Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 02,2000 00:00

ԱՊՕՐԻՆԻ ԵՐԹՈՒՂԻՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԳՈՐԾԵԼ Մայրաքաղաքի փողոցներով երթեւեկում են ոչ միայն անօրինական միկրոավտոբուսներ, այլ նաեւ գործում են ապօրինի երթուղային գծեր։ Միայն մեր դիտարկումների համաձայն՝ քաղաքում գործում են 2 հատ թիվ 95-ի երթուղային գիծ (օրինական գիծը ձգվում է Էրեբունի զանգվածից մինչեւ Քանաքեռ, ապօրինին՝ Ներքին Չարբախից՝ Հարավ-Արեւմտյան թաղամաս) եւ 2 հատ թիվ 50-ի երթուղային գիծ (օրինական գիծը ձգվում է Ֆուչիկի փողոցից մինչեւ Գարեգին Նժդեհի հրապարակ)։ Ավելին, ապօրինի թիվ 95 երթուղային գիծը կապվում է Կենտրոնական դիսպետչերական ձեռնարկության անօրինականության դեմ պայքարի բաժնի պետի անվան հետ։ Ի դեպ, երբ այս մասին հարցրինք ձեռնարկության տնօրեն Համլետ Հայրապետյանին, նա բացառեց նման գծի առկայությունը։ «95 համարի երթուղին, իրոք, կապում էին այդ բաժնի պետի հետ, նախապես նրան ասվել է այդ մասին, իր առաջին պայքարը եղել է հենց այդ երթուղու դեմ։ Այսօր չկան ապօրինի երթուղիներ, եթե հիմա միասին դուրս գանք, գնանք ցանց, կտեսնենք, որ նման երթուղի չկա»,- նշեց պրն Հայրապետյանը։ Միասին «ցանց դուրս գալու» պրն Հայրապետյանի առաջարկը չընդունեցի, հաջորդ օրն իսկ արդեն ապօրինի 95 համարի երթուղային տաքսիները չկային, ինչի համար խիստ անհանգստացած էին զինվորական հավաքակետի մոտ հավաքված ուղեւորները։ Կենտրոնական դիսպետչերական ձեռնարկություն այցելելու առիթ էր հանդիսացել նաեւ խմբագրություն այցելած նախկին դիսպետչերներ Աշոտ Հակոբյանի եւ Հրաչիկ Նազարյանի բողոքը։ Նրանց պնդմամբ, տնօրենի պաշտոնին անցնելուց հետո Համլետ Հայրապետյանը ոչ միայն իրենց է չհիմնավորված ազատել աշխատանքից, այլ նաեւ՝ մոտ 30 հոգու։ Ընդ որում, Ա. Հակոբյանի եւ Հ. Նազարյանի հավաստմամբ, նոր ղեկավարությունը նախ աշխատակիցներին ազատել է աշխատանքից, հետո ստիպել ազատման դիմում գրել։ Պարոն Հայրապետյանը ժխտեց վերը նշվածները. «Հին ու նորի հասկացություն չկա, կա ընդամենը ձեռնարկության աշխատող (…), խնդրեմ կադրերի բաժնի պետը հին աշխատող է, թող ասի մեր վերաբերմունքը»։ Բնականաբար, բաժնի պետը շտապեց հաստատել շեֆի ասածը։ Այդուհանդերձ, պրն Հայրապետյանի պաշտոնավարման այս 5 ամիսների ընթացքում ազատվել են 37 աշխատակից, որից միայն 3-ն են իր օրոք ընդունվել աշխատանքի։ Արծարծվող հարցերի շուրջ զրուցեցինք նաեւ Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Արամազդ Զաքարյանի հետ։ Նա եւս բացառեց ապօրինի երթուղային գծերի առկայությունը, որովհետեւ «ինքս եմ ստուգել տեղում եւ պարզել, որ ընդամենը մի քանի մեքենաներ են շահագործվում, առանց որեւէ մեկի թույլտվության։ Անմիջապես հանձնարարականը տրվեց եւ աշխատանքները կասեցվեցին»։ Քանի որ լրացել է 1999 թ. նոյեմբերի 18-ին հաստատված երթուղային ցանցի ժամկետը, հետեւաբար եւ մրցույթները որոշ շահածների պայմանագրերի ժամկետները (որի համաձայն վարորդներին տրվում են լիցենզիաներ եւ ներդիրներ պետեկամուտների նախարարությանը տուրքեր վճարելու համար)՝ պրն Զաքարյանից փորձեցինք ճշտել, թե արդյո՞ք դա չի նշանակում, որ վարորդներից գումարները գանձվում են, սակայն բյուջե մուտք չի արվում։ Պրն Զաքարյանը տեղեկացրեց, որ տրանսպորտի վարչության պետի հրահանգով երկարացվել են պայմանագրի ժամկետները եւ պետեկամուտների նախարարությանը գրությամբ տեղեկացրել են դրա մասին։ Մենք, սակայն չհասցրինք պետեկամուտների նախարարությունից ճշտել, թե արդյո՞ք քաղաքապետարանը (ավելին, նրա մի վարչություն) իրավունք ունի հրահանգել նախարարությանը։ Ի դեպ, պրն Զաքարյանը համաձայնեց մեր այն դիտարկման հետ, թե արդեն 2 ամիս է լուծարվել է «Երեւան» սերվիսը, սակայն աշխատակիցները նախկին թափով աշխատում են։ Եվ հարց է մնում, թե ո՞ւր են գնում գանձվող գումարները։ Մեր տեղեկությունների համաձայն, երթուղային նոր ցանցի նախնական տարբերակում 35 երթուղին պետք է կրճատվեր, պրն Զաքարյանից փորձեցինք ճշտել, թե արդյոք այդ մտքից հրաժարվելը չի՞ նշանակում, որ քաղաքապետարանը ի վիճակի չէ պայքարել տանիքների դեմ։ «Բացառվում է, մենք նախնական ցանցի վրա երկար ենք աշխատել, հաշվի ենք առել բացառապես ուղեւորների, բնակչության դիմումները։ Այդ 35-ի հետ կապված մոտեցումը պայմանավորված է Դավիթաշենի կամրջի շահագործմամբ»,- նշեց Արամազդ Զաքարյանը։ ԼՈՒՍԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել