Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 01,2000 00:00

Բանկերի սնանկացման վտանգ չկա Պնդում են պաշտոնյաներն ու փորձագետները Արդեն մի քանի օր է, լուրեր են պտտվում որոշ բանկերի սնանկացման մասին։ Շրջանառվող լուրերի համաձայն, իբր, հանրապետության 10 առեւտրային բանկեր որոշակի դժվարություններ ունեն եւ դրանցից հինգն էլ սնանկացման եզրին են։ Այս ընթացքում հնչեցին նույնիսկ կոնկրետ բանկերի անուններ՝ հեղինակավոր բանկերից մինչեւ փոքր բանկեր, որոնց անունները, հավատարիմ մնալով բանկային գաղտնիքի սկզբունքին՝ չենք հրապարակում։ Խոսակցություններն այն աստիճան թեժացան, որ անգամ նշվեց, թե վտանգ կա բանկային համակարգում ընդհանրապես։ Անշուշտ այս խոսակցությունները կարող են անհանգստություն առաջացնել հատկապես ավանդատուների շրջանում։ Հարցը պարզաբանելու նպատակով դիմեցինք ՀՀ ԿԲ տեղեկատվական կենտրոն։ Նրանց հաղորդագրության համաձայն, ներկայումս ՀՀ տարածքում գործող բանկերից «Շիրակ ինվեստի», «Միավորված բանկի» նկատմամբ դատարանի համապատասխան վճիռներով հաստատվել է խնամակալություն։ Այս մասին «Բանկերի սնանկացման մասին» ՀՀ օրենքի համաձայն հրապարակվել է պաշտոնական մամուլում։ Իսկ «Բանկային գատնիքի մասին» ՀՀ օրենքի համաձայն բանկերի նկատմամբ սնանկացման գործընթաց սկսելու վերաբերյալ ԿԲ-ն հրապարակում իրականացնելու իրավունք չունի։ Այնուամենայնիվ, ԿԲ տեղեկատվական կենտրոնին խնդրեցինք մեկնաբանել, թե նման երեւույթը ինչով կարող է պայմանավորված լինել։ Մեզ տեղեկացրին, որ 2000թ. որոշ բանկեր աշխատել են վնասով։ Սա ԿԲ-ն նախ եւ առաջ պայմանավորում է ոչ արդյունավետ կառավարմամբ, այսինքն, առեւտրային բանկերի վատ մենեջմենթով։ «Վնասաբեր գործունեությունը բանկերի կողմից չհիմնավորված ռիսկային քաղաքականության վարման արդյունք է։ Կարող ենք արձանագրել, որ առավել հաճախ շահույթի մակարդակի վրա իր բացասական ազդեցությունն է ունեցել վարկային պորտֆելի որակական ցածր մակարդակը, որի գծով բանկը, համաձայն գործող կարգի, ստիպված է լրացուցիչ ծախսեր իրականացնել։ Բանկերի շահութաբերության անկման պատճառ է հանդիսացել ինչպես վարկային, այնպես էլ արտարժութային եւ տոկոսային ռիսկերի ոչ արդյունավետ կառավարումը»,- ասված է տեղեկագրում։ Այնուհետեւ ԿԲ տեղեկատվական կենտրոնը վստահեցնում է, որ պրոբլեմատիկ բանկերը գտնվում են բանկային վերահսկողների մշտական ուշադրության կենտրոնում։ Անկախ փորձագետներից մեկի կարծիքով, տարեվերջին ԿԲ-ն նախապատրաստում է նորմատիվային փոփոխություններ իրականացնել, ուստիեւ նման երեւույթները կարող են պայմանավորված լինել վերը նշվածով։ Ի պատասխան այս հարցի, ԿԲ-ից նշեցին, որ բանկերի համար նախկինում սահմանված հիմնական տնտեսական նորմատիվների դաշտում տարեվերջին նոր փոփոխություններ չեն նախատեսվում։ Այս հարցի առնչությամբ զրուցեցինք նաեւ «ՍեդՄարՍեդ» ընկերության «SM-Ratings» ծառայության ղեկավար Տիգրան Ջրբաշյանի հետ։ Նա վստահեցրեց, թե բանկային համակարգում ներկայումս վտանգ չկա։ Նրա կարծիքով, ցուցանիշներն այնպիսին են, որ որեւէ լուրջ փոփոխություն բանկային համակարգում չի կարող լինել։ «Միաժամանակ շատ լավ հասկանում եմ, որ գոյացող լուրերը ավելի շատ պայմանավորված են մրցակից պայքարի արդյունքով, բայց հիմնվել այդ լուրերի վրա՝ չի կարելի։ Մենք վերլուծում ենք բանկերի ներկայացրած հաշվետվությունները։ Ըստ այդմ, բանկերի մոտ բավականին կայուն իրավիճակ է։ Ընդհանրապես, որպեսզի Հայաստանում 5 բանկ միանգամից սնանկանա, պետք է լինի շատ լուրջ տնտեսական, դրամավարկային փոփոխություն»,- նշեց պրն Ջրբաշյանը։ Նրա կարծիքով, ԿԲ-ն կգնա նորմատիվային փոփոխությունների՝ բանկային կապիտալի մեծացման։ Արդյունքում էլ մեծ բանկերը կկլանեն փոքրերին եւ մի շարք բանկեր կմիավորվեն։ Այդ պրոցեսը, պրն Ջրբաշյանի կարծիքով, կընթանա առանց ցավոտ միջադեպերի։ Այնուամենայնիվ, անհայտ է մնում, թե ում է ձեռնտու սնանկացվող բանկերի վերաբերյալ լուրերի տարածումը։ ԼՈՒՍԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել