Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ո՞վ չբացահայտեց հոկտեմբերի 27-ի կազմակերպիչներին

Դեկտեմբեր 02,2000 00:00
dat

Իրավաբանները իրական պատասխանատվությունը վերագրում են օպերատիվ հետախուզական խմբին

«Նախագահ Քոչարյանը զգալով, որ սեւ ամպեր են կուտակվել իր գլխավերեւում ու վտանգը սպառնալիքով կարող է թակել նաեւ անմիջապես իր պալատի դուռը, դիմեց կանխարգելիչ միջոցների՝ իր կարգադրությամբ ստեղծեց օպերատիվ հետախուզական խումբ, որը եւ գործի քննության ընթացքում եւ արդյունքների մասին պարբերաբար զեկուցում էր նախագահին, չնայած տեսականորեն չէր կարելի որպես վարկած բացառել նախագահի կամ նրա շրջապատի առնչակցությունը կատարվածին»,- փաստաբան Աղասի Աթաբեկյանն իր միջնորդության մեջ այսպես է գնահատել 1999-ի նոյեմբերի 4-ին նախագահի կարգադրությամբ օպերատիվ հետախուզական խմբի ստեղծումը, որը գործեց ՆԳՆ քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Հրաչյա Հարությունյանի ղեկավարությամբ։

Փաստաբան Աշոտ Սարգսյանը, որն ասուլիսում ասաց, թե 20 տարվա օպերատիվ աշխատող է եղել, դատարանում պատրաստվում է փակ նիստում թվարկել հոկտեմբերի 27-ի գործով չկատարված բազմաթիվ օպերատիվ գործողությունները։ Նա խոստովանեց, թե վաղուց ցանկանում էր լրագրողների ուշադրությունը հրավիրել մի կարեւոր հանգամանքի վրա, որ քննիչն ընդամենն արձանագրում է այն, «ինչ որ ձեռք է բերվում օպերատիվ աշխատանքով»։ Որպես խոշոր թերություն՝ Աշոտ Սարգսյանը նաեւ մատնանշեց. «Քննչական մեկուսարան օտար մարդիկ են մտել՝ երեւում է քրեական գործից։ Ո՞ւմ թերությունն է դա, քննիչի՞։ Նա չի կարող պահակ կանգնել այնտեղ։ Սա օպերատիվ աշխատողի մեղքն է՝ պետք է արգելվեր դա, թույլ չտրվեր»։ Փաստաբանն այս թերացման հետեւանք որպես մատնանշեց պարտադրված տարատեսակ ցուցմունքները։

Ի հավելումն, մեջբերենք Աղասի Աթաբեկյանի միջնորդությունից եւս մի հատված. «Նախագահի կարգադրությամբ այդ խմբի ստեղծումը մեր կողմից դիտվում է նախաքննության մարմնի նկատմամբ ներգործության, ինչպես նաեւ նրա գործունեությունը խոչընդոտող դրսեւորում»։

Քննչական խմբի ղեկավարի նկատմամբ այս ուղղակի ճնշումը, ըստ փաստաբանի՝ «զրկեց քրեական հետապնդում իրականացնող մարմնին ինքնուրույն գործելուց» եւ բացասաբար ազդելով «իր դրոշմը թողեց գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ հետազոտման համար»։ Իրավաբաններն այսպես են բացատրում, թե ինչու հոկտեմբերի 27-ի գործը հայտնվեց փակուղում։

Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031