Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 01,2000 00:00

Ի՞նչ մեղք ունի Մեսրոպ Մաշտոցը Հայաստանը Թուրքմենստանի հետ պիտի լավ հարաբերություններ ունենա. նրանք մեզ գազ են տալիս, մենք այդ գազի համար անընդհատ պարտք ենք մնում: Բնականաբար, այդ հարաբերություններում իրենց դերը պիտի խաղան երկու երկրների առաջին դեմքերը: Ռոբերտ Քոչարյանի եւ Թուրքմենբաշու համար դա որեւէ խնդիր չի ներկայացնում. նրանք այնքան մոտ են իրենց մարդաբանական տիպերով եւ քաղաքական հակումներով, որ այդ գործիչներին կարելի է, որոշ վերապահումներով, հոգեւոր եղբայրներ անվանել: Գովերգվելու եւ մեծարվելու նույն անզուսպ կիրքը, ցանկացած այլախոհություն արմատախիլ անելու ցանկությունը, կուսակցությունների եւ քաղաքական գործիչների նկատմամբ արհամարհանքը, հինգ տարի առաջ թթու խոսք ասածի նկատմամբ նույն ասիական քինախնդրությունը: Վերապահումներն էլ այն են, որ Թուրքմենբաշին նավթ ու գազ ունի, ուստիեւ Արեւմուտքից չի վախենում, եւ իր՝ թուրքմենական «մոսկաների» հերը անիծում է պարզ գեղական կարգով՝ «զնդան» եւ վերջ: Քոչարյանը նավթ ու գազ չունի, իր երկրի բյուջեի մեծ մասը կազմվում է Արեւմուտքի վարկերից, եւ այդ պատճառով նա, ծանր սրտով, ստիպված է որոշ ազատություններ թույլ տալ, իսկ քաղաքական ու տնտեսական հակառակորդների հարցերը լուծել ավելի «նուրբ ձեւերով»: Հոգեւոր եղբայրների բարեկամությունն ամրապնդելու համար, բնականաբար, պետք է իրար նվերներ տալ: Օրինակ. յաթաղան, տրեխ, խալի, ձի, պորտապար պարող աղջիկներ եւ այլն: Բայց ինչո՞ւ նվիրել այն, ինչ ասիական լիդերների մտահորիզոնից դուրս է: Ի՞նչ կապ ունի այդ հարաբերություններում Մեսրոպ Մաշտոցը, որի այբուբենը Հայաստանի ներկայիս նախագահը առայժմ մինչեւ վերջ չի սովորել: Թուրքմենբաշու փառասիրությունը, կարծում եմ, միանգամայն կբավարարվեր, եթե Հայաստանի նախագահը նրան շնորհեր ոչ թե Սուրբ Մեսրոպ Մաշտոցի, այլ Ստալինի կամ, ծայրահեղ դեպքում, Լենինի շքանշանը: Իսկ մեր Առաքելական եկեղեցին, որն այնքան հիվանդագին է ընկալում ցանկացած հրապարակում, սրբապղծություն չի՞ համարում, երբ քրիստոնեական սրբի անունը կրող շքանշանը տրվում է մահմեդական թեքում ունեցող անաստված բռնակալին: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել