Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 05,2000 00:00

Թաղապետն ընտրվեց Կիրակի Աջափնյակ համայնքում տեղի ունեցան թաղապետի ընտրություններ։ Երկու հիմնական թեկնածուներ կային՝ համայնքի թաղապետի պաշտոնակատար Արծրուն Խաչատրյանն ու ՀԺԿ-ից՝ Արտակ Սարգսյանը։ 99-ի հուլիսի 2-ի ընտրությունների փորձից ելնելով՝ լուրջ մտավախություն կար, որ այս համայնքում ընտրությունները կրկին կարող են վերածվել ծեծկռտուքի, առավել եւս, որ թեկնածուներից մեկը՝ Ա.Սարգսյանը, մինչեւ ընտրությունները մտահոգություն էր հայտնել, թե թաղապետի պաշտոնակատար Ա.Խաչատրյանը կարող է օգտվել իր պաշտոնավարության ընձեռնած հարմար առիթից եւ որոշակիորեն ճնշումներ գործադրել ընտրողների վրա։ Սակայն ընտրություններն Աջափնյակում, բարեբախտաբար, անցան առանց միջադեպերի եւ ինչպես թեկնածու Ա.Սարգսյանն ասաց՝ «բարձր մակարդակով»։ Մարզային ընտրական հանձնաժողովի քարտուղար Անահիտ Բալասանյանն ասաց, թե երեկ թեկնածուներից ոչ մեկը որեւէ բողոք չէր ներկայացրել հանձնաժողովին։ Վերջինս ամփոփելով ընտրությունների նախնական արդյունքներն արձանագրել է, որ համայնքի ընտրողներից՝ ավելի քան 72 հազար բնակիչ, 8209-ը քվեարկել են թաղապետի պաշտոնակատար Արծրուն Խաչատրյանի, 2229-ը՝ հժկական Արտակ Սարգսյանի օգտին։ Թաղապետի երրորդ թեկնածուի՝ կոմունիստ Մելիք Վարդանյանի օգտին քվեարկած ձայների թիվը 300-ից չի անցել։ Ա.Սարգսյանը մեր զրույցի ժամանակ ասաց, թե անկեղծորեն շնորհավորում է իր մրցակցին՝ արժանի հաղթանակ տանելու կապակցությամբ։ Ինչ խոսք, որ Աջափնյակում տեղի ունեցած ընտրություններն անցած 4-5 տարիների ընթացքում աննախադեպ են ե՛ւ օրինականության, ե՛ւ ընտրություններից հետո ստեղծված բարոյահոգեբանական մթնոլորտի առումով։ Ընտրությունների վերջնական արդյունքը կամփոփվի, թերեւս, այսօր։ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել