ԴՐՍՈՒՄ ՆՐԱՆ ՇԱՏԵՐԸ ԳԻՏԵՆ Հայ երաժիշտ կատարողներից թերեւս շատ քչերին է հաջողվել կամ հաջողվում իրենց արտիստական ճանապարհը սկսել ուսանողական տարիներից։ Կոմիտասի անվան պետական կոնսերվատրիայում հանդիպեցի 5-րդ կուրսի ուսանող, ջութակահար Հովհաննես Բաղդասարյանին։ Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի 8-րդ դասարանն ավարտելուց հետո ջութակահարը ընդունվեց կոնսերվատորիա՝ Հրաչիկ Հարությունյանի դասարանը։ Մեկ տարի ուսանելուց հետո դասախոսը մեկնեց Փարիզ ու չվերադարձավ։ Չորս տարի պրոֆեսոր Սուրեն Հախնազարյանը իր կատարողական ու մանկավարժական հարուստ գիտելիքները հաղորդեց պատանուն։ Հ. Բաղդասարյանը ամբողջ էությամբ կլանված է երաժշտությամբ։ Ուշադրությամբ հետեւում է ոչ միայն կոնսերվատորիայի, այլեւ ընդհանրապես երաժշտական կյանքին։ «Միջազգային առաջին մրցանակը» հիշելով՝ ժպտաց. «Առաջին կուրսի ավարտին նվագեցի լարային ամբիոնի համերգին, ինձ շնորհվեց Սպիվակովի անվան միջազգային ֆոնդի ուսանողական թոշակ՝ 200 դոլար։ Մեկ անգամ ստացա եւ վերջ։ Ճիշտն ասած, չգիտեմ՝ կա՞, թե՞ չկա այլեւս»։ Այս տարվա սեպտեմբերին ջութակահարը մասնակցել է Վենյավսկու անվան 8-րդ միջազգային մրցույթին՝ Լեհաստանում։ Ինչպես ինքն է ասում. «3-րդ փուլ չհասա, բացարձակ առեւտուր էր, բայց ասեմ՝ հիանալի ջութակահարներ կային։ Հիմնական անարդարությունն այն էր, որ ժյուրիի անդամներից շատերի ուսանողներն էին մասնակցում մրցույթին։ Օրինակ, ժյուրիի անդամ (Չինաստանից) Զհանգը թվով 7 մասնակից ուներ, որից երեքը տեղեր վերցրեցին»։ Պատանի ջութակահարը առանձնապես չի դժգոհում։ «Վաչե եւ Թամար Մանուկյաններ» բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ նա մասնակցեց Փարիզում կայացած փառատոնին։ Ջութակահարի կյանքում ամենաերանելի ամիսը, թերեւս, հունվարն էր։ Որոշեց մասնակցել Շվեյցարիայի Վիերբեր քաղաքում կայանալիք միջազգային երիտասարդական փառատոնային նվագախմբի համար հայտարարված մրցույթին, ուր հայտեր էր ներկայացրել 60 երկիր, ընդհանուր թվով՝ 900 երաժիշտ։ Ձայներիզն ուղարկեց եւ… առաջին հաջողությունը։ Ի դեպ՝ 60 երկրից ընտրվեց 29-ը, այսինքն՝ 900 երաժշտից 80-ը, որից մոտ 30 ջութակահար։ Հովհաննես Բաղդասարյանի հետ այս բախտին արժանացան մեր կոնսերվատորիայի ուսանողներ Գոհար Դանիելյանը եւ Մարիամ Մարգարյանը։ Սա առաջին փուլը։ Իսկ 2-րդ փուլը, թե որտեղ պետք է կայանա՝ իրենք, երաժիշտներն էին ընտրում։ Տասը երկրից պատանի ջութակահարը ընտրեց Լոնդոնը։ Ինչո՞ւ… որովհետեւ ուզում էր «մի գնդակով երկու նապաստակ խփել»։ Այստեղ էր անցկացվելու Մենուհինի անվան ջութակահարների միջազգային մրցույթը, բայց գործերի ուշ հասնելու պատճառով՝ չէր կարող մասնակցել։ Մինչ Լոնդոն մեկնելը՝ հովանավորի հարց կար։ Այստեղ օգնության հասան Վահագն եւ Հասմիկ Հովնանյանները, որոնք հոգացին ճանապարհածախսը, իսկ Մեծ Բրիտանիայի դեսպանատունը այնտեղ մնալու հարցը կարգավորեց։ Լոնդոնում, երկրորդ փուլից հետո, կազմվեց նվագախմբի կազմը։ Շվեյցարիայում նվագախմբի հետ Հովհաննես Բաղդասարյանն է փորձում, ընդամենը մի քանի անգամ՝ Սարասատեի «Գնչուական մեղեդիները», մինչ ազգությամբ հրեա հիմնական մենակատարի՝ Գիլշահամի ներկայանալը համերգին։ Այսպիսի կարգ կա միջազգային արենայում։ Հոկտեմբեր ամսին 20 օրով երիտասարդ ջութակահարը մեկնել էր Եվրոպայի 7 երկիր՝ Ֆրանսիա, Մոնակո, Իսպանիա, Իտալիա, Անգլիա, Շվեյցարիա, Գերմանիա՝ դարձյալ նվագախմբով։ Այս տուրնեն հովանավորում էին շվեյցարական միացյալ բանկերը։ Գաղտնիք չէ. տաղանդավոր ջութակահարը կարող էր մնալ եվրոպական որեւէ երկրում։ Ահա ինչ է ասում այս մասին. «Գերմանիայի Լյուբեկի բարձրագույն ակադեմիայից ստացա սովորելու հրավեր։ Մեր կոնսերվատորիայից 7 երաժիշտ է ուսանում այնտեղ։ Գիտեք, դժվար է։ Ապրուստի մասին պետք է հոգաս ինքդ։ Առավոտյան 9-ից 22-ը աշխատում են։ Էլ ժամանակ չի մնում իրենց վրա աշխատելու։ Չգիտեմ, դժվար է…»։ Այստեղ էլ հեշտ չէ։ Ջութակահարի ծնողները՝ մասնագիտությամբ ինժեներ, արդեն 7 տարի չեն աշխատում։ Ամենաուրախալին՝ հանրահայտ դիրիժոր Ջեյմս Լիվայնի հրավերով միջազգային երիտասարդական փառատոնային նվագախմբի երաժիշտները, այդ թվում եւ Հովհաննես Բաղդասարյանը, հրավեր են ստացել 2001 թվականին մեկնել Շվեյցարիա։ Նվագախմբով պլանավորված են համերգներ նաեւ Հյուսիսային եւ Հարավային Ամերիկաներում։ Երիտասարդ ջութակահարը Երեւանում նույնպես հանդես է գալիս համերգներով։ Երաժշտական ամեն մի կերպար նրա կատարմամբ արտիստական խոր ներշնչման արդյունք է։ Նրա երաժշտական խառնվածքը, տեխնիկական անկաշկանդությունը եւ հատկապես խորաթափանց ու գեղեցիկ տոնը հիացմունք են պատճառում։ ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ