Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 05,2000 00:00

«ԳՆԱՄ՝ ՓՈՂ ԱՇԽԱՏԵՄ» Վերջերս տոնավաճառ այցելած մեկը խիստ զարմացած էր. «Հետո էլ ասում են, թե Երեւանում մարդ չի մնացել։ Տոնավաճառում ասեղ գցելու տեղ չկար»։ Իսկ երթուղայինի վարորդը առարկություն չընդունող տոնով պնդում էր, թե իշխանություններին շատ էլ ձեռնտու է, որ մեկ միլիոնի չափ մարդ մնա Հայաստանում։ Ժողովուրդն ինչ ասես խոսում է։ Ժողովուրդը ինքն իր մեջ է խոսում։ Իսկ իշխանությունների աչքին ամեն ինչ չափազանցված է, այդ թվում նաեւ՝ արտագաղթի մասին հրապարակում եղած թվերն ու փաստերը։ Հանրապետության նախագահը ամեն օր աշխատանքի է գնում Բաղրամյան պողոտայով։ Եթե մեկ օր պրն Քոչարյանը իրեն նեղություն տա եւ դուրս նայի իր մեքենայի պատուհանից, ԱՄՆ դեսպանատան մոտ շարված երկարուձիգ հերթը պարզապես չի կարող չնկատել։ Թեպետ, եթե նկատի էլ, ոչինչ չի փոխվի, քանի որ նախագահը իր հրապարակային ելույթներում կշարունակի պնդել, որ արտագաղթի մասին թվերը չափազանցված են։ Ընդհանրապես, նախագահին լսողը ակամա հայտնվում է վիրտուալ իրականության մեջ։ Իրականությունն ու նախագահի պատկերացումները՝ այդ իրականության մասին բոլորովին չեն համապատասխանում։ Մի փոքրիկ, բայց տխուր փաստ. ըստ պաշտոնական աղբյուրների, Լեռնային Ղարաբաղի շրջաններում բնակություն հաստատելու դիմում է ներկայացրել 1500 մարդ, բոլորը՝ երեւանցի։ Նկատի առեք, որ դիմում ներկայացնողները պետք է բնակվեն ոչ թե Ստեփանակերտում, այլ ԼՂՀ գյուղերում։ Ինչո՞ւ ոչ մի ղարաբաղցի կամ Ադրբեջանից բռնագաղթած հայ մարդ ցանկություն չունի Ղարաբաղում բնակվելու։ Հարցը համարենք հռետորական։ Եվս մեկը՝ ովքեր են բնակվում Երեւանի կենտրոնական թաղամասերում. «լյոխ մունք ենք»։ Իսկ ումի՞ց են գնվում կենտրոնի բնակարանները՝ ԱՄՆ արտագաղթող բնիկ երեւանցիներից։ Մեկնողները, չափազանց էժան գներով վաճառելով իրենց տները, առանց ետ նայելու հեռանում են։ ԱՄՆ դեսպանատուն դիմողների թիվն այնքան է մեծացել, որ այսօր դիմում գրածների հերթը հարցազրույցի համար կհասնի մայիսի վերջին միայն։ Իզուր է ԱՄՆ հյուպատոսարանը շեշտում, թե ինքը միայն ժամանակավոր մեկնումի դիմումներով է զբաղվում։ Վիճակագրությունն այնպիսին է, որ ժամանակավոր մեկնողների 20-25%-ը չի վերադառնում։ Վերադարձողներն էլ մինչեւ չեն աշխատում մի երկու կոպեկ, վերադարձի մասին չեն մտածում։ Զրուցեցինք դեսպանատան մոտ հավաքվածներից մի քանիսի հետ։ Ի դեպ, մարդիկ հակված չեն խոսել, պատմել, թե ո՞ւր են մեկնում եւ ո՞ւմ մոտ։ Անունները եւս չեն ուզում հայտնել, վախենում են, որ թույլտվություն ստանալուն իրենց շատախոսությունը կխանգարի։ Այդ պատճառով, մեր զրուցակիցներին ներկայացնենք ըստ արտաքինի։ Տարեց մի կին- Մեկնում եմ աղջկաս ու թոռներիս մոտ։ Էլի եմ եղել, չեն մերժի։ Գնում եմ՝ Նոր տարին իրենց հետ դիմավորեմ, ձմեռն անցկացնեմ ու գամ։ Երիտասարդ մի աղջիկ- Ճիշտն ասած, ինձ համար փեսացու են գտել, գնում եմ ինձ տեսնի, եթե հավանի, կգա ինձ տանելու։ Մնամ այստեղ՝ ի՞նչ անեմ, տղաներն անգործ են, աշխատողներն էլ այնքան քիչ են ստանում, որ չեն կարող տուն պահել։ 40 տարեկան մի մարդ- Ընկերս է կանչում, ճանապարհածախսն էլ ինքն է հոգալու։ Գնամ, մի քիչ աշխատեմ՝ գամ, ընտանիքս մնում է։ Ի դեպ, հանրապետության նախագահի խոստացած աշխատատեղերի մասին խոսակցությունները բոլոր արտագաղթողներն անլուրջ էին համարում։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել