Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 29,2000 00:00

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ Է 94 ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ Եկող շաբաթվա վերջին պատրաստ կլինի «Կուսակցությունների մասին» օրենքի նախագծի առաջին տարբերակը։ Իրավագետ Վլադիմիր Նազարյանին խնդրեցինք պատմել, թե ինչու է հենց այս պահին կարեւոր այս օրենքի ստեղծումը եւ ինչպիսի հիմքի վրա է այն ստեղծվում։ Պրն Նազարյանի ասելով, օրենքի ստեղծման նախաձեռնողը ՀԺԿ-ն է։ Իսկ, որ այս օրենքը խիստ է կարեւոր, փաստում է նաեւ Եվրախորհուրդը, որի պայմաններից մի քանիսն էլ հենց երկրի օրենսդրական դաշտին են առնչվում։ Եվրախորհուրդն ուզում է, որ Հայաստանն ունենա «Կուսակցությունների մասին», «ԶԼՄ-ների մասին» օրենքները, «Ընտրական օրենսգրքի» որոշ խմբագրումներ եւ այլն։ Արդեն պատրաստ են օրենքին առնչվող նյութերը, հայեցակարգը, որը շուտով կտրվի ԱԺ խմբերի եւ խմբակցությունների ուսումնասիրմանը։ Մինչեւ այս տարվա վերջ նախագիծը չի հասցվի ներկայացնել եւ քննարկել, քանի որ, ըստ Վլադիմիր Նազարյանի. «Սա շատ նուրբ օրենք է եւ շատերի մասին օրենք է»։ Եվ այսպես, ինչո՞ւ է այս օրենքը շատ նուրբ։ Նախ, որովհետեւ մի շարք հետաքրքիր կետեր է պարունակում։ Օրինակ, այն կուսակցությունները, որոնք խորհրդարանական ընտրությունների ժամանակ չեն հաղթահարի անցողիկ մինիմում սահմանը (մեր դեպքում՝ 5%-ը), այլեւս կդադարեն կուսակցություն կոչվել։ Փաստորեն, ԻՄ-ը, ՀԴԿ-ն, ՀՌԱԿ-ը, ՍԴՀԿ-ն եւ էլի մի քանի մանր կուսակցություններ կուսակցություն չեն կոչվի։ Այնուհետեւ, որպես կուսակցություն գրանցվելու իրավունք կտրվի նրանց, ովքեր հանրապետության բոլոր մարզերում կունենան տարածքային կազմակերպություններ, որոնցում կլինեն ոչ պակաս, քան 50 անդամ։ Իսկ կուսակցությունն ամբողջությամբ պետք է ունենա ոչ պակաս, քան 1500 անդամ։ Սա եւս կարող է լուրջ խնդիր դառնալ իրենց կուսակցություն հորջորջող տասնյակ խմբակների համար։ Ի վերջո, կուսակցություն կոչվելու ամենակարեւոր արժանիքներից մեկն էլ այն պետք է լինի, որ տվյալ ուժի ներքին կառուցվածքն ու էությունը պետք է կազմված լինեն բացառապես ժողովրդավարական հիմունքներից։ Այս կետն էլ ակնհայտորեն կխփի շատ լուրջ կուսակցություններից մեկի էությանը. ըստ հայեցակարգի, կուսակցությունների ֆինանսական աղբյուրները եւ միջոցները պետք է հրապարակային լինեն, տարին մեկ անգամ կուսակցությունը պետք է հաշվետվություն ներկայացնի իր ֆինանսական վիճակի մասին։ Սահմանափակումներ է նախատեսված նաեւ կուսակցություններին արտասահմանից եկող գումարների համար։ Ի դեպ, այդպես է ամբողջ աշխարհում, օրինակ, Գերմանիայում արտասահմանից մեկ անձը կարող է միայն մինչեւ 1000 մարկ նվիրաբերել որեւէ կուսակցության։ Կուսակցությունից եթե որեւէ անդամ դուրս է գալիս կամ, եթե նրան հեռացնում են կուսակցության շարքերից, ապա տվյալ անձը պարտավոր պետք է լինի անմիջապես հանձնել պատգամավորական մանդատը։ Օրենքի մանրամասների թվարկումը չշարունակենք, քանի որ վստահ ենք՝ հանրապետությունում գրանցված 94 կուսակցություններից առնվազն 90-ը ստիպված կլինեն իրենց վախը չափել։ Շարունակելով նրանց «վախեցնել», հարցնենք՝ ընդունենք, օրենքն ընդունվեց եկող տարվա սկզբում, ի՞նչ կլինի արդեն եղած կուսակցությունների հետ։ Նրանք ո՞ւմից եւ ի՞նչ տեղեկանք պետք է բերեն, թե իրենք հենց այն են, ինչ պահանջում է օրենքը։ Ըստ էության, այդ կուսակցությունները ստիպված են լինելու կրկին գրանցվել, արդեն՝ օրենքի պահանջներին համապատասխան։ Ընդհանրապես նախատեսված է օրենքը հասցնել մինչեւ խորհրդարանական հերթական ընտրությունները (2003թ.)։ Բայց չի բացառվում նաեւ, որ օրենքը պատրաստ լինելուն պես՝ նաեւ խորհրդարանական արտահերթ ընտրություններ կանցկացվեն։ Կուսակցությունները սրան յուրովի կարձագանքեն, ոմանք՝ կուրախանան, ոմանք՝ աղի արցունք կթափեն, բայց փոխարենը՝ Արմեն Խաչատրյանը իր անձնական երջանկությունը կվերագտնի։ Գոնե մեկ անհատի՝ հաստատ, օրենքն օգնած կլինի։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել