Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 02,2000 00:00

ԿԳՆ-Ի ՀԵՏ ԳՈՐԾ ԲՌՆԵԼԸ ՎՆԱՍԱԿԱՐ Է ՁԵՐ ՓՈՂԵՐԻՆ ԿԳՆ-ն, պետբյուջեից ֆինանսավորման շրջանակներում, մրցույթ էր հայտարարել՝ դպրոցների ջեռուցման նպատակով դիզվառելիք մատակարարելու համար։ Նախարարությունը ստիպված է եղել հրաժարվել «Ֆլեշ» ՍՊԸ-ի առաջարկած շահավետ պայմաններից եւ պայմանագիր է կնքել «Իմպերիալֆուել» ՍՊԸ-ի հետ։ «Ֆլեշ» ՍՊԸ-ի առաջարկած գինը՝ մեկ լիտրի համար 183 դրամ, ամենաէժանն է եղել։ Սակայն, ինչպես տեղեկացանք ԿԳ փոխնախարար Ռոբերտ Զարգարյանից, «Ֆլեշի» ղեկավարությունը պայման է դրել, որ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը գրավոր երաշխավորագիր տա՝ պարտավորվելով ժամանակին վճարել պայմանագրով նախատեսվող գումարները։ Նման հեռատեսությունը հասկանալի է, եթե նկատի ունենանք, որ ԿԳՆ-ի նախորդ տարվա գործընկերը՝ «Հայնավթամթերքը», ըստ փոխնախարարի, կարծես թե պատրաստվում է դատի տալ ԿԳՆ-ին՝ 165 մլն դրամ պարտքը չվճարելու համար։ Ընդ որում՝ «Հայնավթամթերքը» գործարքն իրականացնելու համար վարկ է վերցրած լինում «Հայներարտբանկից» ու տուժում, հարկադրված լինելով տուգանքներ մուծել ուշացման համար, քանի որ ԿԳՆ-ն խոստացած գումարը «Հայնավթամթերքին» չի վճարում։ Վերջինս, ի դեպ, որպես պետական կառույց, հարկադրված է լինում համագործակցել ԿԳՆ-ի հետ՝ ենթարկվելով ՀՀ նախկին վարչապետ Արամ Սարգսյանի հրահանգին։ Վարչապետն էլ ստիպված է լինում նման հրահանգ տալ, այլապես դպրոցների ջեռուցման ծրագիրը ձախողվում էր՝ հայտարարված մրցույթին ոչ մի ընկերություն չէր արձագանքել։ Մրցույթի պայմանները չէին կարող գրավել ոչ ոքի, որովհետեւ կառավարությունը պարտավորվում էր վճարել միայն գործարքի ավարտից հետո, այսինքն՝ երբ դիզվառելիքը հասած կլինի դպրոցներին։ Սակայն այս պարտավորությունն էլ չի կատարվում եւ «Հայնավթամթերքը» 241 մլն դրամից մինչեւ օրս միայն 76 մլն դրամն է ստացել, այն էլ՝ մայիս-հուլիս ամիսներին։ Այսքանից հետո տրամաբանական է, որ գործարարները պիտի երաշխիքներ պահանջեն ֆինանսավորումն ուշացնելու համար պատասխանատու նախարարությունից։ Սակայն էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարությունը հրաժարվել է «Ֆլեշ» ՍՊԸ-ին տալ գրավոր երաշխավորագիր՝ պատճառաբանելով, որ երաշխիքը ԿԳՆ-ի հետ կնքված պայմանագիրն է։ Արդյունքում ԿԳՆ-ն պայմանագիր է կնքել «Իմպերիալֆուել» ՍՊԸ-ի հետ, որը, թեպետ մեկ լիտր դիզվառելիքը առաջարկել է 185 դրամով, սակայն ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունից երաշխավորագիր չի պահանջել։ Եվ շատ իզուր, քանի որ, ինչպես պարզվեց պրն Զարգարյանի հետ մեր զրույցից, կառավարությունն արդեն հասցրել է խախտել իր պարտավորությունները։ Համաձայն պայմանագրի՝ «Իմպերիալֆուելը» պիտի գումարի 25%-ը կանխավճար ստանար։ Պայմանագիրը ստորագրվել է նոյեմբերի 3-ին, սակայն կանխավճարը միայն նոյեմբերի 28-ին են տվել՝ թեեւ այս առնչությամբ անգամ ՀՀ վարչապետի հրամանն է եղել։ Համաձայն հոկտեմբերի 26-ի այդ հրամանի՝ ԿԳՆ-ն պիտի մրցույթով գտներ դիզվառելիքի մատակարարող, իսկ էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարությունը կանխավճարը հատկացներ։ Եվ այս ամենը 7-օրյա ժամկետում, քանի որ կառավարությունը շատ ուշ էր հիշել դպրոցների ջեռուցման անհրաժեշտության մասին։ Ու քանի որ ժամանակը քիչ էր, ԿԳՆ-ն ոչ թե բաց, այլ փակ մրցույթ էր հայտարարել, այսինքն՝ նամակներով դիմել էր դիզվառելիքի մատակարարմամբ զբաղվող 4 ձեռնարկության եւ ստացել մրցույթին մասնակցելու նրանց համաձայնությունն ու առաջարկվող պայմանները։ Սա այս փուլի՝ նոյեմբեր-դեկտեմբեր ամսվա համար։ Մյուս փուլի համար, որն արդեն հաջորդ տարի է ընկնում, Ռոբերտ Զարգարյանի հավաստմամբ՝ կհայտարարվի բաց մրցույթ։ Այսօրվա դրությամբ միայն Սյունի քի եւ Վայոց ձորի մարզերի դպրոցներն են ամբողջությամբ ստացել դիզվառելիքը։ Մինչեւ դեկտեմբերի 5-ը, ըստ փոխնախարարի, բաշխումը նաեւ մյուս մարզերում կավարտվի։ Սա նախատեսված ժամկետից «մի քիչ ուշացած է», սակայն կառավարությունն էլ կանխավճարն էր ուշացրել ու նաեւ այն պատճառով, որ փողը նախ գնում է մարզեր, հետո նոր մարզերը փոխանցում են «Իմպերիալֆուելին»։ Պրն Զարգարյանից նաեւ տեղեկացանք, որ պետբյուջեով ջեռուցման նպատակով հատկացվել էր 240 մլն դրամ, իսկ «Իմպերիալֆուելը» գործը կանի 433 մլն 968 հազար 390 դրամով եւ պետությունը մոտ 7 մլն դրամ կխնայի։ «Առավոտը» հաջորդ շաբաթ կփորձի դպրոցներից պարզել նաեւ, թե յուրաքանչյուր դասասենյակին բաժին հասնող օրական 2 լիտր դիզվառելիքը բավարա՞ր է նորմալ ջերմություն ապահովելու համար: ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել