Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԽՏԱՑՐԱԾ ԳԱԶԸ

Դեկտեմբեր 02,2000 00:00
gaz

Որպես կլանային համակարգի խտացրած արտահայտություն

Վերջին մի քանի տարիներին գազի բիզնեսի ոլորտի վերահսկողությունը կլանից կլան, ձեռքից ձեռք է անցնում՝ կախված այն բանից, թե որ կլանի ներկայացուցիչն է ավելի ազդեցիկ՝ քաղաքական իշխանություն ունենալու տեսանկյունից։

Խոսքն այս անգամ ոչ թե բենզինի, այլ խտացված գազի բիզնեսի մասին է, ինչը մասնագետների պնդմամբ բենզինից ոչ պակաս շահութաբեր է։ Գազով աշխատող տրանսպորտային միջոցները, որ աճի միտում ունեն, մեկ ամսվա ընթացքում, ըստ տարբեր հաշվարկների, սպառում են միջինը 1500 տոննա գազ, իսկ հանրապետությունում այդ բիզնեսից ստացվող շահույթը կազմում է մոտ 1,5 մլն դոլար։

Ըստ Հրանտ Բագրատյանի, 1993թ. կառավարության խելացի քայլերից մեկն այն է եղել, որ սոցիալ-տնտեսական ծանր վիճակի եւ բենզինի սղության պայմաններում տրանսպորտի շարժն աշխուժացնելու համար որոշում է կայացրել Հայաստանում գազալցման կայաններ տեղադրել։ Այսօր դրանք 7-8-ն են, որոնցից 3-ը՝ Երեւանում, մյուսները՝ մարզերում։ Ըստ հավաստի տեղեկությունների, Երեւանում գործող բոլոր գազալցման կայանները, որոնք պատկանում են «Ավտոգազ» ՍՊԸ-ին, իրենց գոյության ընթացքում մի քանի «տանիք» են փոխել, ինչպես «հարիր» է շահութաբեր բիզնեսի որեւէ ոլորտին։ Նշենք միայն, որ գազալիցքավորման կայան կառուցելու համար անհրաժեշտ է 1,5 մլն դոլար։

Առաջին կայանը կառուցվել է Ավան-Աբովյան ճանապարհահատվածում՝ բարձր ճնշման գազատարի կիպ հարեւանությամբ։ Տարածքը ժամանակին Կոտայքի շրջանի մաս է կազմել: Կոտայքի շրջգործկոմի այն ժամանակվա նախագահ, իսկ այսօր ԱԺ հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը վերհիշելով անցյալն ասաց. «Գազալցման կայանների անհրաժեշտությունն այն ժամանակ շատ արդիական էր եւ հանրապետության շատ քաղաքներում նման լիցքակայաններ կառուցվեցին՝ մեկն էլ Կոտայքի տարածքում։ Տեղանքի ընտրության համար կառավարության կողմից ստեղծված էր հանձնաժողով։ Գազալիցքավորման կայանի կառուցման համար ինձ դիմել էր «Հայգազարդը»։ Տարածքն ամենաօպտիմալն է եղել եւ հողահատկացումն արվել է»։ Հետո ավելացել են գազալիցքավորման կայաններ Աշտարակ տանող ճանապարհի մոտ ու Ջրվեժում։ Սրանք բոլորը «Ավտոգազ» ՍՊԸ-ին են պատկանում։ Ըստ որոշ տվյալների, արդեն մի քանի տարի այս բիզնեսի «տանիքը», նույնն է, ինչ որ բենզինինը։ Հավաստի աղբյուրներն ասում են, որ ընդհանուր գործից, ի թիվս այլոց, մասնաբաժին ունի մասնավորապես ոմն «Սիրիուսի» Մհեր»։ Մեր աղբյուրները վստահեցնում են, թե «Ավտոգազի» հիշյալ երեք կայանների դեպքում էլ տարիներ շարունակ գործել է գազատարից «վենա մտնելու» կամ «լեւի գծի» մեզ քաջ ծանոթ մեխանիզմը։ Ըստ որոշ տվյալների, միայն Ավանի լիցքակայանում օրական դուրս է բերվում շուրջ 160 հազ.խմ գազ։ 1 կգ գազի գինն այսօր 400-450 դրամ է։ Գազի թույլատրելի կորուստները 2 տոկոս են, բայց արձանագրվում են մոտ 20 տոկոս գերկորուստներ։ Ըստ մեր աղբյուրների, ժամանակին հարկային տեսչությունն այս մասին ահազանգել է դեռ նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, բայց, թերեւս, ապարդյուն։

Մենք դիմեցինք պետեկամուտների նախարարություն, պարզելու, թե պաշտոնական տվյալներով այս ՍՊԸ-ն որքան հարկ է վճարել պետությանը անցած մեկ տարվա ընթացքում։ Նախարար Անդրանիկ Մանուկյանը ճիշտ էր համարել մի քիչ սպասել, մինչեւ հրապարակվի անպարտաճանաչ հարկատուների ցանկը։ Մեզ չհաջողվեց ստանալ անգամ նախորդ տարիների վիճակագրական տվյալները։ «Ավտոգազի» տնօրեն պարոն Սարիբեկյանն էլ մեր հեռախոսազրույցի ժամանակ սկզբից չէր հիշում, թե իրենք Ավան-Աբովյան ճանապարհին կայան ունեն, հետո ասում էր, թե իրենցը չի, բայց, ի վերջո, համաձայնեց հանդիպել։ Հանդիպումը չկայացավ՝ տեղում չէր։ Հստակ է, որ հիշյալ լիցքակայանները, հատկապես 99-ի ամռանը, հարուցել են նախկին վարչապետ Վազգեն Սարգսյանի մտահոգությունը, որը հայտարարել էր, թե անհաշտ պայքար է մղելու հովանավորչության եւ կոռուպցիայի դեմ։ Ըստ մեր տեղեկությունների, նա համապատասխան նախարարների եւ գերատեսչությունների հանձնարարականներ էր տվել ստուգայցեր անել, ճշտել, պարզել, զեկուցել։ Ահազանգերը մասամբ հաստատվել էին, բայց «հետաքննությունն»՝ այդպես էլ անավարտ մնացել։

ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031