«Օրվա փողկապն առանց հերոսի» Խմբագրությունը այս օրերին բազմաթիվ նամակներ է ստացել, որոնք, ինչպես խոստացել ենք, պարբերաբար կներկայացնենք։ Մահապարտների «Արծիվ» գումարտակի 10-րդ դասակի մարտիկ Գագիկ Գինոսյանին զայրացրել է այն հանգամանքը, որ Արցախի պատերազմի դափնիները վերագրում են մի քանիսին. «Մեր բանակի հաջողությունները վերագրում ենք միայն Վազգեն Սարգսյանին, Սերժ Սարգսյանին եւ Սամվել Բաբայանին»։ Նրա նամակում հիշատակված են այն նահատակները, որոնք զոհվեցին ռազմի դաշտում, սակայն որոնց չեն կպցրել «ՉՏՌվ» մականունը եւ այնքան էլ հաճախ չեն հիշում՝ Սիմոն Աչիկգյոզյան, Թաթուլ Կրպեյան, Լեոնիդ Ազգալդյան, Մովսես Գորգիսյան, Մոնթե։ «Չմոռանանք եւ ոչ մի նահատակի. նրանք գաղափարի զինվորներ էին եւ ոչ մեր իշխանիկների նման՝ փառատենչության ՉՏՌվ»,- իր նամակում խնդրում է պրն Գինոսյանը։ Ազգայինի թեման իր նամակի մեխն է դարձրել բանասիրության թեկնածու Սիրուշ Բաղդասարյանը։ Ըստ նրա՝ մասնավոր հեռուստաընկերությունները շեշտը դնում են ճղճղոց հիշեցնող տեսահոլովակներ ցուցադրելու եւ ոչ թե ազգային, բովանդակալից երգերի վրա. «Հայ հեռուստադիտողը հոգնել է միայն ճղճղոցներով բնորոշվող, վերջին տողերը տասնյակ անգամ անտեղի կրկնող երգերից եւ այն երգչուհիներից, որոնց բնորոշ կողմը մարմնի անպատեհ մերկության ցուցադրումն ու պորտաբացությունն է»։ Սակայն մեր հեռուստադիտողները դժգոհ են ոչ միայն հայաստանյան, այլեւ ռուսական հեռուստաընկերություններից։ Մասնավորապես, Գայանե Բաղդասարյանը տարակուսած էր HTB -ի «Օրվա հերոսն՝ առանց փողկապի» հաղորդաշարի՝ Ռ. Քոչարյանին նվիրված հաղորդումից։ «Ռուս լրագրողուհու այն հարցին, թե ինչով կցանկանար զբաղվել հրաժարականից հետո, Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց, թե կուզենար, օրինակ, բիզնեսով զբաղվել»։ Նամակագիրն իր տարակուսանքն է հայտնում Քոչարյանի գործարարական ունակությունների հանդեպ եւ նրան խորհուրդ տալիս պաշտոնանկությունից հետո զբաղվել որսորդությամբ՝ «Փողկապով, թե առանց փողկապի՝ ի՞նչ կարեւոր է…»։ Բայց միայն նախագահ Քոչարյանից չէ, որ դժգոհ են քաղաքացիները։ Խմբագրություն են դիմել Արաբկիր համայնքի բնակիչներ Լուսինե Հայրապետյանը, Հովհաննես Շահինյանը, Լարիսա Մկրտչյանը։ Հասկանալի է՝ նամակի ժանրին անդրադառնալու նրանց ստիպել է Արաբկիրի թաղապետ Ֆելիքս Յայլոյանի թաղապետական գործունեության հանդեպ ունեցած դժգոհությունը։ Ըստ նամակագիրների՝ «Համայնքում օր օրի ավելանում են ՀՀՇ-ի նախկին աշխատողները՝ սկսած խորհրդականներից, վերջացրած բաժիններում խցկված կադրերով»։ Իսկ «Յայլոյանի նմանները» որեւէ ձեւով չեն խոչընդոտում, այլ ընդհակառակը՝ քայքայում, փոշիացնում են համայնքը։ Նամակի ավարտին նամակագիրները պահանջում են. «Ժամանակը չէ՞, որ «պարոն» Ֆ. Յայլոյանը սթափվի եւ պատասխան տա այն կուսակցությանը՝ ՀԺԿ-ին, որը այցեքարտ ներկայացրեց ժողովրդին՝ ընտրելու համայնքի թաղապետ, քանի որ իրեն երաշխավորել էին լուսահոգի Կարեն Սերոբի Դեմիրճյանը, Ռ. Միրոյանը եւ կուսակից ընկերները, որոնք գտնվում են խոր հիասթափության մեջ»։ Հիասթափված այս մարդիկ մինչեւ հիմա չեն կարողանում հասկանալ, թե այսքանից հետո ինչպես են Յայլոյանին հանդուրժում իր պաշտոնում։ «Առավոտի» նամակների բաժին