Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 28,2000 00:00

Երբ բացակայում է ֆինանսական աջակցությունը Աշնանային հանրապետական ցուցահանդես՝ Երեւանի նկարչի տան սրահներում Ուշադրության արժանի է, որ հայ քանդակագործների միջին սերնդի լավագույն ներկայացուցիչների մեծամասնությունը իր ակտիվությունն է ցուցաբերել մեկական աշխատանքով։ Դեռեւս Հայաստանում այն մակարդակը ապահովված չէ, երբ ընդամենը մեկ աշխատանք զբաղեցնի ողջ ցուցասրահը, սակայն ով գիտե, թերեւս այս հնարավորությունն էլ մեր ժամանակներում նույնպես թանկ հաճույք է, անվճար ցուցասրահ, ողջ տարին որոշակի ծրագրավորված գրաֆիկով ցուցադրվելու հնարավորություն, շենքում բավարար կարգուկանոն, սպասարկող աշխատակիցների բարեհաճ, մասնակից վերաբերմունք՝ անկախ սրահների ջերմաստիճանից։ Քանդակագործ Գարեգին Դավթյանը ներկայացրել է «Մետամորֆոզ» աշխատանքը։ Գագիկ Ղազարյանը «Զարթոնք» քանդակը ստեղծել է վերջերս։ Նյութը փայտն է, տվյալ դեպքում տանձենին, իսկ պատվանդանի համար ընտրված է ճաշակով ձեւավորված հաճարենին։ Հետաքրքիր համադրություն է, մանավանդ որ ասելիքը թելադրում է հենց փայտը։ Աշխատանքի վերնագիրը պայմանական է, նկատի է ունեցել բնության ու մարդու ընդհանրությունը, նմանությունը։ Այստեղ ավելի ցայտուն, տեսանելի ու լսելի է ներփակված ձայնի առկայությունը, մեղեդայնությունն ու ներդաշնակությունը։ Քանդակում կնոջ պատկեր է, որն ավելի շուտ խորհրդածություն է՝ զգացմունքային երանգներով։ Քանդակագործը հավասարապես աշխատում է տարբեր նյութերով եւ բազմաթեմա։ Փայտի վրա նրա քանդակներից ամենահաջողվածը Բաժբեուկ Մելիքյանին նվիրված գործն է, որին ավելացավ նաեւ այս։ Սեպագրեր հիշեցնող որոշ դետալներ նույնպես փայտի հնարավորությունների թելադրանքով են ու ինքնամփոփ, իներտ։ Սամվել Ղազարյանը «Կիլիկիա» կոմպոզիցիոն աշխատանքում դիմում է քարի, ապակու եւ համաձուլվածքների համադրությանը։ Նա բազմաթեմա արվեստագետ է, իր նկատմամբ խստապահանջ ու ինքնատիպ։ Լեւոն Վարդանյանի «Ճնճղուկ» քանդակը հետաքրքիր է իր ասելիքով, կատարողական արվեստով, տրամադրությամբ։ Հայր եւ որդիներ Թոքմաջյանները մասնակցել են «Շուշի», «Պարուհի», «Լոգանք» աշխատանքներով։ Ինքնատիպ ու հարուստ կոմպոզիցիոն լուծումները հատուկ են Հենրիկ Գարուկյանի կտավներին, որը իր ոճը հաստատուն որդեգրած արվեստագետ է։ Կարեն Աղամյանը «Գիշերային լույս» աշխատանքով հաստատում է իր նվիրումը ծավալային կերպարներին, որոնք հանդես են գալիս տարբեր հոգեվիճակներում, ուր ազգագրական հենքը, հայկական կոլորիտը խոսուն են եւ ժամանակակից լուծում են ստանում։ Նման ցուցահանդեսները, իհարկե, կարեւոր են ոչ միայն ստեղծագործող արվեստագետների համար։ Թեեւ ժամանակի մեջ տարբերությունը ակնհայտ է, սակայն ընդունված խոսք է՝ «ստիմուլ չկա», դրա համար էլ որակը բարձր չէ։ Ներկայացված գործերից ոչ մեկը համարել դրա հեղինակի լավագույն աշխատանքը՝ չես կարող։ Սա իրոք լուրջ հարց է, քանի որ արվեստագետը կենսապայմաններով ապահովված չէ։ Արվեստագետի խնդիրը ստեղծագործելն է։ Իսկ ֆինանսական ազդակների բացակայության պատճառով առկա է այսօրվա անմխիթար պատկերը։ Գնալով ստեղծագործականը մղվում է երկրորդական պլան։ Եվ սա այն պատճառով, որ արվեստագետը ոչ միայն իր ե՛ւ ընտանիքի սոցիալական խնդիրները լուծողն է, այլեւ ինքն է ե՛ւ աշխատանքների վաճառողը, ե՛ւ գումար հայթայթողը… ե՛ւ ցուցահանդեսի մասնակիցը, ստեղծողը, կազմակերպողը… ԿԱՐԻՆԵ ՍԱՄՎԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել