Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 02,2000 00:00

«ՎԱՌԻՐ ՔՈ ՄՈՄԸ» ԵՎ «ՋՐԻՐ ՔՈ ԾԱՌԸ» ԱԳՆ մի աշխատակից, որը ծանոթ էր Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակման 1700-ամյակի տոնակատարությունների պետական ծրագրին, իր տպավորությունն այսպես հայտնեց. «Կարդալով այդ ծրագիրը՝ ցանկանում ես հեռանալ Հայաստանից 2000 թ. դեկտեմբերի 31-ին եւ վերադառնալ մեկ տարի անց»։ Բավական խիստ գնահատական է։ Չնայած, իհարկե, այս ծրագրում կան նախատեսված որոշ միջոցառումներ, որոնց կապը Հայաստանում քրիստոնեության ընդունման հետ բավական մշուշոտ ու հեռավոր է թվում։ Ասենք, ի՞նչ կապ ունի 1700-ամյակի հետ սպորտային պարերի բաց առաջնությունը, որ նախատեսվում է անցկացնել մայիսի երկրորդ տասնօրյակում։ Եվ կամ, նույն ժամկետում պիտի անցկացվի «Կինը բնության ամենագեղեցիկ ստեղծագործությունն է» միջոցառումը, որտեղ նախատեսվում է «Հայ կուտյուրեների (պարզվում է, այդպիսիք էլ կան.- Ա. Ի.) կանանց նորաձեւության հավաքածուների ներկայացում՝ լույսի, երաժշտության եւ ծաղիկների ուղեկցությամբ»։ Որքան մեզ հայտնի է, նման ներկայացումները մութ եւ լուռ պայմաններում չեն անցկացվում, ուստի անհասկանալի է, թե ինչու է պետական ծրագրում հատուկ նշվել «… եւ ծաղիկների» ուղեկցության հանգամանքը։ Սակայն հարկ է նախ մեջբերել, թե ինչպես է ծրագրվում նշել «Նոր հազարամյակի եւ քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյա տարելիցի հանդիսավոր դիմավորման արարողությունը»։ Դեկտեմբերի 31-ին նախատեսվում է անցկացնել «Վառիր քո մոմը» անվանյալ միջոցառումը, որի ընթացքում ՀՀ նախագահն ու Գարեգին Բ.-ն պիտի համատեղ մանիֆեստ հռչակեն ուղղված աշխարհի ժողովուրդներին։ Հանրապետության հրապարակում անցկացվելու է տարվա «սիմվոլիկ մոմի վառելու» հանդիսավոր արարողությունը։ Թե մոմի սիմվոլիկը ո՞րն է՝ կազմակերպիչները կիմանան։ Այդ խորհրդանիշը վառելուն զուգահեռ «ամենուրեք միաժամանակ երգում են 1700-ամյակի օրհներգը» եւ «վառվող մոմերով դիմավորում հազարամյակը»՝ «եկեղեցիների զանգերի, ղողանջների եւ հրավառության ուղեկցությամբ»։ 2001-ի հունվարի 5-ին միաժամանակ միացվելու է 1700-ամյակին նվիրված գովազդային վահանակների եւ ճարտարապետական կոթողների գիշերային լուսավորությունը։ «Հեռուստատեսությամբ հեռարձակվում է այդ ակնթարթը,- նշված է պետական ծրագրում։- Կարեւոր հուշարձանների մոտ տեղադրված տեսախցիկների միջոցով այդ ինֆորմացիան հեռարձակվում է Ինտերնետով։ Հնչում են եկեղեցիների զանգերը. քաղաքները լցվում են ազգային երաժշտությամբ»։ Մարտ-ապրիլին նախատեսվում է «Ջրիր քո ծառը» միջոցառումը՝ Երեւան-Էջմիածին մայրուղու երկարությամբ պիտի ծառեր տնկվեն։ Մայիսի երրորդ տասնօրյակում անցկացվելու է Ծաղկի փառատոն, որն, ըստ կազմակերպիչների՝ «հնարավորություն է ծաղկի միջոցով ներկայացնել մարդու կողմից բնության հնարավորությունների եւ բազմազանության ամենատարբեր մեկնաբանությունները»։ Սակայն բուսական աշխարհից անցնենք մարդկանց։ 1700-ամյակի տոնակատարության շրջանակներում բազմաթիվ համերգային փառատոններ են նախատեսված։ Ամեն անգամ մատնանշվում է, որ դրանց մասնակցում են աշխարհի առաջատար համույթներն ու աշխարհահռչակ երգիչները։ Եվ հետեւում են, ասենք, Ալ Կինդի, Շեյխ Խամազ Շակուրայի, Ուսմատ Ալի Ահմեդ Հուսեյնի, Յո-Յո Մայի անունները։ Իրոք, համաշխարհային ճանաչում ունեն Յուրի Բաշմետը, Ջիվան Գասպարյանն ու Պիտեր Գաբրիելը։ Վերջինիս համույթը ելույթ է ունենալու «Հայոց լեռների մեղեդիներ» միջոցառման ընթացքում, որը կազմակերպվելու է հուլիսի առաջին տասնօրյակում։ Ի դեպ, դրանից մեկ ամիս ավելի շուտ անցկացվելու է «Մոլորակն մանկանց» միջոցառումը, որին մասնակցելու են նաեւ Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները՝ իրենց երգերով եւ ազգային ծեսերով։ Պետական ծրագրի մի բաժին մանրամասն նկարագրություն է, թե Ռոբեր Օսեյնը 2000-ին բեմադրել էր «Հարություն» ներկայացումը, որը «փայլուն հաջողություն» է ունեցել, աննկարագրելի ազդեցություն հանդիսատեսի վրա, «մարդիկ դահլիճից հեռացել են հոգեպես փոխված, մեծագույն սիրով դեպի մերձավորը, մխիթարված ու հուսադրված»։ Այս զգայացունց պատմությանը հաջորդում է, որ Ռոբեր Օսեյնը «հաճույքով համաձայնել է թույլատրել» դերասան Վարդան Պետրոսյանին, որ նա էլ Հայաստանում բեմադրի այդ ներկայացումը։ Այլ հետաքրքրական բաներ էլ են նախատեսված։ Ասենք, որ ցուցադրվելու է Այվազովսկու «Քաոս» կտավը՝ «բոլորովին նոր շրջանակով»։ Բայց ամենակարեւորն այն է, որ այս տոնակատարությունները կազմակերպող հանձնաժողովը նախատեսել է, որ մի դեպքում «ներկայացումն ուղեկցվում է լուսային, բնական հնչյունների (՞) եւ պատկերների էֆեկտներով», մյուս դեպքում՝ ղողանջներով ու քաղաքները լցվող երաժշտությամբ, իսկ ընդհանրապես՝ որ այս ամենն անպայման վերածվելու է իսկական տոնակատարության։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել