Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 01,2000 00:00

ԱՊՕՐԻՆԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՏՈՆՅԱԼՆԵՐԻ՞Ն Է ՀԱՍՈՒ Մայրաքաղաքում հայտնվել է եւս մեկ շինհրապարակ։ Խոսքը Երեւանյան լճի եւ ԱՄՆ դեսպանատան վարձակալած տարածքի հարեւանությամբ մեծ թափով կառուցվող նոր գազալցման կայանի մասին է, որի թույլտվությունը քաղաքապետն առայժմ չի տվել։ Գազն էլ, ի դեպ, ոչ թե հեղուկ, այլ խտացված է, ինչով դեռ «մութ ու խավար» տարիներից ի վեր լիցքավորվում է հասարակական տրանսպորտի մի ստվար հատվածը։ Բիզնեսի այս ոլորտը բենզինի գնի աճի պայմաններում բավական շահութաբեր եւ հեռանկարային է։ Եթե գազալցման կայանների իրական տերերին հաջողվում է նաեւ խույս տալ հարկերից, ապա հանրապետական մասշտաբով բիզնեսի հասույթը կազմում է ամսեկան շուրջ 2 մլն դոլար։ Մեր մատնանշած վայրում կառուցվում է Երեւանում գործող թվով 4-րդ ավտոգազալցման կայանը։ Առայժմ չենք խոսում այն մասին, թե որ պաշտոնյաներն են այս բիզնեսի «տանիքը»։ Նշենք միայն, որ տվյալ գազալցման կայանի կառուցման թույլտվություն ստանալու համար քաղաքապետարան է դիմել հայտնի գործարար Գագիկ Ծառուկյանը։ Երեւանի գլխավոր ճարտարապետն ու ճարտարապետաշինարարական վարչությունն էլ, որ սովորաբար աչալուրջ են եւ ցանկության դեպքում հաջողությամբ կանխում են ապօրինի շինարարությունները, հիշյալ շինարարությունն «աչքաթող» են արել։ Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանն, ըստ էության, չառարկեց, որ ընթացող շինարարությունը, համապատասխան թույլտվության բացակայության պարագայում, ապօրինի է, բայց վստահեցրեց, թե Գ.Ծառուկյանը կարգին մարդ է, լավ գործարար, փորձում է օգնել Երեւանի խնդիրները լուծելուն, մասնավորապես, «Երեւան» հիմնադրամին 10 հազար դոլար է փոխանցել։ Պարոն Սարգսյանը տեղեկացրեց նաեւ, թե կայանի կառուցման հողահատկացումն արել է քաղաքապետարանը։ Ըստ գլխավոր ճարտարապետի, տեղանքը ճիշտ է ընտրված այն իմաստով, որ այն վաղուց արդեն կանաչապատ գոտի չէ եւ, բացի այդ, իբրեւ տրանսպորտային սպասարկման օբյեկտ, մոտ է տրանսպորտային մայրուղուն։ Հիմա քաղաքապետարանն ու գլխավոր ճարտարապետն ի՞նչ անեն. քանդեն կիսակառույց կայանն ու հիմնադրամին փոխանցած գումարը ե՞տ վերադարձնեն, առավել եւս, որ շինության էսքիզային նախագիծը ներկայացվել է գլխավոր ճարտարապետին եւ հավանության արժանանալով՝ հաստատվել։ Հավաստի աղբյուրներն ասում են, թե քաղաքապետ Բազեյանն առայժմ ընդդիմանում է թույլտվություն տալուն. ինչո՞ւ՝ մնում է ենթադրել: Ըստ պարոն Սարգսյանի, հարցն առկախված է, քանի որ կայանը կառուցվում է Դալմայի այգիների տարածքում, որի վերականգնման ուղղությամբ եւս քաղաքապետարանը որոշակի ծրագրեր ունի, որոնք տակավին քննարկման փուլում են։ Իսկ շինարարությունը շարունակվում է, եւ ոչ ոք չի էլ փորձում մոտ գալ դրան։ Նրբանկատ դիվանագիտություն է. հազարավոր դոլարներ արժեցած կառույցն ավարտելուց հետո ո՞վ կհանդգնի այն քանդել. կմնա օրինականացնելը։ Երեւանի գլխավոր ճարտարապետը հույս հայտնեց, թե հաջորդ շաբաթվա ընթացքում հարցը հավանաբար կլուծվի։ Իսկ «կասկած հարուցող շահագրգռվածության» վերաբերյալ մեր հարցադրմանն ի պատասխան՝ պարոն Սարգսյանն ասաց. «Հայաստանում որեւէ օբյեկտ չկա, որի մասին չասեն, թե ես շահագրգիռ եմ։ Մեկ անգամ եւս ասում եմ՝ երբեք կաշառք չեմ վերցնում»։ Իհարկե, տվյալ դեպքում խոսքը Գ.Ծառուկյանից կաշառք վերցնելու մասին չէ։ Ավելի ծանրակշիռ են այն տեղեկությունները, թե Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի եւ նախագահ Քոչարյանի հարաբերությունները հատկապես վերջին շրջանում փոխադարձաբար վստահելի եւ ջերմ են դարձել, ինչն անդրադարձել է նաեւ նախագահի հովանավորությունը վայելող Գ.Ծառուկյանի եւ գլխավոր ճարտարապետի հարաբերությունների վրա։ Առավել եւս, որ գազի չափազանց շահավետ բիզնեսի իրական տերերը ազդեցիկ մարդիկ են: Շատ ազդեցիկ: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել