Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 01,2000 00:00

ԱՐՏԱՇԵՍ ՄԻՆԱՍՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՊԱՅՔԱՐԸ Մեր թերթի ընթերցողներից ներողություն եմ խնդրում երեկվա համարում տպագրված սխալ ինֆորմացիայի համար, թե Արտաշես Մինասյանը պարտվել է։ Դա տեղի էր ունեցել ինտերնետից վերցված թերի լրատվության հետեւանքով։ Աշխարհի առաջնության անցկացման մրցակարգն այնքան խրթին է, որ ինտերնետի տվյալներից օգտվելիս սխալ եզրակացության էի եկել։ Ֆիլիպինցի Վիլամայորի հետ մեկնարկային երկու հանդիպումները ոչ172ոքի ավարտվելուց հետո նրանց միջեւ նշանակվել էր երկու 25 րոպեանոց պարտիա։ Առաջինում հայ գրոսմայստերը պարտություն էր կրել (ահա այստեղ է եղել մեր շփոթմունքը, երբ կարծել ենք, թե դրանով ավարտվել է ամեն բան)։ Սակայն Արտաշեսը երկրորդում նախ հավասարեցրել է հաշիվը, ապա եւս երկու անգամ հաղթել է ֆիլիպինցուն՝ 15 րոպեանոց երկու պարտիաներում, եւ դուրս եկել երկրորդ փուլ։ Սրտանց շնորհավորում ենք հայ շախմատիստին։ Այն բանից հետո, երբ ավարտվեցին առաջին փուլի բոլոր լրացուցիչ պարտիաները, վիճակահանությամբ պարզվեց, որ երկրորդ փուլում պայքարի մեջ ներգրավված Վլադիմիր Հակոբյանը եւ Սմբատ Լպուտյանը պայքարն սկսելու են սպիտակ ֆիգուրներով, իսկ Ռաֆայել Վահանյանը եւ Արտաշես Մինասյանը՝ սեւերով։ Ընդ որում, ինչպես տեղեկացնում են լրատվամիջոցները, առաջին փուլում հանդես եկած մեր երեք գրոսմայստերների հավանական մրցակիցները հայտնի էին նախապես, իսկ ահա Հակոբյանինը պարզ դարձավ միայն լրացուցիչ մրցամարտերն ավարտելուց հետո։ Երկրորդ շրջանը Ռաֆայել Վահանյանն սկսեց պարտությունով։ Նա տանուլ տվեց ռուսաստանցի հանրահայտ գրոսմայստեր Եվգենի Բարեեւին։ Սմբատ Լպուտյանը հաղթանակի հասավ նույնպես ռուսաստանցի Սերգեյ Ռուբլյովսկու նկատմամբ, իսկ Արտաշես Մինասյանը ոչ172ոքի խաղաց Միխայիլ Գուրեւիչի (Բելգիա) հետ։ Հայ շախմատասերներին առանձնապես հետաքրքրում է, թե ինչպես իրեն կդրսեւորի աշխարհի փոխչեմպիոն Վլադիմիր Հակոբյանը, որը կիսատ է թողել տեսողությունը բուժելը եւ հատուկ ակնոցներով է ժամանել Դելի։ Բացի դա, հայտնի է, որ Վլադիմիրը բավականին երկար ժամանակ շախմատ չի խաղացել, համենայնդեպս, մրցաշարերում, եւ սովորաբար իր իսկական մարզավիճակը ձեռք է բերում դանդաղ։ Այնպես որ, Բելառուսի ներկայացուցիչ Ալեքսեյ Ալեքսանդրովի հետ Դելիում խաղացած մեկնարկային պարտիայում միավորը բաժանելը միանգամայն բավարար ցուցանիշ կարելի է համարել։ Աշխարհի առաջնության մրցապայքարի մեջ ներգրավվեց նաեւ Չեխիայի դրոշի ներքո հանդես եկող Սերգեյ Մովսիսյանը, որը նույնպես առաջին տուրում հանգստացող 28 շախմատիստների մեջ էր։ Մեր հայրենակիցն իր անդրանիկ պարտիան շահեց մոլդավացի Վիորե Իորդանեսկուից։ Երկրորդ տուրում պայքարը շարունակելու իրավունք նվաճել է 64 շախմատիստ, որոնք մինչեւ կիսաեզրափակիչ հասնելը յուրաքանչյուր տուրում անցկացնելու են երկուական հանդիպում։ Հավասարության դեպքում, հաղթողին որոշելու համար, նախատեսված են երկուական արագ, անհրաժեշտություն առաջանալիս՝ նաեւ կայծակնային պարտիաներ։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել