«ՈՉ ԳՈՂՈՒԹՅՈՒՆ ԱՆԵԼ ԳԻՏԵՄ, ՈՉ՝ ՍՊԱՆԵԼ» Օրերս խմբագրություն այցելեց Կարեն Պապիկյանը, որը երկու զավակների հայր է, բնակվում է Զեյթունի ուսանողական հանրակացարանում եւ շուրջ 10 օր է լույս չունի։ Էլեկտրացանցի («Երեւան» էլեկտ րացանց ՓԲԸ Արաբկիրի մասնաճյուղ) նորանշանակ էլեկտրիկ Ռոբերտը (ազգանունը պրն Պապիկյանը չէր հիշում- Հ. Մ.) 3.500 դրամ լույսի պարտքի դիմաց գրավ է վերցրել հաշվիչը, իրեն երեխայի հետ միասին թողնելով մութ ու ցուրտ սենյակում. «Հաշվիչը վերցրել է պայմանով՝ որպեսզի նախ մուծեմ 2000 դրամը, հետո նոր պայմանավորվենք 1500-ի համար»,- ասաց Կ. Պապիկյանը։ Զեյթունի ուսանողական հանրակացարանի 7-րդ մասնաշենքի 642 սենյակի բնակիչ Պապիկյանը նախկինում բնակվել է Սպիտակ քաղաքում։ 1988-ի երկրաշարժից հետո տեղափոխվել է Նորքի հանրապետական հոգեբուժական դիսպանսեր, ապա հանրակացարան։ Կ. Պապիկյանը 3-րդ կարգի հաշմանդամ է, քաղաքում ոչ մի հարազատ չունի, երկրաշարժի հետեւանքով կորցրել է ծնողներին։ Երկու ամիս է, ինչ մահացել է նաեւ կինը։ Երեխաներն այժմ գտնվում են հոր խնամակալության տակ։ Նրանցից մեծը (տղան) այժմ Մարաշի ինֆեկցիոն հիվանդանոցում է՝ բժիշկների հսկողության ներքո։ Ինչպես պրն Պապիկյանը խոստովանեց, երեխաներին կերակրելն այնքան էլ հեշտ չէ: Պատահում է, որ փոքրիկները սոված օր են անցկացնում։ Մեկ-մեկ էլ հարեւաններն են օգնում, ձեռքներից եկածն անում։ Հացի եւ սննդի պարտքը, որն այնքան էլ մեծ գումար չէ (3800 դրամ), ըստ Կ. Պապիկյանի, անչափ մեծ է եւ այն հայթայթելու համար ինքը չգիտի ում դիմի։ Պրն Պապիկյանն ապրում է նպաստի եւ թոշակի հույսին։ Սակայն նա ցավով նշեց, որ թոշակ վերջին անգամ ստացել է մայիս ամսին, նպաստը՝ հուլիսին։ Մոտ մի շաբաթ առաջ, օգնություն խնդրելու նպատակով, երբ Կ. Պապիկյանը փորձել է դիմել Քանաքեռ-Զեյթուն համայնքի թաղապետ Ռուբեն Սինոյանին, վերջինս պատասխանել է. «Դուք մեր քաղաքի բնակիչ չեք համարվում եւ ձեզ ոչնչով չենք կարող օգնել։ Քանի որ հանրակացարանը կրթության եւ գիտության նախարարության ենթակայության տակ է, ուստի պետք է նրանց դիմեք»։ «Բացի էլեկտրացանցից, ես ոչ ոքի չեմ կարող մեղադրել։ Ավելի լավ է անձնագիրս «զալոգ» վերցնեին, քան հաշվիչը»,- դառնացած ասում էր հուսահատ հայրը, հավատալով, որ մի օր էլ «իրեն ու երկու երեխաներին են «զալոգ» վերցնելու»։ Կ. Պապիկյանի կարծիքով, ինքը այլեւս չի կարող ապրել, քանի որ ոչ գողություն անել գիտի, ոչ՝ սպանել։ Որոշ մանրամասներ պարզաբանելու համար դիմեցինք Արաբկիրի էլեկտրացանցի 14 տեղամասի հենակետի պետ Օգսեն Խառատյանին։ «Հանրակացարանի 7-րդ մասնաշենքն այլեւս մեզ չի պատկանում։ Երրորդ ամիսն է, որ բնակիչները տեղափոխվել են մյուս մասնաշենք, որը գտնվում է բժշկական ինստիտուտի ենթակայության տակ։ Բնակիչները տեղափոխվել են, քանի որ չեն կարողանում վճարել կուտակված պարտքերը»,- տեղեկացրեց պրն Խառատյանը։ Նա նաեւ ասաց, որ այդ հարցով կխոսի տեղամասի տեսուչի եւ մասնաշենքի պարետի հետ եւ կխնդրի վերադարձնել Պապիկյանի հաշվիչը։ Որքան էլ զարմանալի է, սակայն Օ. Խառատյանը պնդում էր, որ «Առավոտին» դիմած Կ. Պապիկյանը երեք ամիս է, ինչ նշված հասցեում (7-րդ մասնաշենք, 642 սենյակ) չի բնակվում։ Նա խոստացավ պարզել իսկությունը եւ ինֆորմացիա ունենալու դեպքում տեղեկացնել։ ՀԱՍՄԻԿ ՄՈՎՍԻՍՅԱՆ