Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 05,2000 00:00

«ԱԺՄ-ն կորցրել է իր տեսիլքը» ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը համագումարի սկզբում այն տեսակետը հայտնեց, թե առկա երկու տարբեր հոսանքների միջեւ մերձեցում է տեղի ունենում։ Դա չերեւաց երկու օր շարունակ հնչած փոխհակասող ելույթներից, որոնք անգամ անձնական վիրավորանքներ էին պարունակում։ Ուստի, երկրորդ օրվա ավարտին հետաքրքրվեցինք, թե պրն Մանուկյանը մնում է նույն կարծիքի՞ն. «Մերձեցումը դինամիկա է։ Իմանալով, թե ոնց էր եւ ուր է հասել, կասեմ, որ մի քիչ չափազանցում եք հակասությունները։ Եթե մարդիկ 2 օր իրար հետ վիճում են, կամաց-կամաց ավելի ու ավելի անձնավորված է երբեմն դառնում վեճը։ Ես դա շատ բնական եմ համարում։ Բայց եթե ուշադրություն դարձնես բովանդակության վրա՝ այստեղ չկան տարբերություններ։ Դրանք կան արտահայտման ձեւերի մեջ միայն»։ Համագումարի սկզբում Վազգեն Մանուկյանը նաեւ նշել էր, որ եթե վարչության վերընտրության հարց մտնի օրակարգ՝ պիտի նաեւ ԱԺՄ նոր նախագահի հարցը քննարկեն, քանի որ չի կարելի տարանջատել պատասխանատվությունը։ Երբ երկրորդ օրվա ընթացքում համագումարի 70 պատվիրակ միացան նոր վարչություն ընտրելու առաջարկին, հետաքրքրվեցինք, թե արդյոք դեկտեմբերի 16-ին ԱԺՄ նախագահը պնդելո՞ւ է իր պահանջը։ «Բայց այդ հարցը հիմա մտցված չէ օրակարգ,- ի պատասխան ասաց պրն Մանուկյանը։- Ուղղակի ասվեց, թե հավաքված են ստորագրություններ՝ ցանկության դեպքում վարչության հարցը մտցնելու համար։ Երբ կմտնի օրակարգ՝ նոր կքննարկենք»։ ԱԺՄ որոշ գործիչներ կարեւորում էին գաղափարախոսության հստակեցումը։ Սեմյոն Բաղդասարյանն անգամ նշեց, թե ջրբաժանը հենց գաղափարախոսական հարցերն են. «Մեր մեջ մարդիկ կան, որ կողմ են մարտի 8-ը, մայիսի 1-ը, նոյեմբերի 29-ը նշելուն»։ Վազգեն Մանուկյանն այս առումով առավել ճիշտ էր համարում ԱԺՄ վարչության անդամ Անահիտ Ավոյանի ձեւակերպումը, որը ելույթում ասաց, թե ԱԺՄ-ն իր գաղափարները չի կորցրել, այլ տեսլականը։ «Այնուամենայնիվ, երբ մարդիկ միասնական են գնում՝ ունենում են միասնական նպատակ, տեսիլք, երազանք,- ասաց ԱԺՄ նախագահը։- Ցավն այդ է, որ իսկապես ոմանց մոտ այդ տեսիլքը ոնց որ թե կորել է։ Եվ այստեղ սկսում են փնտրել ուրիշ պատճառաբանություններ, այլ ելքեր։ Երկարատեւ ու ծանր ճանապարհով անցնելու ժամանակ՝ այս ամենը դարձյալ բնական եմ համարում։ Բայց տեսիլքի գաղափարը շատ կարեւոր է՝ մենք չէինք ունենա այժմյան աշխարհը, եթե քաղաքական գործիչները, փիլիսոփաները եւ մտավորականության մի շերտ չունենար այն տեսիլքը, որի համար մարդկությունը հասավ սրան»։ Իր զեկուցումը Վազգեն Մանուկյանն ավարտել էր՝ մոտակա ժամանակաշրջանում ԱԺՄ նպատակ մատնանշելով հետեւյալը. «Իր շուրջը համախմբելով՝ շատ տեղերում զիջումների գնալով, ստեղծել մի նոր ուժ, նոր կուսակցություն, որը կգրավի այն կենտրոնական տեղը, որի բացակայությունն այժմ Հայաստանում զգացվում է եւ, որը պիտի կրի պատասխանատվություն այս երկրի համար եւ լինի դրդող ուժ»։ Որեւէ ելույթում անդրադարձ չեղավ այս խնդրին։ Իր այս նոր նախաձեռնությունը հանգամանալից ներկայացնելու մեր խնդրանքին ի պատասխան՝ ԱԺՄ նախագահը խոստացավ պարզաբանումներ տալ համագումարի ավարտից հետո։ Հարցազրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել