Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 05,2000 00:00

«ԳՆԱՑԵՔ, ԴՈՒՔ ԷԼ ՏԵՂԵՐՈՒՄ ԲԱԺԱՆՎԵՔ ԹԵՎԵՐԻ» Կեսկատակ խորհուրդ տվեց Վազգեն Մանուկյանն ԱԺՄ արտահերթ համագումարում նախավերջին ելույթ ունեցողին՝ Լավրենտ Կիրակոսյանին, որը մինչ այդ ասել էր. «Կուսակցությունն իրոք բաժանվել է երկու թեւի, իսկ մենք, խեղճ գյուղացիներս, չգիտեինք»։ Որ ԱԺՄ վարչությունում երկու թեւեր են ձեւավորվել՝ հայտնի էր վաղուց։ Թե ինչ տեսակետներ ու գնահատականներ ունեն այդ թեւերի ներկայացուցիչները՝ էլի բավական հանրահայտ է։ Ուստի այս համագումարում մեզ առավել հետաքրքրում էր, թե որ տեսակետներն են գերիշխող ԱԺՄ շարքերում։ Մարդկայնորեն հասկանալի կլիներ, եթե շարքային ԱԺՄ-ականները դժգոհեին, թե գնացել իշխանական կարկանդակից ձեր բաժինն եք ձեռք բերել, իսկ մե՞նք։ Եվ նման հնչերանգներ պարունակող հատուկենտ արտահայտություններ իրոք եղան 40-ից ավելի ելույթներում։ Ասենք, մեկը բողոքեց, թե պատգամավորները 400-500 դոլար աշխատավարձ են ստանում եւ չեն էլ մտահոգվում, որ «մենք մեր աղքատի նպաստն էլ չենք ստանում»։ «Իսկ ո՞վ է ասել, թե պիտի լինենք աղքատների կուսակցություն, որտե՞ղ է գրված,- վրդովվեց Սամվել Մելիքսեթյանը։- 10 տարի էլ սպասենք, դառնանք ծայրահեղ աղքա՞տ»։ «Ի՞նչ եք ուզում, աղբարկղերից հա՞ց հավաքել»,- հարցրեց Գագիկ Հովհաննիսյանը։ Արարատի տարածքային կազմակերպության ղեկավար Ջեմմա Սահակյանը բողոքում էր, թե կուսակցությունը չի կարողանում լուծել իրեն իր նախորդ աշխատանքին վերականգնելու հարցը։ Վազգեն Մանուկյանն իր զեկուցման մեջ նշեց. «Երբ որ երկու հոսանք կա՝ միշտ էլ կգտնվեն մարդիկ, որոնք հետապնդում են անձնական շահեր. մանավանդ եթե իշխանության հետ կապված հարց է»։ Թերեւս այս համատեքստում կարելի է նաեւ ընկալել, որ գործող իշխանական համակարգի դեմ ԱԺՄ-ին ընդդիմություն հռչակող բանաձեւի ընդդիմախոսներից շատերը պետական գույքի կառավարման նախարարության աշխատակիցներ էին։ Առավել հետաքրքիր է, որ ոմանք իրենց կուսակիցների հետ խոսում էին այնպես, ինչպես ժամանակին իշխանություններն ընդդիմադիր ԱԺՄ-ի հետ։ «Շավարշ Քոչարյանին սրտամոտ չէ, որ պետք է գնալ եւ աշխատել եւ աշխատանքով ապացուցել»,- հայտարարեց պետական գույքի կառավարման փոխնախարար Միքայել Մելքումյանը։ Յուրա Հովհաննիսյանը լրացրեց այդ միտքը. «Ընդդիմություն են ուզում դառնալ այն մարդիկ, ովքեր չեն ուզում աշխատել»։ Իսկ Գեւորգ Սանդրյանը նշեց, թե ընդդիմության դաշտում քաղաքական իմիջը պահպանելը շատ հեշտ է. «Բայց փնովելով հարցեր չեն լուծվում։ Գործով է պետք կառուցել այս երկիրը եւ ոչ թե գոռգոռալով… Մարդը խոսելով չի ծնվում, գործողություններ են պետք»։ Նման ելույթները շատ չէին։ Պարզվեց, որ ԱԺՄ շարքերը բավական գաղափարականացված են։ Ու որոշ ելույթներում անգամ դժգոհություն հնչեց, թե կուսակցությունը «վերածվել է աշխատանքի տեղավորման բյուրոյի»։ Այս գնահատականի հեղինակները, մասնավորապես, Մելս Կարապետյանը եւ Մամիկոն Մնոյանն էին։ Վերջինս նաեւ խոստովանեց, որ եթե առաջ որպես ԱԺՄ-ական հպարտ էր քայլում՝ այժմ կուզեկուզ է քայլում։ Վահան Վարդանյանն ամբիոնից հարց ուղղեց. «Մեր խնդիրն ա՞յս էր՝ կուսակցության անդամների համար բարեկեցիկ կյանք ապահովե՞լը»։ «Չէինք սպասում, որ ԱԺՄ-ն էլ հիասթափության հաճույքը կպատճառի իր շարքերին»,- ասաց Հայկարամ Կնյազյանը։ «Մեր խմբակցությունը կորցրել է իր հեղինակությունը,- նշեց Մելս Կարապետյանը, որն արտահայտում էր Արտաշատի տարածքային կազմակերպության տեսակետը։- Սադոյանից բացի՝ մյուսների ով լինելը եթե չիմանայինք, կմտածեինք, թե «Միասնություն» դաշինքից են»։ «6 պատգամավոր ունենք՝ իրար հետ չեն համագործակցում, որ միասնաբար հանդես գան»,- բողոքեց Վիգեն Մարտիրոսյանը։ «2 տարվա ընթացքում մեր խմբակցությունը հօգուտ ժողովրդի ոչ մի օրենսդրական նախաձեռնությամբ հանդես չի եկել»,- սա Մովսես Արիստակեսյանի գնահատականն էր։ Եվս մի մեջբերում Վահան Վարդանյանից. «ԱԺՄ-ն դադարել է դիտարկվել որպես այլընտրանք իշխանություններին»։ Ելույթ ունեցողներից ոմանք խոստովանում էին, թե մասնակցել էին Արկադի Վարդանյանի հանրահավաքին։ Մի քանիսն ԱԺՄ համագումարի ամբիոնից սկսեցին «Օրինաց երկրի» գովքն անել։ Եվ եթե ԱԺՄ գործիչներն են անգամ խոստովանում, որ աննախադեպ ընկել է կուսակցության վարկանիշը եւ հաջորդ ընտրություններին մասնակցելիս մեծ հավակնություններ չպիտի ունենան՝ վերոհիշյալ ելույթներն ապացույց դարձան, որ ԱԺՄ-ն կարող է կորուստի խնդիրներ ունենալ ոչ միայն ընտրողների, այլ իր իսկ շարքերի առումով։ Համագումարին ներկա 126 պատվիրակներից 70-ը իրենց ստորագրությունն էին դրել ԱԺՄ համագումարի որոշման այն նախագծի տակ, որով վերահռչակվում է ընդդիմադիր գործելակերպը։ Սակայն ե՛ւ նոր վարչության, ե՛ւ քաղաքական նոր կուրսի ընտրության հարցերը պարզ կդառնան միայն դեկտեմբերի 16-ին, երբ կշարունակվի համագումարը։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել