ՀՕՄ-ում ռումբ պայթեցնողը Բլեյանի խցում է Արդեն հայտնել ենք, որ նոյեմբերի 8-ին ՀՕՄ-ի Կենտրոն թաղամասի վարչության գրասենյակում նախկին ազատամարտիկ Հայկ Բաղդասարյանը ռումբ է պայթեցրել՝ այդ ակցիայով բողոքելով իր սոցիալական ծանր վիճակի դեմ։ Նոյեմբերի 22-ին լրացավ ազատամարտիկի 40-ամյակը։ Այս առիթով նրա մարտական ընկերները սննդամթերք են հայթայթել եւ ուղարկել Նուբարաշենի մեկուսարանի այն բանտախուցը, ուր Հայկը տեղավորված է Աշոտ Բլեյանի կողքին։ Նախկին ազատամարտիկի յոթ շնչից բաղկացած ընտանիքի (թոշակառու ծնողներ, 4 անչափահաս երեխա, վատառողջ կին) ճակատագրով ոչ ոք չի հետաքրքրվում, բացի մի քանի ճակատային ընկերներից, որոնք էլ անզոր են անգամ համատեղ ջանքերով հոգալու պաշտպան վարձելու ծախսերը։ – Մենք բոլորս էլ պատերազմի ավարտից հետո սոցիալ-տնտեսական դժվարությունների ու բարոյահոգեբանական անբավարարվածության պատճառով դատապարտված ենք անսպասելի ու անկանխատեսելի արարքների,- մեզ հետ զրուցելիս ասել է Հայկի ընկերներից մեկը։ – Իսկ Հա՞յկը… – Հայկը ի՞նչ…։ Մենք չենք արդարացնում Հայկի արարքը։ Հայկը հիմա էլ չի գիտակցում, որ իրեն ոչ ոք չի հասկանա։ Նրանք, ովքեր կուշտ են, երբեք չեն հասկանա սովածների հոգսերը։ Իսկ օրենքներն էլ զգացմունք ու խղճահարություն չունեն։ Ամեն մեկս մի Հայկ ենք։ Մեր ներքին լարվածությունն այնքան ուժեղ է ու զսպանակի պես պրկված, որ չգիտենք վաղը կարիքի ու «լոկշության» ճնշման տակ, հունից դուրս եկած՝ ինչ ենք անելու։ Անշուշտ, մեր օրենքներով Հայկը կդատապարտվի եւ կալանավայրում հարյուրավոր նախկին ազատամարտիկների թիվը կավելանա եւս մեկով։ Իսկ իրավախախտման բուն պատճառներն ու շարժառիթները մեզ համար կմնան փակ ու անհասկանալի։ Հ. Հ.