Լրահոս
Օրվա լրահոսը

… ԵՎ ԱՅԼՆ

Դեկտեմբեր 01,2000 00:00
eduard madatyan

ՏՈՒՆԸ, ՈՐ ԿԱՌՈՒՑԵԼ Է ԷԴՎԱՐԴ ՄԱԴԱԹՅԱՆԸ

Նոր Արեշ եւ Էրեբունի զանգված թաղամասերի «հատման կետում»՝ ճիշտ հանրակացարանների դիմաց, վեր է հառնում ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Էդվարդ Մադաթյանի (Խուճուճ Էդոյի) շքեղ առանձնատունը։ Առանձնատան շինարարությունը սկսվել է մոտ 2 տարի առաջ, սակայն միայն վերջին ամիսներին թափով աշխուժացան աշխատանքները։ Մեզ անհայտ տրամաբանությամբ պարոն Մադաթյանը որոշեց արդեն գոյություն ունեցող քարե պարսպից հետո եւս մեկ քարե պարիսպ կառուցել։ Դրանով իսկ՝ կրկնակի պարսպապատել սեփական առանձնատունը։ Ասենք, որ այս թաղամասի միակ «տեսարժան վայրը» սա է. Էդվարդ Մադաթյանին դրկից հարեւանություն է անում (ի դեպ, ոչ պակաս շքեղ առանձնատնով ու ռեստորանով) ՀՀ Ազգային ժողովի նորընտիր պատգամավոր Գեւորգ Հակոբյանը (Կոմբիկորմի Վլադը)։ Թերեւս, սա է պատճառը, որ բոլորովին վերջերս ասֆալտապատվեց բացառապես այս փողոցը։ Թաղամասի մնացած ողջ հատվածում ոչ միայն ասֆալտապատ փողոց չեք գտնի, այլ անգամ կիսաքանդ, քանի որ բոլոր փողոցները հիմնովին քանդված են։ Ու իմիջիայլոց այդ փաստը խանգարում է տրանսպորտի անվտանգ երթեւեկությանը։ Բայց տրանսպորտի նախարարի համար դա հոգ չէ. իր փոխադրամիջոցի երթեւեկության, ինչպես եւ՝ առանձնատան, անվտանգությունը ապահոված է։

Սեփ. լր.

Ինչո՞ւ են ուսանողները հեռանում Ավանդական բժշկության ինստիտուտից

Avandakan bjshkakan hamalsaran

Երեւանի «Հայբուսակ» ինստիտուտ տեղափոխված մի խումբ ուսանողներ (ի դեպ, անցյալ ուսումնական տարում Ավանդական բժշկության ինստիտուտից «Հայբուսակ» է տեղափոխվել 5-րդ կուրսի մի ամբողջ խումբ) ինձ հետ զրույցի ժամանակ ասացին, որ իրենց տեղափոխման պատճառը հիմնականում այն է, որ «Ավանդական բժշկության ինստիտուտում քննություններից անբավարար ստանալու դեպքում իրավունք ունեն վերաքննության մասնակցել միայն սահմանված գումարը մուծելուց հետո։ Քննությունը նորից չստանալու դեպքում թույլատրվում է հաջորդ անգամ մասնակցել քննության՝ նորից որոշակի գումար մուծելուց հետո (արդեն նախորդից ավելի շատ)»։ Իսկ գուցե դասախոսները ղեկավարներից կարգադրությո՞ւն ունեն՝ ուսանողին քննությունից կտրելու, մանավանդ որ դրամագանձումը կատարվում է օրենքի սահմաններում (ըստ բուհի կանոնակարգի)։ Ուսանողները միաժամանակ պնդում էին, որ բուհի հետ պայմանագիր են կնքել ստիպողաբար. «Միեւնույն է, պետք է ստորագրեք»,- ասել են բուհի ղեկավարները։ Լսելով մի կողմի տեսակետը՝ դիմեցինք նաեւ մյուս կողմին։ Ավանդական բժշկության ինստիտուտի ռեկտոր Նորիկ Սարիբեկյանը հաստատեց այն փաստը, որ, «ըստ ուսանողի հետ կնքված պայմանագրի, վերաքննության մասնակցելու համար իսկապես պետք է վճարվի որոշակի գումար։ Սակայն, ելնելով այսօրվա սոցիալ-տնտեսական վիճակից, ինստիտուտն ընդառաջում է ուսանողներին՝ զեղչելով այդ գումարը»։

Ըստ ռեկտորի. «Պայմանագրի այդ կետը մտցվել է ոչ թե ինստիտուտի բյուջեն լցնելու, այլ ուսանողի մակարդակը բարձրացնելու համար»։ Պրն Սարիբեկյանը միաժամանակ նշեց. «Ուսանողները տեղափոխվել են ինչ-որ միջնորդ մարդկանց միջոցով»։ (Ի դեպ, այս տեսակետը կտրականապես չէին ընդունում ուսանողները)։ Ինչ վերաբերում է պայմանագիրը ստիպողաբար ստորագրելուն, ապա ռեկտորը կտրականապես մերժեց նման բանի գոյությունը։ Ըստ մեր տեղեկությունների, բուհից տեղափոխվելու կամ դուրս գալու դեպքում հաջորդ ուսումնական տարվա վարձն է պահանջում «Հրաչյա Աճառյան» համալսարանը։ «Համալսարանը չի պահանջում ոչ միայն հաջորդ, այլեւ ընթացիկ տարվա վարձը, եթե ուսանողը տեղափոխվում է ուսումնական տարվա կեսից (այս դեպքում վճարում է միայն մի մասը)»,- ի պատասխան ասաց ռեկտորատների խորհրդի նախագահ, «Հրաչյա Աճառյան» համալսարանի ռեկտոր Ավագ Խաչատրյանը։

Մասնավոր ուսումնական հաստատությունների ասոցիացիայի նախագահ, «Հայբուսակ» ինստիտուտի ռեկտոր Անահիտ Հարությունյանն այս առնչությամբ ասաց. «Ես կտրականապես դեմ եմ ուսանողի իրավունքները խոչընդոտելուն, նրա կարծիքը հաշվի չառնելուն եւ առավել եւս այնպիսի հարցում, ինչպիսին բուհից բուհ տեղափոխվելն է»։

ԱՆԱՀԻՏ ՄՈՒՇԵՂՅԱՆ

ԻՍԿ ԳՐՈՂՆԵՐԸ ԹԵՐԹ ԿԱՐԴՈՒՄ ԵՆ

zang

Վանաձորցի մի «բարեկիրթ» բանաստեղծ, որը ՀԳՄ անդամ չի համարվում, սակայն հավակնում է ՀԳՄ Լոռու բաժանմունքի պատասխանատու քարտուղարի «աթոռին», «հաշիվ պահանջեց»՝ «Առավոտի»՝ 6.10.2000 թվականի «Էլ ինչ գրողներ, որ իրար միս չուտեն» հրապարակման համար եւ սպառնաց, թե «հանկարծ ՀԳՄ Լոռու բաժանմունքի գրողների մասին սուտ ու մուտ բաներ գրես՝ վերջը վատ կլինի»։

Ըստ երեւույթին, «սուտ ու մուտ» բաներ ասելով նկատի էր առնվում ճշմարտությունը ջրի երես հանելը։ Հետաքրքիր հանգամանք է այն, որ վերջինս մի առիթով ասել էր, թե թերթ չի կարդում, բայց հիշյալ հրապարակումը, փաստորեն, բավականին ուշացումով կարդացել էր (հավանաբար այն վերջինիս մատուցել էին թերթերին ընդհանրապես մոտ կանգնած աղբյուրները՝ «դարդիման» ընկերները)։

Հակված ենք կարծելու, թե վերոհիշյալ բանաստեղծի զայրույթի բուն պատճառն այն է, որ չենք կիսել նրա «գրական հայացքները» եւ բանաստեղծական միակ բրոշյուրի մասին կարծիք էինք հայտնել, թե գրքի ամենամեծ առավելությունը հեղինակի «ջահել վախտվա» լուսանկարն է։

Գ. Հ.

ՉԵՄ ԳՈՂԱՑԵԼ, ՉԵՄ ՎԱՃԱՌԵԼ

Narek sargsyan

Երեւանի քաղաքապետարանի քաղաքաշինական խորհրդի հինգշաբթի օրերին տեղի ունեցող երեկվա նիստում Երեւանի գլխավոր ճարտարապետ, փոխքաղաքապետ Նարեկ Սարգսյանը հաշվետվություն ներկայացրեց պաշտոնավարության մեկ տարվա ընթացքում իրականացրած ծրագրերի շուրջ։ Խոսվեց ծրագրերի եւ իրականացված, լուծված խնդիրների շուրջ, քննարկվեցին քաղաքաշինական խորհրդի գործունեությունը, քաղաքում տեղի ունեցող կոնկրետ կառուցապատումները եւ այլ հարցեր։

Ն. Սարգսյանը հաշվետվության վերջում նշեց, որ այս մեկ տարվա ընթացքում աշխատել է մեկ սկզբունքով՝ անձնվիրությամբ. «… Չեմ գողացել, չեմ վաճառել»։ Եվ գլխավոր ճարտարապետը նաեւ դիմեց քաղաքաշինական խորհրդին ներկա մոտ 30 ճարտարապետներին, որ եթե խորհրդի անդամները գլխավոր ճարտարապետի ծրագրերը չեն պաշտպանում եւ սխալ են, ուրեմն ինքը սխալ ճանապարհով է աշխատում եւ կարող է հրաժարվել իրեն վստահված աշխատանքից։ Հիմնականում ընդունեցին գլխավոր ճարտարապետի ընձեռած ծրագիրը, քայլերը, եւ մինչ օրս արված գործունեությունը։

Բուռն քննարկում ծավալվեց հատկապես «Հաղթանակ» զբոսայգում կառուցվելիք հյուրանոցի շուրջ, որին մասնավորապես դեմ էր ճարտարապետների միության նախագահ Ա. Զուրաբյանը։ Գլխավոր ճարտարապետը քննարկումների ընթացքում ստիպված էր նախկինում արված կառուցապատումների մասին հնչող մեղադրականներին ի պատասխան կրկնել. «Ես չէի կարող այն ժամանակ ֆակուլտետի դեկան լինելով՝ պատասխանատու լինել դրանց համար»։

Նիստում արծարծված բազում հարցերը կներկայացնենք մեր թերթի վաղվա համարում։

Ս. ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031