Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 01,2000 00:00

Բուհերն իրարից ուսանող են խլում Երբ հուլիսից իր գործունեությունը սկսեց Լիցենզավորման եւ հավատարմագրման ծառայությունը, Հայաստանն ուներ գրանցված 85 մասնավոր բուհ, որից 55-ի լիցենզիայի ժամկետը ավարտվել էր։ Վերջիներս, նաեւ 10 նորաստեղծ բուհ, դիմել էին ծառայությանը՝ լիցենզիա ստանալու համար։ Այսօրվա դրությամբ այդ 55-ից 23-ը վերալիցենզավորվել է, իսկ 12-ը զրկվել լիցենզիայից։ Լիցենզավորման եւ հավատարմագրման ծառայության պետ Ռոբերտ Գաբրիելյանը վստահ է, որ մինչեւ տարվա վերջ վերալիցենզավորված բուհերի թիվը կավելանա 20-ով։ Ի դեպ, փակված 12 բուհերից 5-ը Երեւանից են, 7-ը՝ մարզերից։ Լիցենզիա ստանալու «շանս» չունեցող որոշ բուհեր միավորվում են, որպեսզի դասախոսների կազմով, ուսանողների թվով եւ այլ հարմարություններով համապատասխանեն պահանջվող չափանիշներին եւ ստանան ցանկալի լիցենզիան։ Պարոն Գաբրիելյանը տեղեկացրեց, որ իրենց ծառայությունը նույնիսկ օգնում է բուհերին՝ գտնել միավորման համար հարմար գործընկեր։ Ըստ մեր ունեցած տեղեկությունների, այն բուհերը, որոնք ընդհանրապես զրկվում են գործունեության իրավունքից, փորձում են քիչ թե շատ օգուտ քաղել ստեղծված վիճակից՝ զբաղվելով «ուսանողների վաճառքով»։ Խմբագրությանը պարբերաբար ահազանգում են, որ փակված բուհերը հրաժարվում են ուսանողներին տալ անհրաժեշտ փաստաթղթերը, եթե նրանք չեն պարտավորվում ուսումը շարունակել այն բուհում, որ բուհի ղեկավարներն են մատնանշում։ Միավորված բուհերը եւս իրենց ուսանողներից զրկվել չեն ուզում։ Ու ընդհանրապես, ոչ մի մասնավոր բուհ էլ ինքնակամ չի բաժանվում իր եկամտի աղբյուրից՝ ուսանողից։ Իսկ բուհից բուհ տեղափոխությունները վերջին շրջանում ակտիվացել են, քանի որ ուսանողները ձգտում են տեղափոխվել այն բուհ, որի հավատարմագրման հավանականությունն ավելի մեծ է։ Ռոբերտ Գաբրիելյանը տեղեկացրեց, որ ոչ մի բուհ իրավունք չունի ստիպել ուսանողին մնալ ոչ իր ցանկացած բուհում։ Դա հակասում է մարդու իրավունքներին։ Այնպես որ, բուհերը չպետք է արգելքներ ստեղծեն այն ուսանողների առջեւ, ովքեր ցանկանում են այլ բուհ տեղափոխվել։ Ծառայության պետը եւս ընդունեց, որ ուսանողներին բռնի պահելու դեպքեր կան, քանի որ ուսանողները նաեւ իրենց են դիմում բողոքով։ Բոլոր այդ դեպքերում ծառայությունն աշխատում է իր ունեցած լծակներով օգնել ուսանողներին։ Հիշեցնենք, որ Ավանդական բժշկության ինստիտուտը հրաժարվում է իրենից հեռացող ուսանողներին տալ անհրաժեշտ փաստաթղթերը (ակադեմիական տեղեկանք, ավարտական վկայական եւ այլն)՝ մինչեւ չեն վճարում նաեւ հաջորդ տարվա վարձը։ Այդպես նախատեսված է պայմանագրով։ Այդ պահանջը շատ զարմացրեց նաեւ Ռոբերտ Գաբրիելյանին, ըստ որի՝ նման պահանջն աբսուրդ է. եթե անգամ իրավական առումով դատապարտելի չէ, բարոյական տեսակետից մերժելի է։ Ի դեպ, այս մասին պատմող «Առավոտի» հրապարակումից հետո Լիցենզավորման եւ հավատարմագրման ծառայությունը ստուգումներ էր սկսել Ավանդական բժշկության եւ Հայկական բժշկական ինստիտուտներում։ Վերջինում սովորելու էին տեղափոխվել Ավանդական բժշկության ինստիտուտի ուսանողները, ըստ որում՝ առանց փաստաթղթերի, քանի որ Ավանդական բժշկության ինստիտուտի ռեկտորը հրաժարվել էր դրանք վերադարձնել։ Իսկ հիմա էլ բողոքում է, որ Հայկական բժշկական ինստիտուտը անօրինական է այդ ուսանողներին ընդունել։ Հայկական բժշկական ինստիտուտն էլ պնդում է, որ այդ ուսանողներին ընդունել է պայմանականորեն, մինչեւ նախորդ բուհից ստանան իրենց փաստաթղթերը։ Այս հարցը դեռ իր վերջնական լուծումը չի ստացել։ Սակայն Ռոբերտ Գաբրիելյանը տեղեկացրեց, որ իրենք մշակել են բուհից բուհ տեղափոխությունների մի կարգ։ Եվ յուրաքանչյուր բուհ, որ լիցենզավորման հայտ է ներկայացնում, իր փաստաթղթերում նաեւ նման կարգ պիտի ունենա։ Այս կարգը քիչ թե շատ կկարգավորի բուհից բուհ տեղափոխությունների հարցը։ Մնացյալ դեպքում ուսանողներն ու բուհը դատական կարգով պիտի լուծեն վիճահարույց հարցերը։ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել