Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 01,2000 00:00

ՈՒՆԵ՞ՆՔ ՄԵՌՆԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ Երեքշաբթի օրը Հոլանդիայի օրենսդիրներն ընդունեցին օրենք, որով թույլատրվում է էվտանազիան՝ ինքնասպանությունը՝ բժիշկների օգնությամբ։ Ինչ են այդ խնդրի մասին մտածում Հայաստանում: Թվում է, թե էվտանազիան նույն հարթության մեջ է գտնվում աբորտների եւ մահապատիժների հետ, քանզի այս երեք երեւույթներն էլ առնչվում են կյանքի ու մահվան հիմնախնդրին եւ երեք դեպքում էլ «այո» ասելիս մարդը դեմ է գնում «Աստված է կյանք տալիս եւ միայն նա իրավունք ունի այն խլել» ընդհանուր առմամբ ընդունելի սկզբունքին։ Բայց արի ու տես, որ Հայաստանում, որտեղ աբորտը քրեորեն պատժելի չէ, իսկ մահապատիժը դեռեւս հանված չէ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված պատժացուցակից, եւ դեռ ավելին՝ ինքնասպանների թիվը, եթե նույնիսկ տարեցտարի չի ավելանում, հաստատ՝ չի էլ նվազում, էվտանազիան ընկալվում է բացասաբար։ ՀՀ առողջապահության նախարար Արարատ Մկրտչյանը միանշանակ դեմ էր. «Իմ կարծիքը բացասական է, քանի որ դա ե՛ւ մասնագիտական, ե՛ւ հոգեբանական, ե՛ւ սոցիալական, ե՛ւ զգացմունքային խնդիր է։ Մասնագիտորեն էլ, եթե դիտարկենք, դժվար է, ի վերջո, որոշում կայացնել՝ արդյո՞ք, իրոք, բոլոր միջոցները սպառվել են՝ մարդու կյանքը քիչ թե շատ երկարաձգելու եւ ծանր վիճակից դուրս բերելու։ Մարդու օրգանիզմը շատ բարդ կառուցվածք ունի, առ այսօր մինչեւ վերջ ուսումնասիրված չէ եւ շատ դեպքերում ոչ ոք չի կարող ասել, թե ի՞նչ կպատահի հետո։ Անվիճելի է, եւ շատ են դեպքերը, երբ հրաշք է տեղի ունենում, եւ մարդը, որ, թվում էր, թե այլեւս ոչ մի շանս չունի ապրելու, հանկարծակի ապաքինվում է, ոտքի է ելնում։ Ահա այսպիսի դեպքեր լինում են, եւ թեկուզ միայն այդ պատճառով ոչ ոք ապահովագրված չէ սխալից։ Ինչպե՞ս կարելի է նման որոշում կայացնել։ Հնարավոր է, չէ՞, որ այդ հանձնաժողովը, թեկուզ 31724 բժիշկներ, միաժամանակ սխալ որոշում կայացնեն՝ իրենց վրա այդպիսի ահռելի պատասխանատվություն վերցնելով։ Հիվանդը չի կարող այդ դեպքերում ճիշտ գնահատել իրավիճակը՝ խնդրելով իրեն ներարկման միջոցով մահացնել։ Հնարավոր է ուժեղ ցավից շոկային վիճակին չդիմանալով նա այդ որոշումն ընդունի, բայց հնարավոր չէ՝ դա միարժեք օբյեկտիվ որոշում լինի»։ Նախարարից փորձեցինք ճշտել՝ իր պրակտիկայում եղե՞լ են դեպքեր, երբ ծանր, անբուժելի հիվանդը նման խնդրանքով դիմել է։ Նա ասաց, որ չի հանդիպել նման ծանր դեպքի, քանզի ինքը հիմնականում բուժող բժիշկ չի եղել, այլ՝ առողջապահական համակարգի կազմակերպիչ։ Իսկ ահա հակաուռուցքային դիսպանսերի տնօրեն, ուռուցքաբան Գագիկ Բազիկյանն անձամբ է բազմիցս առնչվել ծանր, երբեմն էլ անբուժելի հիվանդների հետ. «30 տարուց ավելի է, աշխատում եմ ուռուցքաբանության ոլորտում, եւ դեռեւս չի եղել ոչ մի դեպք, որ հիվանդն ինքը կամ նրա հարազատները դիմեն նման խնդրանքով։ Այո, եղել են դեպքեր, որ ցավից տանջվելով հիվանդն արտահայտվել է. «Մեռնեի, ավելի լավ էր», բայց դա լուրջ բնույթ չի կրել։ Ես վստահ եմ, որ էվտանազիան Հայաստանի համար առայժմ դժվար ընդունելի է։ Քանի որ մեզ մոտ մի փոքր այլ որակի է հարազատի, ազգականի նկատմամբ պարտավորությունը։ Ամեն դեպքում դա շատ նուրբ հարց է եւ, կարծում եմ, պետք է լուծվի ոչ թե օրենքով, այլ կոնկրետ դեպքի համար առանձին որոշմամբ։ Պետք է հստակեցված լինի՝ ո՞ր դեպքերում, ո՞ւմ թույլտվությամբ, ի՞նչ հանձնաժողովով եւ այլն։ Այդ հանձնաժողովի մեջ էլ պետք է հստակության բազում ոլորտներ ներգրավված լինեն։ Պետք է հաշվի առնվի նաեւ՝ մարդը գիտակցո՞ւմ է իր մահվան որոշումն ընդունելիս, թե՞ հոգեկան անհավասարակշիռ վիճակում է։ Հնարավոր է նաեւ կոմայի մեջ գտնվողների հարցը լրիվ այլ լուծում պահանջի, չէ՞ որ սա արդեն ոչ թե տանջանքներից ու ցավից ազատելու խնդիրն է, այլ մի ուրիշ։ Մի խոսքով, ես զուտ մարդասիրական կողմից՝ դեմ եմ, բայց երբեմն աչքիս առաջ դեպքեր են լինում, երբ սկսում եմ լուրջ մտածել էվտանազիայի մասին»։ Քանի որ խոսք գնաց հոգեկան հիվանդությամբ տառապողների մասին, կապվեցինք նաեւ Նորքի հոգեբուժական հիվանդանոցի հետ։ Բժիշկ172հոգեբույժ Կարեն Սահակյանը ներկայացրեց իր կարծիքը. «Հոգեբուժականը մի քիչ այլ ոլորտ է, ավելի նուրբ։ Քանի որ մեր հիվանդների մահանալու ցանկությունը դիտվում է հիվանդագին երեւույթ, որը բուժման կարիք է զգում։ Կա այդպիսի հիվանդություն, երբ հոգեկան հիվանդը տառապում է մահանալու ցանկությամբ՝ սուիցիդալ մտքերով։ Եվ այս դեպքերում մենք հակառակը՝ ավելի լուրջ ենք հսկում այդ հիվանդներին։ Հոգեբուժականը թերեւս այն ոլորտն է, որտեղ էվտանազիան ավելի դժվար կլինի կատարել»։ Պատկերն ամբողջացնելու համար ցանկացանք իմանալ նաեւ Հայ Առաքելական եկեղեցու վերաբերմունքը խնդրին։ Մայր Աթոռ սբ Էջմիածնի մամլո դիվանի ղեկավար Արշավիր Գաբուջյանը կարճ եւ կոնկրետ ներկայացրեց. «Եկեղեցու տեսակետը հետեւյալն է. ինքնասպանությունը մեղք է, ինչ ձեւով էլ այն դրսեւորվի, ում ձեռքով էլ կատարվի։ Մեր վարդապետության մեջ մի կարեւոր սկզբունք կա՝ Աստված է կյանքը տվել մարդուն, նա էլ կարող է վերցնել»։ Գրեթե նույն պատասխանը տվեց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը. «Մարդու իրավունքների ասպեկտում բարդ է այդ հարցին պատասխանելը, բայց իմ անձնական կարծիքը բացասական է։ Շատ ծանր է, երբ մարդ տառապում է, տանջվում, բայց միեւնույն է՝ նրան Աստված է կյանք տվել, եւ ոչ ոք իրավունք չունի՝ այն խլի»։ Հանրությանը քաջածանոթ մի հոգեբան, որը, չգիտես ինչու, չցանկացավ ներկայանալ, ասաց. «Եթե ես հայտնվեի կյանքի ու մահվան սահմանագծին եւ չդիմանայի ֆիզիկական տանջանքներին, չէի փորձի որեւէ մեկին մեղքի տակ գցել՝ խնդրելով վերջ տալ իմ կյանքին։ Ես ինքս ինքնասպան կլինեի եւ միայն ես պատասխանատու կլինեի իմ գործած մեղքի համար»։ Իսկ առայժմ Հայաստանում էվտանազիան քրեորեն պատժելի արարք է։ ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել