«ՏՈՏԱԼԻՏԱՐԸ Է՞Ն ԷՐ, ԹԵ՞ ԷՍ» Ճոճկանցի Վասիլ Վահրամյանի կարծիքով, գյուղացու թիվ մեկ խնդիրը ջրի խնդիրն է։ Գյուղապետ Վարուժան Թամազյանը պնդում էր, թե ճոճկանցիք ջրի պրոբլեմ չունեն՝ փողը կտան, կունենան։ Իսկ ճոճկանցին փող ունի՞։ Չունի։ Պարզ մի պատճառ, որի հետեւանքն այն էր, որ գյուղացիները խիստ էին բորբոքված։ Գյուղապետն էլ իր հերթին էր չափն անցնում եւ պարզապես զարմանալի էր, որ իր հոխորտանքը ավելի շոշափելի չէր դարձնում, այսինքն՝ գյուղացիներին չէր ծեծում օրը ցերեկով։ Ընդհանրապես, գյուղապետների «ինստիտուտը» լուրջ վերանայման կարիք ունի։ «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» օրենքում եւս փոփոխությունները չէին խանգարի։ Հանրապետությունով մեկ գյուղապետերն իրենց չափազանց լավ են զգում եւ հաճախ շփոթում են պարտականությունները իրավունքների հետ։ Որոշ գյուղապետեր իրենց առնվազն «քյոխվա» են զգում եւ գյուղացիների կյանքը «ցեցի» պես անտանելի են դարձնում։ Սովորաբար գյուղերը բաժանված են երկու թեւի՝ գյուղապետական եւ հակագյուղապետական։ Մենք հասկանում ենք, որ երկրի օրենսդիրները ավելի «լուրջ» գործերով են զբաղված, բայց գտնում ենք՝ ճիշտ կանեն, եթե տեղական ինքնակառավարման հարցերին մատների արանքով չնայեն։ Վերադառնանք լոռեցիների սոցիալական խնդիրներին։ Ալավերդիում, Ճոճկանում, այս տարածաշրջանի մյուս բնակավայրերում եւս մարդիկ հողից չնչին օգուտ ունեն, կարելի է ասել՝ չունեն։ Կանայք եւ երեխաները Բագրատաշենի շուկայում բեռնակրությամբ են զբաղվում. «Եթե ջուրը չկա, ժողովուրդը չի հարստանա, հըլը մեր դաշտերին մտիկ արա ու մեր քյասիբությանը մտիկ արա։ Մեշոկը շալակին, թուրքերն էլ քամակին տալիս են՝ «հո՜շ արի»։ Մինը ես եմ, էս չորս տարի ա, չեմ կարում հողի հարկը տամ, չունեմ, էլ չեմ կարում երեխանցը ապահով պահեմ։ Կովը տանում եմ բազարը, թուրքը ասում ա՝ «քեզ երկու մեշոկ ալյուր եմ տալիս», ստիպված կովս տալիս եմ»։ Գյուղացիներին հենց հարցնում ես՝ ո՞նց եք, անմիջապես սկսվում է բողոքների շարքը։ Լավ օրից չէ, որ գյուղացին դժգոհ է։ Ճոճկանցի մի ուսուցչուհի իր հոգսերից խոսելով ասաց նաեւ. «Այգի ունեմ, կովերը մտել են ճղակտորել, Վասիլի (սա էլ համագյուղացին է- Մ. Ե.), ոչխարը մտնում է այգիս, փչացնում։ Մի բան էլ ասեմ՝ գողությունը լինում է, չի բացահայտվում, հենց որ գործը հասավ Ալավերդու քաղաքապետի հոր կովերին, անմիջապես անտառից հետ բերին։ Ինչո՞ւ։ Մենակ էդ հետ բերին։ Ո՞վ պիտի բացահայտի գողությունը, գյուղապե՞տը»։ Ուսուցչուհին այդ կարծիքին չէր՝ «միլիցիան պետք է բացահայտի, չի անում»։ Եվ նա ճիշտ էր։ Ալավերդցիների կարծիքով, այսօր սոցիալական վիճակի վատ լինելը ազդում է ժողովրդի կրթական մակարդակի վրա. «Սովետական ժամանակների մասին ասում են՝ տոտալիտար էր։ Բայց մենք բոլորս էդ տոտալիտար ժամանակներում ուսում ենք ստացել։ Էսօր մարդիկ փող չունեն իրենց երեխանց համար գիրք առնեն, տետրակ առնեն, որ երեխան ուսում ստանա։ Հիմա տոտալիտարը է՞ն էր, թե՞ էս»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ