ՀԻՆԳ ՏԱՐԻ ՀԻԱՍԹԱՓՎԱԾ Է 25 տարի առաջ Մարիետա Բադալյանը իր հեղինակած երգերով լուրջ հայտ ներկայացրեց, առաջին իսկ բեմելով արժանանալով ունկնդրի համակրանքին։ Ապա՝ շրջագայություններ Ռուսաստանի քաղաքներ, Ֆրանսիա, Գերմանիա, Ամերիկա… Արդեն հանրապետական եւ համամիութենական մրցույթների դափնեկրի թվով 50 հազար ձայնասկավառակ, որ արտադրել էր «Մելոդիա» ֆիրման 1989-ին, շատ արագ վաճառվեց։ Այդ ժամանակ տարբեր լրատվամիջոցներ «բղավում» էին, թե նմանօրինակ բան պատմության մեջ դեռ չի եղել։ Թողարկվեց եւս 50 հազար օրինակ։ Ամբողջ հոնորարը երգչուհին փոխանցեց երկրաշարժից տուժած ծնողազուրկ երեխաների ֆոնդին։ Հյուրընկալվելով Մարիետա Բադալյանի բնակարանում, հարցրի, թե որտեղ է նա վերջին 5 տարին։ Երգչուհին որոշեց առաջին անգամ «Առավոտին» պատմել Ամերիկայում իր հետ կատարվածի մասին, որից սկիզբ է առել հինգ տարվա լռությունը։ «1995 թվականին, «Բեյլան» ընկերության հրավերով, մեկնեցի Ամերիկա։ Չգիտեմ ինչու, ընկերության նախագահը տարակուսանքի մեջ ընկավ եւ ինձ առաջարկեց ծրագրում ընդգրկել ռաբիս երգեր՝ տոմսերի՝ ավելի հեշտ ու արագ վաճառվելու համար։ Աննկարագրելի հիասթափություն ապրեցի եւ առանց երկմտելու հրաժարվեցի համերգից։ Ինձ ոչինչ չէր մնում, քան աշխատանք գտնել։ Սկսեցի անգլերենի դասեր տալ։ Որոշ ժամանակ անց հանդիպեցի Հայաստանից գնացած երաժշտագետ Մարգարիտ Թախտաջյանին, որը ցանկություն հայտնեց ինձ, «օգնելու նպատակով»՝ կազմակերպել ռոմանսի երեկո, շահույթը կիսելով իմ եւ իր մեջ։ Փոխանակ զբաղվելու համերգի գովազդային աշխատանքներով, նա սկսեց հայկական խանութների, վաճառակետերի, փոքր ձեռնարկությունների համերգի ընթացքում գովազդային բուկլետներ պատրաստելու գործընթացը, բնականաբար, դրա դիմաց ստանալով որոշակի գումար։ Դրանցից մեկն էլ ձայներիզների արտադրության «Բարսեղյան» ֆիրման էր, ուր գնացինք միասին՝ համերգը գովազդող լուսանկարի համար։ Այստեղ նկատեցի իմ տեսաերիզը, որը, բնականաբար, վաճառվում էր՝ ձեռք բերված ինձ համար անհայտ ճանապարհով, եւ «բախտ ունեցա» անձամբ Բարսեղյանից «նվեր» ստանալ մեկ տեսաերիզ։ Որոշ ժամանակ Թախտաջյանն ու տնօրենը՝ Բարսեղյանը, առանձնացան։ Հետո Մարգարիտը ուրախ-ուրախ դուրս գալով ասաց. «Ամեն ինչ օքեյ ա, գնացինք»։ Ամիսներն անցնում էին։ Մայիսից մինչեւ սեպտեմբեր փաստորեն ոչ մի գովազդ չարվեց։ Սեպտեմբերին ինձ հայտնեցին, որ վաճառվում են իմ աուդիո կասետները։ Այստեղ հասկացա, որ իմ նկատմամբ «սրտացավ» երաժշտագետը վաճառել է ձայնագրություններս, եւ դրանք հետ պահանջեցի իրենից։ Քանի որ մինչ այդ ամիսը, կրկնում եմ՝ ոչ մի գովազդ չէր արվել, նպատակահարմար գտա վերադառնալ հայրենիք։ Թախտաջյանն ասաց. «Ձայնագրություններդ ուզի Բարսեղյանից, ինչ ա, քո կարծիքով մի քանի կոպեկ չպիտի՞ աշխատեի, էդ սաղ գումարը, իմ ստացած, պտի սոսկաներ առնեի ու ուղարկեի «Մանկիկ» գթության կենտրոն, թե՞ ուզում ես ինձ մի կոպեկ չմնա, սաղ քեզ ըլնի»։ Այս ամենից հետո, ավելի ճիշտ՝ տեսնելով այս ամենը, գնացի Բարսեղյանի մոտ՝ պահանջելու ձայնագրություններս։ Վերջինից ստացա հետեւյալ պատասխանը՝ «Ձայնագրությունները ես գնել եմ տիկին Թախտաջյանից»։ Ինձ հրամցնելով 100 կասետ՝ նշեց, որ Մարգարիտայի եւ իր միջեւ եղել է այս պայմանավորվածությունը։ Ասեմ, որ մինչեւ Թախտաջյանին հանդիպելը ավտովթարի էի ենթարկվել եւ այդ գործերով զբաղվում էր Հենրի Շահին անունով մի փաստաբան։ Հանդիպումներից մեկի ժամանակ որոշեցի վերը նշված հարցի շուրջ զրուցել նրա հետ։ Փաստաբանը ինձ առաջարկեց գործ հարուցել «Բարսեղյան» ֆիրմայի անօրինական գործողությունների դեմ, այն է՝ առանց կոնտրակտի, առանց իմ համաձայնության ձայներիզներ թողարկելու համար։ Իսկ իր ծախսերը փակելու համար փաստաբանն ասաց. «Ես բարձր կարգի փաստաբան եմ ու մանր գործեր չեմ վերցնում, եթե համաձայն ես՝ տուգանքի 50%-ը տուր ինձ վճարի դիմաց։ Մեռնեմ Ամերիկայի օրենքին, այստեղ ֆիրման փակելու վտանգ կա… Էս գործը կտեւի մոտ 3 ամիս եւ մինչեւ հունվարի վերջ քեզ կհրավիրենք, բնականաբար՝ Բարսեղյանի հաշվին, դատին մասնակցելու։ Անտեղյակ լինելով նման դատական գործերին, համապատասխան փաստաթղթեր ստորագրելուց հետո չգիտեի, որ պետք է պահանջել վերջիններիս պատճենները։ Հոկտեմբերի 20-ին, կորցնելով իմ 20 տարվա «հարստությունը»՝ ձայնագրություններս, վերադարձա Հայաստան։ Երեք անգամ փորձեցի կապվել փաստաբանիս հետ, բայց քարտուղարուհին անընդհատ հայտնում էր, որ կտեղեկացնի զանգիս մասին։ Հերթական զանգից հետո, զգալով, որ փաստաբանը խույս է տալիս ինձ հետ խոսելուց, հասկացա, որ իրենց՝ եռյակի մեջ ներքին համաձայնություն է եղել գործը փակելու, եւ հաղորդեցի քարտուղարուհուն, որ դիմում եմ ՀՀ Ազգային ժողովի՝ մշակույթի, գիտության, երիտասարդության հարցերով ու սպորտի հանձնաժողովին։ Ուղարկեցի նամակ։ Հեռախոսով հանձնաժողովի նախկին նախագահ պրն Արամ Մանուկյանը տեղեկացրեց, որ ծանոթացել է նամակին եւ այդ գործով կզբաղվի Ամերիկայում իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչը։ Այդ ընթացքում Ազգային ժողովում կատարվեցին մի շարք փոփոխություններ եւ գործը մնաց անավարտ։ Սկսեցի խուսափել հրավերներից՝ ձայնագրություններ չունենալու պատճառով, գիտեք, երեւի, ինչ արժե այս ամենը մեր օրերում, մի խոսքով սկսեցի ապրել խոր հիասթափություն, որը տեւեց փաստորեն 5 տարի։ Այս տարիներին համոզվեցի, տարբեր առիթներով, որ ես եւ ունկնդիրս առանց մեկմեկու չենք կարող այլեւս… Ես վերադառնում եմ»։ Պատրաստեց ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԼՅԱՆԸ Խմբագրությունը պատրաստ է տպագրել նաեւ հակառակ կողմի տեսակետը: