, տիկնոջ որակմամբ՝ «անհեթեթ, անհիմն» պատճառաբանություններով, ըստ որոնց իրենք Սանկտ Պետերբուրգի կառավարության նախագահի կողմից տրված վկայականը հիմք ընդունել չեն կարող։ Զարմանալի համառություն եւ նպատակաուղղվածություն ցուցաբերելով, 75-ամյա տիկին Զարվարդը դիմել է նաեւ «ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Անդրանիկ Հակոբյանին՝ բողոքելով տրանսպորտի նախարարության առանձին աշխատողների՝ իր նկատմամբ ունեցած անարդար վերաբերմունքի մասին»։ Տիկին Զարվարդին բարկացրել է հատկապես այն փաստը, որ. «Կառավարության աշխատակազմի ղեկավարը նույնպես ցուցաբերել է իշխանավոր չինովնիկի բյուրոկրատական վերաբերմունք, փոխանակ անձամբ կամ էլ իր աշխատողների միջոցով պարզելու բողոքի էությունը, բողոքս ուղարկել է նրանց, ումից բողոքել եմ»։ Իրավիճակը պարզաբանելու խնդրանքով դիմեցինք տրանսպորտի նախարարության Ավտոտրանսպորտի վարչության պետի տեղակալին՝ նույն իրեն՝ Յուրի Նանուշյանին։ Պրն Նանուշյանն անմիջապես հիշեց տիկին Հակոբջանյանին. «Ինքը մի քանի անգամ ընդունելության է եկել, նամակներ է գրել, մեզ վիրավորել է»։ Պրն Նունուշյանին անհասկանալի էր թվում, թե ինչպես կարող է Սանկտ Պետերբուրգի կառավարությունը 1996 թվականին արդեն վաղուց գոյություն չունեցող ԽՍՀՄ Գերագույն խորհրդի անունից վկայական տալ, առ այն, որ 1945 թ. հունիսի 6-ի հրամանով տիկինը պարգեւատրվել է։ Պարոն Նանուշյանը պարզաբանեց, որ իրենք դիմել են Ջեմմա Հակոբյանին եւ ստացել պատասխան, որ ԽՍՀՄ մեդալներով պարգեւատրվածների արխիվային քարտարանում տիկին Հակոբջանյանը հաշվառված չէ։ Ըստ պրն Նունուշյանի, Սանկտ Պետերբուրգից ստացած վկայականի վրա գրված է «ՊպռրՑՉՌՑպսՖվՏ Չ ՑպՐՐՌՑՏՐՌՌ ՀՂ». «Գուցե թե այդ փաստաթուղթը ՌԴ-ի տարածքում անցնում է, այնտեղ բոլոր թոշակառուները ձրի են երթեւեկում, դա իրենց ներքին գործն է»։ Պրն Նանուշյանը պնդում էր, որ ինքը շատ իրավաբանների հետ է խոսել եւ բոլորը միակարծիք են, որ տիկին Հակոբջանյանին անվճար երթեւեկության վկայական տալու հիմք չկա. «Նա ընդամենը մեկ տարի՝ 1942-1943թթ. է աշխատել պատերազմի տարիներին, այն էլ Սիսիանում։ Այդ ինչի՞ հիման վրա են նրան Սանկտ Պետերբուրգում վկայական տվել»։ Մեր առարկությանը, թե՝ չէ՞ որ այսօր այնքան քիչ մարդիկ են մնացել պատերազմին ինչ-որ ձեւով մասնակցած, հնարավոր չէ՞ որպես բարի կամքի արտահայտություն այդ տիկնոջը անվճար երթեւեկության վկայական տալ, պրն Նանուշյանը պատասխանեց. «Փոխնախարարը իրավունք ունի բացառության կարգով ոմանց վկայական տալ եւ, եթե տիկինը ոչ թե ինչ-որ սկզբունքներով, նամակներով, բողոքներով, այլ նորմալ, մարդկային ձեւով խնդրեր նրան, կընդառաջեին։ Բայց ինքն այլ ճանապարհ ընտրեց։ Անձամբ Թումանյանն ու Ավանյանն են իրեն ընդունել եւ մերժել»։ Սիրում են մեր պաշտոնյաները, երբ իրենց խնդրում են եւ իրենք մեծահոգաբար ընդառաջում են։ ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել