Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 01,2000 00:00

ԽՈՒԶԱՐԿՎԵԼ ԿԱՐՈՂ ԷՐ ՄԻԱՅՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՄԱՄԲ Ցվետանա Պասկալեւայի բնակարանը անձեռնմխելի չէ Ճանաչված լրագրող Ցվետանա Պասկալեւային վերջին անգամ հանդիպել եմ ԼՂՀ գերագույն դատարանում, նոյեմբերի 4-ին, «Սամվել Բաբայան եւ մյուսներ» քրեական գործի դատաքննության ժամանակ։ Այդ օրն էլ տեղեկացել էի, որ նա դիմել է ԼՂՀ ներքին գործերի նախարար Բ. Սահակյանին՝ իր բնակարանի նկատմամբ կատարված ոտնձգության կապակցությամբ։ «Առավոտը» բավարարվեց միայն լուրը հրապարակելով, ակնկալելով, որ ԼՂՀ ՆԳ նախարարը կարձագանքի Ց. Պասկալեւայի դիմումին եւ լրացուցիչ կտեղեկացնենք այդ մասին մեր ընթերցողներին։ Սակայն որեւէ գրավոր պատասխան մինչեւ օրս չի ուղարկվել լրագրողին։ «1994թ. սկսած, օրենքով սահմանված կարգով զբաղեցրել եմ Ստեփանակերտի Տիմիրյազեւի փողոցի 3-րդ շենքի 2 սենյականոց բնակարանը։ Ս.թ. մայիսի 7-ին, Ստեփանակերտից իմ բացակայության ընթացքում, առանց իմ գիտության, ինչ-որ մարդիկ մուտք են գործել իմ բնակարանը, կատարել են խուզարկություն, խառնել են իմ իրերը, փոխել են դռան փականը»,- այսպես էր սկսվում Ցվետանայի դիմումը։ Հիշեցնենք, որ ամբողջ աշխարհում բնակարանի անձեռնմխելիությունը կարեւորագույն իրավական սկզբունքն է, որն ամրագրված է ցանկացած երկրի սահմանադրությամբ:8221Նշենք նաեւ, որ ԼՂՀ օրենքներով բնակարանը կարող է խուզարկվել միայն դատարանի որոշմամբ։ Ցվետանային «մեծահոգաբար» թողել էին դռան փոխված փականի բանալիներից մեկը եւ հեռակա հայտնել, որ նա կարող է «օգտվել սեփական բնակարանից»։ Սակայն, այս տարվա սեպտեմբերի 27-ին, ՊՆ շտաբից Ց. Պասկալեւային են փոխանցում պաշտպանության նախարար Ս. Օհանյանի կարգադրությունը, որով, փաստորեն, Ցվետանան պետք է ազատի նշված բնակարանը։ Լրագրողն իր դիմումի մեջ հայտնել էր, որ բնակարանն ազատելու ու գույքը դուրս բերելու ժամանակ այնտեղից բացակայել են ոսկյա եւ արծաթյա շղթաներ, նույնիսկ… կոշիկները։ «Ես Արցախի իմիջը շատ ավելի եմ արժեւորում, քան նյութական արժեքների կորուստը։ Անձամբ ինձ համար շատ ավելի թանկ է արցախցիների ջերմ վերաբերմունքը, որը որեւէ չինովնիկական հրամանագրով չի վավերացվում։ Բայց վրդովված եմ,- ասում էր Ցվետանան,- քանի որ կար ավելի քաղաքակիրթ եղանակ բնակարանը ազատելու եւ ոչ այն, ինչ նախընտրեցին արցախցի իշխանավորները»։ Ցվետանան գտնում է, որ ԼՂՀ իշխանությունների կողմից խախտվել է «Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի 17-րդ հոդվածը, ըստ որի, սահմանված էին բնակարանային անձեռնմխելիության մասին իր իրավունքները։ «Առավոտի» տեղեկություններով՝ չկատարվեց նույնիսկ քննություն եւ, ըստ էության, ոչ ոք կատարվածի համար պատասխանատվության չի ենթարկվել։ Եթե այսպես են վարվել օտարերկրյա քաղաքացու նկատմամբ, ապա կարելի է պատկերացնել, թե ինչ կարող է լինել ԼՂՀ քաղաքացու հետ: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել