Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 29,2000 00:00

Սաունաների համար օրենք գոյություն չունի cc Մի քանի լրագրողներով այցելեցինք վերը նշված թաղամասը՝ շենքի բնակիչների հետ զրուցելու եւ իսկությունը պարզելու։ Բնակիչները, որոնք հրաժարվում էին նշել իրենց անունները, պատմեցին, որ երկու տարի առաջ, նախկին փականագործական արհեստանոցի նկուղ սկսեցին տարօրինակ մարդիկ այցելել, որոնք բնակիչներին տեղեկացրին, որ այդ տեղը գնված է եւ պետք է կարի արտել լինի։ Որոշ ժամանակ անց բնակիչները տեսել են, թե ինչպես են «կարի արտել» ջրի բաքեր տեղափոխում։ Բնակիչների պնդմամբ տերը ասել է, որ «կարի արտելում դուշ է դնում», որ աշխատողները լողանան։ Բնակիչների անհանգստությունը սկսել է այն պահից, երբ առաջին հարկի հարեւանի տան պատերը խոնավությունից քայքայվել են, իսկ հատակը՝ ուռել։ Բնակիչը տունը նորոգել է մեկ ամիս առաջ, բայց պատերը սկսել են կրկին խոնավանալ։ Ամռանը շենքը մի քանի օր ջուր չի ունեցել, իսկ այս ամիսներին ջրի գրաֆիկը խախտված է եւ ջրամատակարարումը կարճ է տեւում։ Շենքում ապրողների հետաքննությունը պարզել է (հետո նաեւ օբյեկտի տերն է խոստովանել), որ այնտեղ գործում է քողարկված սաունա։ «Շենքին» սկսեց անհանգստացնել բնակարանների խոնավությունը, որի հետեւանքով շենքը կարող է վնաս կրել, դրան գումարվեց ցերեկները՝ սաունայի տհաճ հոտը, գիշերները՝ ոգելից խմիչքի «բուրմունքը»։ Շենքի բնակիչների հավաստմամբ, սաունա են այցելում նույն աղջիկները, նրանցից ոմանք աչքի են ընկնում գռեհիկ բառապաշարով եւ հագուստով, իսկ 10-15 րոպե հետո ամբողջ բակը եւ փողոցի մասը լցվում է մեքենաներով։ Բնակիչները ականատես են եղել նաեւ պետական համարանիշով մեքենաների, նրանք տեսել են եւ հանրապետության մի քանի «կարկառուն» դեմքերի, բայց չնշեցին անունները, ասացին՝ «ինքներդ եկեք եւ կտեսնեք… հիմնականում գալիս են ուրբաթ օրվանից՝ իրենց ծանրաբեռնված շաբաթը լիցքաթափելու»։ Մի բնակիչ պատմեց, որ ուշ ժամին տուն վերադառնալիս ակամայից «… անառակ տեսարանի դիտորդ է դարձել, ինչպես նաեւ գին որոշվող խոսակցության ունկնդիր»։ Շենքի երիտասարդ աղջիկների հետեւից «վատը չէ, տես քանիսանոց է» ռեպլիկներ են հնչել։ Բնակիչները վրդովված նշեցին, որ իրենց շենքը արդեն ճանաչում են բոլորը, «… մի շենք, որտեղ ապրում են պրոֆեսորներ, ակադեմիկոսներ, բժիշկներ… հիմա հայտնի է «սաունա-բորդել» անվան տակ»։ Մի բնակիչ ավելացրեց, որ ուշ ժամին տաքսիով վերադառնալիս, երբ հայտնել է հասցեն, տաքսու վարորդը ասել է՝ «սաունա՞ եք գնում»։ Սկզբից բնակիչները բողոքել են սաունայի տիրոջը, նա պատասխանել է, թե «հացի փող է աշխատում»։ Իսկ երեք ամիս առաջ ամբողջ շենքը դիմում-բողոք է ուղղել քաղաքապետարանի քարտուղար Արմեն Մկրտչյանին։ Բնակիչներն ասացին, որ «… դժվարանում են ընթացք տալ, քանի որ, ըստ մեզ հասած շշուկների, «կռիշան» ինչ-որ ազդեցիկ անձ է… միգուցե եւ պաշտոնավոր…»։ Ինչո՞ւ Արմեն Մկրտչյանը բողոք-դիմումին ընթացք չի տալիս, ինչը, ըստ օրենքի, պիտի աներ 20 օրվա ընթացքում։ Երեւանի քաղաքապետի խորհրդական, աշխատակազմի ղեկավար Ս. Սուրենյանցը բացատրեց, որ քաղաքապետի քարտուղար Արմեն Մկրտչյանի պարտականության մեջ մտնում է դիմումներ ստանալը եւ ուղարկելը համապատասխան գերատեսչական մարմիններին։ Եվ քանի որ օրվա մեջ նմանատիպ հարյուր բողոք-դիմում է գալիս՝ քարտուղարը պարտավորված չէ հետեւել դրանց ընթացքին։ Իսկ սաունաների վերաբերյալ ի՞նչ օրենք է սահմանված. պարզվեց, որ սաունաների հարցով զբաղվող ո՛չ վարչական մարմին կա, ո՛չ էլ օրենք։ Կենտրոն համայնքի թաղապետարանից տեղեկացանք, որ համաձայն Սահմանադրության, եթե անձը ունի տարածք, որը հանդիսանում է իր սեփականությունը, այն կարող է օգտագործել իր հայեցողությամբ։ Այսինքն, եթե դուք ունեք սեփական տարածք, լինի դա բնակարան, նկուղ, տանիք… կարող եք սարքել բար, սրճարան, սաունա, թեկուզ տրոլեյբուսի լարեր քաշել եւ սենյակից սենյակ տրոլեյբուսով տեղափոխվել, դա ձեր իրավունքն է։ Բայց համաձայն մեկ այլ օրենքի, շրջապատն իրավունք ունի կասեցնել ձեր գործունեությունը, եթե այն խանգարում է իր հանգիստը կամ վնասում մեկ ուրիշի սեփականությանը։ Քանի որ նմանատիպ օբյեկտների վերաբերյալ օրենք դեռեւս չկա, անձը, որը ցանկանում է իր սեփականությունը օգտագործել որպես բար, սրճարան կամ սաունա, պետք է ունենա սանէպիդկայանի եւ համապատասխան այլ ծառայությունների համաձայնությունը։ ՆՈՆԱ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել