Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 30,2000 00:00

«ՀԱՎԱՔՎԵԼ ԵՆՔ ՍՐԲԱԳՈՒՅՆ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ» Երեկ Հայաստանի կոմունիստները, նշելով Խորհրդային Հայաստանի 80-ամյակը, ընկեր Մյասնիկյանի արձանի մոտից քայլեցին մինչեւ Ազատության հրապարակ։ Երթն անցավ անաղմուկ եւ անմիջադեպ: ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Վլադիմիր Դարբինյանին խնդրեցինք ներկայացնել օրվա խորհուրդը. «Այսօր մենք նշում ենք Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման եւ Հայաստանի կոմունիստական կուսակցության կազմավորման 80 տարին։ Սրբագույն երախտագիտությամբ հավաքվել ենք մեր հարգանքի տուրքը տալու նրանց, ովքեր նոյեմբեր բերեցին Հայաստանին, սոցիալիստական վերածնունդի հնարավորություն բերեցին։ Մեր արյունաքամ երկիրը 70 տարիների ընթացքում դարձավ աշխարհի ամենազարգացած երկրներից մեկը։ Ժամանակավորապես նահանջել է մեր գործը։ Այդ պարտությունը ժամանակավոր է, մենք վստահ ենք, որ մեր ժողովուրդը նորից վերադառնալու է սոցիալիստական վերածննդի ուղին»։ Շարքային կոմունիստները եւս իրենց կարծիքը հայտնեցին. Հակոբ Սաղաթելյան- Սա մեզ համար մեծ տոն է։ Հայաստանի ծաղկման սկիզբը դրվեց։ Մենք ընդունում ենք՝ որպես մեր սրբազան տոներից մեկը։ Ընկեր Սաղաթելյանը խորհրդային տարիներին եղել է Վայքի շրջկոմի առաջին քարտուղարը, այժմ Երեւանի Սպանդարյան շրջկոմի երկրորդ քարտուղարն է։ Նա համոզված է, որ ուրիշ ելք չկա, սովետները իշխանությունը պետք է ետ վերցնեն։ Գուրգեն Շոխյան- Սովետական ժամանակ ավելի լավ էինք ապրում, մեր ռոճիկը մեզ հերիքում էր։ Կուզենք էդ ժամանակները վերադառնան, բայց դա հնարավոր չի։ Հովիկ Ունեյան- Իմ հետ է իմ փոքրիկ երեխան՝ տղաս, որը նույնպես կանցնի իմ ճանապարհով եւ կդառնա կոմունիստ, եւ մենք անպայման կվերադարձնենք իշխանությունը։ Ընկեր Հովիկը խորհրդային տարիներին սեւագործ բանվոր է եղել, հիմա՝ գործազուրկ է։ Հարցերին պատասխանեցին ոչ միայն կոմունիստները, այլեւ՝ փողոցի երկու կողմերում «թամաշայի» դուրս եկածները։ Արդարադատության նախարարության մոտ շինարարական աշխատանքով զբաղվածներից մեկը՝ 27 տարեկան Տիգրան Մարտիրոսյանը, մեր հարցին՝ ի՞նչ օր է այսօր, եւ ո՞ւր են գնում այս մարդիկ, պատասխանեց. «Օրը չորեքշաբթի է, մարդիկ էլ երեւի բողոք ունեն, գնում են վերեւներին բողոքելու»։ Ի վերջո Տիգրանը գտավ իսկական պատասխանը՝ «կոմունիստներն են»։ Սպարտակ Պետրոսյան (իրավագետ). Կուզեի՞ք՝ վերադառնար սովետների իշխանությունը. «Կուզեի, բայց ոչ էն ժամանակների աշխատողներով։ Սա, իհարկե, հնարավոր չէ, քանի որ հայավարի եւ խորապես ժողովրդի մասին մտածող ղեկավարություն չունենք»։ Պրն Պետրոսյանը եղել է Կոմկուսի անդամ եւ իր կուսակցական տոմսը դեռ 1985-ին այնպիսի տեղ է գցել, որ ոչ ոք չգտնի։ Պատճառն այն էր, որ պրն Պետրոսյանը հիասթափվել էր Միխայիլ Գորբաչովից. «Նա արժանի չէր, որ ես նրա հետ լինեի միեւնույն կուսակցության անդամ»։ 25 տարեկան Հունանի կարծիքով՝ «Դժվար թե հին կարգերը վերականգնվեն, բայց լսելով գիտեմ, որ էն ժամանակ լավ են ապրել»։ Արեւածաղիկ վաճառող կնոջ հետ երկխոսությունից մի հատված. – Այսօր ի՞նչ օր է։ – Էսօր ինչ օր ա՞… Ես էլ չգիտեմ, ես էլ իրանցից հարցրի, ինձ չասեցին։ Բայց արեւածաղիկ էլ չառան։ Եթե կեսն էլ առներ, էսօր լավ օր կլիներ։ Հայրենական պատերազմի վետերան Գեղամ Կիրակոսյանը երթի էր եկել սայլակով, եւ քանի որ մեր քաղաքը դեռ չի ինտեգրվել միջազգային չափանիշներին, դժվար գործ էր հաշմանդամի սայլակը մայթից իջեցնելն ու բարձրացնելը. «Երազանքս սովետական կարգերի վերադարձն է»։ Կոմունիստների երթը հայացքով ուղեկցում էին Աբովյան փողոցի բոլոր խանութների եւ սրճարանների աշխատակիցները։ Երիտասարդներից շատերը դժվարանում էին հիշել, թե ովքեր են կոմունիստները եւ որտեղից են գալիս։ շատերն էլ գիտեն. «Կոմունիստներն են, երեւի ուզում են՝ սովետական կարգերը վերականգնվեն»։ Հարցման արդյունքները մեզ էլ զարմացրին, բայց քանի որ նպատակը օբյեկտիվ լրատվություն հաղորդելն է, ամեն ինչ ներկայացրինք՝ ինչպես որ է։ Արդեն Ազատության հրապարակում բոլոր տիպի կուսակցությունների հանրահավաքների մշտական մասնակից Ռաֆիկ Գեւորգյանը գոռում էր. «Հայաստանում ամեն մի մարդու գլխին նստած է մի կուսակցություն, ոչ մի կուսակցություն ոչնչով չի մտածում ժողովրդի մասին։ Ես ոչ մի կուսակցության անդամ չեմ, միայն քարոզելու եմ բոլշեւիկյան կուսակցության ծրագիրը»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել