… ԵՎ ԱՅԼՆ «ՌԵԼԱՔՍԸ» ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՀՈԳԻՆ ՀԱՆԵԼ Է «¶áÉáë ²րÙ»ÝÇÇ» թերթի նոյեմբերի 25-ի համարում տպագրվել էր Երեւանի Մոսկովյան 31 շենքի բնակիչների բողոք-նամակը։ Նամակում մասնավորապես ասվում է, որ շենքի առաջին հարկում տեղադրված «Ռելաքս» գիշերային բար-դիսկոտեկը, արդեն 5 տարի շարունակ, բնակիչներին տանջում է։ Մարդիկ բողոք-նամակներով դիմել են ամենաբարձր ատյաններին։ Հարցը շարունակում է չլուծված մնալ։ Ավելին, մեր գործընկերների հրապարակումից հետո, ինչ-որ մարդիկ բար-դիսկոտեկի աշխատակցի հետ եկել են բնակիչներին նկարահանելու, ոտնահարելով նրանց մարդկային իրավունքները, վախեցնելով եւ շանտաժի ենթարկելով բնակիչներից մի քանիսին։ Շենքի բնակիչները բողոք են ներկայացրել նաեւ մեր թերթին՝ խնդրելով որեւէ կերպ օգնել իրենց։ Մենք պատրաստ ենք հարցն այնքան հնչեցնել, մինչեւ բնակիչները չստանան իրենց մարդավայել ապրելու իրավունքը։ Սեփ. լր. Հայտնի դպրոցի մասին եւ լավն են ասում, եւ վատը Պուշկինի անվան թիվ ութ դպրոցը նախատեսված է 650 աշակերտի համար, բայց կրթում է 1500 աշակերտ՝ երկու հերթ աշխատելով: Երբ որեւէ հիմնարկություն կամ անձնավորություն հայտնի է լինում, նրա մասին ինչպես լավը, այնպես էլ վատն են խոսում: Օրինակ, այս դպրոցի մասին լսել էի, որ իններորդ դասարանի երկու աշակերտուհի ձերբակալվել են՝ մարմնավաճառության մեղադրանքով: Դպրոցի տնօրեն Մարիետա Մատղաշյանը այս փաստը հերքեց, ասելով, որ իր դպրոցից ընդհանրապես ոչ ոքի չեն հեռացնում՝ «Ինչպե՞ս կարելի է աշակերտին հեռացնել դպրոցից»,- զարմացավ նա: Տիկին Մատղաշյանը ընդհանրապես չի ընդունում, թե ինչպես են թերթերը լուսաբանում դպրոցների աշխատանքը՝ «Եթե աշակերտը կարդա որեւէ վատ բան իր դպրոցի մասին, անարխիա կսկսվի»։ Քանի որ այս դպրոց ընդունվելու ցանկություն ունեցողները շատ են, տնօրենին խնդրեցի պատմել, թե ի՞նչ սկզբունքներով է ընդունելություն կատարվում: Պարզվեց, որ դպրոց ընդունվելու համար հաշվի է առնվում բնակվելու վայրը, ծնողների աշխատավայրին մոտ գտնվելը եւ այլն։ Նաեւ այն, որ ընդունվողի ավագ քույր-եղբայրները սովորում են կամ արդեն ավարտել են այս դպրոցը: Փաստորեն, աշխատում են, որ ընտանիքում Պուշկինի դպրոցն ավարտելն ավանդույթ դառնա: Դպրոցի ամենատարեց շրջանավարտը 78 տարեկան է: Դպրոցի ընդհանուր տեսքը վատը չէ, դասարանները կոկիկ եւ մաքուր են: Ամեն դասարան կազմված է 35-40 աշակերտից: Ջեռուցվում են Ցպվ-երով: Դասարաններով շրջելիս տնօրենը հարցրեց. «Երեխաներ, մրսո՞ւմ եք»: «Ոչ»,- միաձայն գոչեցին աշակերտները: Տիկին Մատղաշյանը մասնակցել է Համաշխարհային բանկի կազմակերպած մրցույթին եւ շահել գրանտ՝ 7,5 մլն դրամ: Այդ գումարով նախատեսում է դպրոցի համար սինթեզատոր, կահույք եւ այլ անհրաժեշտ իրեր գնել: Դպրոցը մեծ դահլիճ ունի, որը նախատեսված է 247 հոգու համար։ Այն դեռ նորոգվում է: ՄԱՐԻՆԱ ՄԵՐՈՒԺԱՆՅԱՆ ՄԻ ՈՏՔԸ՝ ԵՐԵՎԱՆ, ՄՅՈՒՍԸ՝ ՄՈՍԿՎԱ Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Ալիկ Զուրաբյանը վերջին շրջանում հաճախ էր Հայաստանից բացակայում։ Երկու շաբաթից ավելի նա Երեւանում է, եւ իրենից ճշտեցինք բացակայության պատճառը։ Ա. Զուրաբյանն ասաց, որ ինքը Մոսկվայում Տրիֆոնովսկայա փողոցի վրա կառուցվող Սբ. Խաչ մեծ տաճարի եւ Հայկական կենտրոն-համալիրի շենքի նախագծերն է ղեկավարում։ Տեղեկացանք նաեւ, որ այդ հսկա համալիրն ունենալու է հայկական դպրոց, գեղարվեստական ստուդիա, 500 տեղանոց կոնֆերանսի դահլիճ, ռեստորան, մշակութային կենտրոն, ավտոկանգառ եւ այլն։ Նախագծի պատվիրատուն Մոսկվայի հայկական համայնքն է եւ եկեղեցու շինարարության ֆոնդը։ Շինարարական աշխատանքների համար հիմնադրամ է ստեղծվել, իսկ շինարարությունն իրականացնում է Մոսկվայում բնակվող հայ գործարար Մուրադ Սարգսյանի «Լուսինե» կոնցեռնը։ Արդեն պատրաստ են ավտոկանգառը եւ համալիրի նկուղային մասը։ Ի դեպ, պրն Զուրաբյանն ասաց, որ Հայաստանից մի շարք ճարտարապետներ եւ ճարտարապետական խմբեր են մասնակցել նախագծի աշխատանքներին (սկսած՝ Ջիմ Թորոսյանից), որոնք ինչ-ինչ պատճառներով կեսից հրաժարվել են նախագծից։ Ա. Զուրաբյանն, արդեն երրորդ շաբաթն է, այստեղ է, բայց օրերս դարձյալ կմեկնի Մոսկվա։ Այն հարցին, թե իր բացակայությամբ արդյոք չե՞ն տուժում Հայաստանի ճարտարապետների միության աշխատանքները, պրն Զուրաբյանը պատասխանեց, որ շուտ-շուտ է գնում-գալիս, եւ միության աշխատանքները դրանից չեն տուժում։ Ս. Ս. ՆՎԻՐՎՈՒՄ Է ՎԱՐՊԵՏԻ 125-ԱՄՅԱԿԻՆ ԵՊՀ-ում Ավետիք Իսահակյանի ծննդյան 125-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվում է։ Երեկ Մայր բուհում կայացավ «Իմ Իսահակյանը» խորագրով ցերեկույթ, որը կազմակերպված է ԵՊՀ միացյալ արհկոմիտեի ուսանողական ակումբների համադաշնության կողմից։ Մեծ բանաստեղծին հարգանքի տուրք մատուցեցին երաժշտասերների ակումբի անդամները։ Ցերեկույթի ընթացքում հնչեցին Վարպետի բանաստեղծությունները, նրա խոսքերով գրված երգեր եւ դասական երաժշտության մի քանի ստեղծագործություններ։ Իրենց անմիջական մասնակցությամբ հանդես եկան ԵՊՀ-ի տարբեր ֆակուլտետների ուսանողներ, որոնք տիրապետում են ասմունքի արվեստին կամ երաժշտական որեւէ գործիքի։ Ստեղծված ջերմ մթնոլորտից օգտվելով, ԵՊՀ-ի միացյալ արհկոմիտեի ոսանողական ակումբների համադաշնության եւ մշակույթի հանձնախմբի նախագահ տիկին Սաթենիկ Աբրահամյանը հայտարարեց, որ ծրագիր կա վերականգնելու ԵՊՀ-ի երգչախումբը։ ԷԼԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆ