Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 02,2000 00:00

Քաղաքական գործիչները վատ դերասան են Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի դերասան Մուրադ Ջանիբեկյանին վերջերս շնորհվել է Արտավազդի անվան մրցանակ։ – Թատերական գործիչների միության նախագահ Երվանդ Ղազանչյանի նախաձեռնությամբ կազմվել էր թատերական մասնագետների յոթ անձից բաղկացած մի խումբ, որոնք պետք է այցելեին բոլոր թատրոնները, դիտեին ներկայացումները։ Այնուհետեւ նրանք փակ քվեարկությամբ որոշելու էին, թե ում շնորհեն մրցանակ։ Մրցանակակիրները հինգ թե վեց հոգի էին։ Սա Հայաստանի ամենամեծ մրցանակն է եւ կոչվում է Արտավազդի անվամբ։ Ինձ շնորհեցին «Հին աստվածներ» ներկայացման մեջ Կույր վանականի դերակատարման համար։ Մեր թատրոնից մրցանակ ստացավ նաեւ գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանը։ – Այսօր քաղաքականությունը ներխուժել է գրեթե բոլոր ոլորտները։ Ինչքանո՞վ են քաղաքականությունն ու արվեստը իրար հետ համադրվում։ – Քաղաքականությունը ես չեմ ընդունում, առավել եւս արվեստի մեջ։ Ինչքան փորձում եմ հասկանալ քաղաքականությունը, այնքան ավելի եմ խուսափում։ Քաղաքականությունն ինձ համար ո՛չ գիտություն է, ո՛չ էլ արվեստ։ Այլ ընդամենը հասկացություն է, որ այսօր ճիշտ է, վաղը՝ սխալ կամ հակառակը։ – Իսկ ի՞նչ կասեք Կարեն Ջանիբեկյանի մասին, որը շատ ակտիվ մասնակցություն ունեցավ վերջերս տեղի ունեցած իրադարձություններում։ – Ոչինչ չեմ կարող ասել, քանի որ յուրաքանչյուր ոք յուրովի է մտածում ու գործում։ Միայն այն կասեմ, որ Կարեն Ջանիբեկյանն իմ լավ գործընկերն է։ (Ոչ մի ազգակցական, բարեկամական կապ չկա նրանց միջեւ, պարզապես ազգանուններն են համընկնում- Ա. Ս.)։ – Քաղաքականությունն ու թատրոնը իրար նման են այնքանով, որ երկու դեպքում էլ երեւում է միայն խաղը։ Ինչպե՞ս է քաղաքականությունն արտահայտվում բեմում։ – Իրոք, այդ առումով նման են։ Պարզապես քաղաքական գործիչների կատարողականությունը շատ վատ է։ Առաջին հայացքից նրանց թվում է, որ երբ «բեմ» են բարձրանում, բոլորը պետք է հիանան իրենցով։ Իրականում դերասանական գործը շատ խոր եւ լուրջ մասնագիտություն է։ Իսկ մեր հանպատրաստի քաղաքագետ-դերասանները դա չեն հասկացել։ – Այսօր գրեթե յուրաքանչյուր ոլորտ հեղափոխություն ապրեց։ Իսկ ե՞րբ է լինելու եւ մշակութային արժեքների վերաիմաստավորում։ – Դժվար է ասել։ Սակայն թատրոնը, արվեստը չի մեռնում, այն պարզապես որոշ ժամանակով կամ «բացակայում» է, կամ էլ՝ «հիվանդանում»։ Երեւի դարաշրջանի որակավորման պատճառով է, որ չգիտենք, թե ինչպիսի ընթացք կկրենք։ – Իսկ ինչպե՞ս կբացատրեիք հեռուստաթատրոնների անկումը։ Ինչո՞ւ այս հեռուստաընկերությունների բազմության մեջ ոչ ոք հեռուստաթատրոն չունի։ – Հեռուստաթատրոնի անկումը կապվում է ֆինանսական վիճակի հետ։ Գումար է պետք՝ դերասաններ, ռեժիսոր հրավիրելու համար։ Այսօր ֆինանսավորվում են միայն հումորները, երգիծական հաղորդումները։ Նրանց համար արվեստը սահմանափակվում է երեւի անգրագետներով։ – Մեր օրերում ռաբիսն ավելի բարձր է գնահատվում, քան դասականը։ Ի՞նչ կասեիք սրա մասին։ – Այսպես բոլոր ժամանակներում էլ եղել է, երբ հեղափոխություն է եղել։ Սա նման է նրան, երբ կեղտոտ ջուրը խառնում ես՝ տիղմը ջրի երես է դուրս գալիս։ Հետո երկար ժամանակ է պահանջվում, որպեսզի այդ ջուրը կրկին մաքրվի։ Մեզ մոտ դեռ ջուրը չի մաքրվել։ Որոշ ժամանակ է պետք, որ կրկին ասպարեզ դուրս գան անհատները։ Չնայած նման հեղափոխությունները երբեք էլ չեն կարողացել խեղճացնել անհատին։ Եթե նա ծնվել է, ուրեմն պիտի ծնվեր։ Եվ եղավ այնպես, ինչպես պիտի լիներ։ Անհատն է պտտեցնում պատմության անիվը։ ԱՆԱՀԻՏ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել