Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 05,2000 00:00

«ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉԻ ԶԻՋԻ ԻՐ ՏԱՐԱԾՔԻ ՄԻ ՄԱՍԸ» Ադրբեջանի արտգործնախարար Վիլայաթ Գուլիեւի հարցազրույցը -Պարոն Գուլիեւ, ձեր ելույթը ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստում Հայաստանում գնահատվեց որպես «աննախադեպ կոշտ»: Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը այս կապակցությամբ կարծիք հայտնեց, որ այսպիսով Դուք փորձում էիք մեղմել Ադրբեջանի ընդդիմության եւ հասարակության դժգոհությունը Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունների արդյունքներից: – Իմ ելույթը ներդաշնակ էր Վարդան Օսկանյանի ելույթին, եւ այն ոչ մի կապ չունի Ադրբեջանում կայացած ընտրությունների հետ: Ես միշտ հավատարիմ եմ եղել նման դիրքորոշմանը եւ մտադիր եմ շարունակել այն: Բանն այն է, որ Ադրբեջանը պատրաստ է գնալ զիջումների, իսկ Հայաստանը պատասխան քայլեր չի ձեռնարկում: Ահա թե ինչու կամ մենք համաձայնության կգանք, կամ երկու կողմերն էլ կշարունակեն հանդես գալ կոշտ դիրքորոշումներով: – Վիեննայում Դուք հայտարարեցիք, որ Ադրբեջանը հակամարտության կարգավորումը պատկերացնում է «Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղին ինքնակառավարման ամենաբարձր աստիճանի տրամադրման հիման վրա՝ հայերի եւ ադրբեջանցիների համատեղ բնակեցմամբ»: Սա դժվար է զիջում համարել, քանի որ Դուք առաջարկում ենք վերադառնալ այն ստատուս-քվոյին, որից, փաստորեն, սկսվեց հակամարտությունը: – Բայց մենք չենք առաջարկում վերադառնալ Լեռնային Ղարաբաղի՝ 1988 թվականի ունեցած ինքնավարության մակարդակին: Մենք ասում ենք, որ դա կլինի ինքնավարության ամենաբարձր աստիճանը, որի սահմանները պետք է ճշտեն հակամարտության կողմերը: Հայաստանի մոտեցումը նույնպես ոչ մի լավ բան չի ենթադրում. Ադրբեջանը երբեք չի համաձայնի Հայաստանին զիջել միջազգայնորեն ճանաչված իր տարածքի մի մասը: Առավել եւս, մենք երբեք չենք համակերպվի այդ տարածքներում հայկական երկրորդ պետության ստեղծման հետ: – Հայաստանի արտգործնախարարը հայտարարել էր, որ հակամարտության կարգավորման գործում հասունացել է նոր ինստիտուցիոնալ մոտեցումների կիրառման անհրաժեշտություն: Նա նշել էր, որ նման նախադեպ արդեն կա՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից առաջարկված «Ընդհանուր պետության» հայեցակարգը: Շարունակու՞մ է արդյոք Ադրբեջանը մերժել միջնորդների այս առաջարկը: – Վիեննայում մենք հանդիպել ենք պրն Օսկանյանի հետ եւ քննարկել հարցերի ողջ համալիրը: Հայաստանի արտգործնախարարը չի խոսել «Ընդհանուր պետության» առաջարկի վերակենդանացման մասին: Ամեն դեպքում, պետք է ընդգծեմ, որ Ադրբեջանը կտրականապես հրաժարվում է ընդունել այդ հայեցակարգը, քանի որ այն նախատեսում է Հարավային Կովկասում երկրորդ հայկական պետության ստեղծում: 172 Ժամանակ առ ժամանակ Հայաստանում արծարծվում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տարածքների փոխանակման թեման: Որքանո՞վ են այն իրական համարել նախագահներ Քոչարյանը եւ Ալիեւը: – Արտգործնախարարները չեն մասնակցում նախագահների երկխոսությանը, եւ ես դժվարանում եմ ասել, թե կոնկրետ ինչ են քննարկում Քոչարյանը եւ Ալիեւը: Սակայն չեմ բացառում բանակցությունների ընթացքում նման առաջարկի քննարկումը՝ որպես հակամարտության կարգավորման բազմաթիվ տարբերակներից մեկը: Ադրբեջանը երբեք լուրջ նշանակություն չի տվել այդ տարբերակին: Մենք չենք պատրաստվում գնալ տարածքների փոխանակման, եւ Ադրբեջանում այս հարցի քննարկումներում վերջակետ է դրվել: Կարծում եմ, Հայաստանում նույնպես: ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալություն՝ հատուկ «ԱՌԱՎՈՏԻ» համար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել