Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 29,2000 00:00

ՎԱՐՉԱՊԵՏԸ «ՍՈՎԻՑ ՉՄԵՌՆԵԼՈՒ» «ԱԶԳԱՅԻՆ» ԾՐԱԳԻՐ Է ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ Անցյալ շաբաթ Ազգային ժողովում, օրենսդիրների ընդհանուր համաձայնության մթնոլորտում, վարչապետ Անդրանիկ Մարգարյանի կառավարությունը սեփականաշնորհումից ստացված միջոցների հաշվին 8.2 մլրդ դրամ ուղղեց բյուջետային աշխատողների աշխատավարձերի վճարմանը։ Կառավարությունից ստացված տեղեկությունների համաձայն, մարդկային պարզ լեզվով՝ սա նշանակում է, որ կառավարությունն այս գումարը, ըստ էության, պարտք է վերցրել 2001 թ. պետբյուջեից՝ հաջորդ տարվա ապրիլ ամսին հիշյալ 8.2 մլրդ-ը վերադարձնելու պայմանով։ Գործադիր իշխանության միակ հույսն, ըստ ամենայնի, ԲԷՑ-երի սեփականաշնորհումից ստացվելիք գումարներն են։ 97 թվականից ի վեր ՀՀ իշխանություններն իբրեւ տնտեսական քաղաքականության ռազմավարություն, իհարկե, միջազգային ֆինանսական կազմակերպությունների պահանջով, որդեգրել էին այն սկզբունքը, թե սեփականաշնորհումից ստացվող միջոցները պետք է ուղղվեն կապիտալ շինարարության ոլորտին։ Վերջին 1-2 տարիներին խնդիրն ավելի կոնկրետացվեց եւ որոշում կայացվեց հիմնականում այս միջոցների հաշվին վերականգնել աղետի գոտին։ Խնդիրը, սակայն, տվյալ դեպքում, այն չէ, թե ինչպես եւ որ ուղղությամբ են անցած տարիների ընթացքում օգտագործվել սեփականաշնորհումից ստացված գումարները։ Էականն այն է, որ վարչապետ Ա.Մարգարյանը սեփականաշնորհումից ստացված ոչ այնքան մեծ գումարներից՝ ընդհանուր առմամբ՝ մոտ 64 մլրդ դրամ, 8.2-ն ուղղեց աշխատավարձերի վճարմանը՝ երբ այդ գումարը, բնականաբար, չի վերարտադրվելու։ Դա, տնտեսության զարգացման տեսանկյունից, ըստ էության, կորած գումար է։ Մինչդեռ «Հանրապետական» կուսակցության նախագահ եւ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հայտարարում է, թե իր «կառավարությունը լինելու է Վազգեն եւ Արամ Սարգսյանների կառավարությունների ժառանգորդը, որն իրականացնելու է «Միասնություն» դաշինքի ծրագրերը»։ Վերջինիս տնտեսական մասը ԱԺ-ին ներկայացրել էր նախկին վարչապետ Վազգեն Սարգսյանը, որի նշած ուղեգիծն, ըստ պարոն Մարգարյանի, որդեգրել է նաեւ իր կառավարությունը։ «Սեփականաշնորհումից ստացված միջոցներով ձեւավորել պետական ներդրումային ֆոնդ, ռազմավարական նշանակության այս կամ այն ճյուղի զարգացմանը նպաստելու, նոր տեխնոլոգիաների ձեռքբերման նպատակով»,- իր կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ նշել էր նախկին վարչապետ Վազգեն Սարգսյանը։ Արդեն 99-ի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին նա բանակցություններ էր վարել Միջազգային արժութային հիմնադրամի հետ եւ ձեռք բերել համաձայնություն, որ սեփականաշնորհումից ստացված գումարներից տարեկան 6 մլրդ դրամ ներդրումային հիմնադրամ փոխանցվեր եւ ուղղվեր արդյունաբերության առանձին ճյուղերի առողջացմանն ու զարգացմանը, գործարանների վերագործարկմանը՝ իբրեւ պետության կողմից երաշխավորվող վարկեր։ Այս իմաստով ժամանակին շուրջ 75 հեռանկարային ձեռնարկությունների զարգացման ծրագրեր են եղել։ Կառավարությունում դեռ այն ժամանակ հաշվարկել էին, որ արդյունաբերության առանձին ճյուղերին պետական աջակցություն ցուցաբերելու արդյունքում հնարավոր կլինի տարեկան շուրջ 10-12 հազար նոր աշխատատեղ ստեղծել։ «Միասնություն» դաշինքի համանախագահի եւ նախկին վարչապետի այս ծրագիրն այդպես էլ անկատար մնաց։ Այն շարունակելու մասին վերջին անգամ հայտարարեց նրա հաջորդը՝ Արամ Սարգսյանը, երբ ներկայացնում էր 2000թ. պետբյուջեն եւ փաստում, թե կառավարությունն արդեն ընտրել է մի քանի գործարաններ, որոնց պետական օժանդակություն կցուցաբերվի ոտքի կանգնելու համար։ Վարչապետ Անդրանիկ Մարգարյանն, ըստ էության, այս ուղղությամբ ոչինչ չի արել, բացի այն, որ բյուջեում դեֆիցիտային հոդված համարվող սեփականաշնորհման գումարների հաշվին օրախնդիր հարցեր է լուծում՝ այն էլ ժամանակավոր բնույթի։ Մինչդեռ առաջիկայում տնտեսության բնագավառում բեկման միտումներ չեն նկատվում, բացի այն, որ բյուջեի կատարման ողջ ծանրությունը կրկին փաթաթվում է հարկատուների վզին՝ կանխավճարների հավաքման տեսքով։ Եվ երաշխիք չկա, որ մոտ ապագայում վարչապետ Մարգարյանը կրկին ստիպված չի լինելու, մարդկանց աշխատավարձը վճարելու համար՝ օգտվել նույն այս միջոցից։ Այն, ինչ արեցին Ա.Մարգարյանի կառավարությունն ու ԱԺ-ն անցյալ շաբաթ, նույնն է թե՝ ընտանիքը կերակրել ոչ թե աշխատավարձով, այլ տան գույքը վաճառելով։ Այս դեպքում կարո՞ղ է արդյոք խոսք գնալ «Միասնություն» դաշինքի ու Վ.Սարգսյանի տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման հետեւորդը լինելու մասին։ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել