Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 02,2000 00:00

ԿԲԱՑՎԻ ԱԺՄ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ Ազգային ժողովրդավարական միության (ԱԺՄ) վաղը կայանալիք համագումարում, ամենայն հավանականությամբ, բուռն քննարկումներ կընթանան հանրապետության գործընթացների վերաբերյալ կուսակցության դիրքորոշման, քաղաքական կուրսի շուրջ: Դեկտեմբերի 1-ին ԱԺՄ վարչության անդամ Արշակ Սադոյանը նշեց, որ կուսակցության ներսում դիրքորոշումների տարբերությունը բավականին հստակ արտահայտվել է մասնավորապես էլեկտրաէներգիայի բաշխիչ ցանցերի սեփականաշնորհման մասին ՀՀ օրենքի ընդունման, ԱԺ նախագահի հրաժարականի հարցերում: «Դիրքորոշումների տարբերությունը հուզում է ԱԺՄ շարքերին, եւ բնական է, որ այդ հարցերը մանրամասն կքննարկվեն համագումարում»,- ասաց Ա.Սադոյանը: Նա ցանկալի համարեց, որ համագումարում ընդունվեն ընթացիկ գործունեության հետ կապված սկզբունքային մոտեցումներ՝ ուղենիշեր, որոնցով «միարժեքորեն որոշվի ԱԺ-ում ԱԺՄ պատգամավորների վարքագիծը. նրանք քվեարկություններում հանդես գան որպես ամբողջություն»: Ի՞նչ դիրքորոշում պետք է ունենա իշխանությունների նկատմամբ ԱԺՄ-ն. արմատակա՞ն, թե՞ կառուցողական ընդդիմություն, թե՞ իշխանամետ: Ըստ Ա.Սադոյանի, իշխանությունների վարած քաղաքականության մեջ դրական որեւէ բեկում չկա. շարունակվում է սոցիալ-տնտեսական ճգնաժամը, եւ ԱԺՄ-ն իր մեջ պետք է կամք գտնի եւ ստիպի, որ արմատական՝ համակարգային փոփոխություններ կատարվեն: Նրա կարծիքով, ընդհանուր առմամբ, կուսակցությունն այս կարծիքին է, «միայն որոշակի անդամներ, այս կամ այն նպատակներից ելնելով, փորձում են կոնկրետ դեպքերում շրջանցել այդ մոտեցումները»: «Ես կարծում եմ, որ համագումարի խնդիրներից մեկը պետք է լինի ընդունել այնպիսի բանաձեւ, որը նման արհեստական շրջանցումների հնարավորությունից զրկի»,- վերջում ասաց Ա.Սադոյանը: ԱՐՄԵՆՊՐԵՍ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել