Շանտաժով հոդված «տպել չեն տալիս» «Եթե թոշակս եւ նպաստս միաժամանակ վճարեին, ինձ թվում է՝ կբավարարեր հոդվածս տպել տալու համար». այսպես է սկսվում Արմավիր քաղաքի Աբովյան փողոցի թիվ 31 տան բնակիչ Խաչիկ Կիրակոսյանի՝ երեկ «Առավոտի» խմբագրություն հասած նամակը։ Միանգամից ասեմ, որ իզուր է իրեն թվում, թե թոշակն ու նպաստը կբավարարեր «հոդված տպել տալու համար», այն կբավարարեր գուցե իրավական գիտելիքներ, մի քիչ էլ վարվեցողության կանոնների ուսուցման համար, եւ ապա սեփական պրոբլեմը խմբագրության վզին փաթաթելուց առաջ՝ փաստաբան գտնելու, նրա հետ խորհրդակցելու համար։ Ինչո՞ւ է այս քաղաքացին դժգոհել «Առավոտից», բայց դրանից հետո նույն «Առավոտին» ուղարկել իր գլուխգործոցը՝ «Խարդախ հարեւանս» վերնագրով։ Եկել է խմբագրություն, զրուցել լրագրողներից մեկի հետ, իսկ երբ վերջինս իմանալով, որ դա քաղաքացիական վեճ է, մի պարտքի պատմություն, ասել է ընդամենը, որ պետք է պահպանել ժուռնալիստիկայի թիվ 1 մասնագիտական օրենքը եւ զրուցի նաեւ հակառակ կողմի հետ։ «Առավոտից» բողոքող իր նամակում քաղաքացին գրում է, որ եկել է ընդունարան, այնտեղ տեսել գլխավոր խմբագրի «քարտուղարուհուն», որպիսին գոյություն չունի։ Հանդիպել է պարզապես մեկ այլ լրագրողի հետ, որը բացատրել է, որ կա աշխատանքի հստակ բաժանում եւ որ, եթե հարցն առնչվում է իրավական ոլորտի հետ, կա եւ դրանով զբաղվող։ Տողերիս հեղինակին զանգահարեց քաղաքացի Խաչիկը եւ խնդրեց, որ իրեն լսեմ։ «Հանդգնություն» եմ ունեցել երկու անգամ քաղաքից բացակայել՝ մարզ մեկնելու պատճառով եւ, փաստորեն, նրա հետ հանդիպել չի ստացվել։ Սակայն ընթերցենք նրա նամակը. «Մինչեւ ժ. 12-ը ձեր մուտքի դռները փակ էին (խմբագրության մուտքի դռները բաց են ժ. 11.00-ից- Ռ. Մ.), որից ես եկա այն եզրակացության, որ երբեք հազարավոր մարդիկ Ձեզ չեն դիմում հոդվածներ տպել տալու նպատակով։ Երբ այս մասին խոսեցի մեկ այլ թերթի թղթակցի հետ, պատասխանը պարզ էր՝ «Առավոտում» առանց փողի հոդված տպել հնարավոր չէ»։ «Հոդվածագիրը» «մեկ այլ թերթի թղթակցի» հետ զրուցելիս, զարմանալի է, որ չի դիմել նրան, չի պատմել իրեն տանջող ցավը, չի խնդրել, որ հենց այդ թղթակիցն էլ տպագրի իր այդ բողոքը:… Խաչիկի կռիվը («Խարդախ հարեւանս» վերնագրով) հարեւանի՝ մեկ այլ Խաչիկ ոմն Ջրաղացպանյանի հետ է, որին տվել է 400 դոլար պարտք, ապա եւս 100 դոլար, 1997թ. (տեսնելով, որ պարտքը չի վերադարձնո՞ւմ- Ռ. Մ.) լրացուցիչ եւս 200 դոլար է տալիս, ապա էլի, էլի, այն դառնում է 1200 դոլար։ Քաղաքացին նամակում նշում է էլի մի քանի «քաշվածների» մասին, որոնք իբր վերոնշյալ անձի զոհերն են։ Այսինքն, փաստեր, որոնք հարկ է ստուգել մինչեւ հրապարակելը եւ ոչ թե շանտաժով ստիպել ամեն մի անհեթեթություն տպագրել։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ