Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 28,2000 00:00

«Քյաստըմ» չկա Ավելի քան մեկ ամիս առաջ Արմավիրի մարզի թիվ 29 ընտրատարածքում տեղի ունեցան ԱԺ պատգամավորի ընտրություններ։ Ու թեեւ այս ընտրատարածքում ընտրությունների ընթացքում տեղ գտած օրինախախտումների մասին հրապարակային հայտարարություններ էր արել թեկնածուներից մեկի՝ Միհրան Մովսիսյանի նախընտրական շտաբը, այդուհանդերձ, ԿԸՀ-ն ընտրությունների կայացած եւ ընտրված պատգամավոր է ճանաչել Գուրգեն Արսենյանին։ Միաժամանակ, ԱՎՄ համանախագահ Միհրան Մովսիսյանն իբրեւ պատգամավորի թեկնածու դեռ հոկտեմբերի 23-ին դիմել էր Սահմանադրական դատարան եւ ՀՀ գլխավոր դատախազին՝ ընտրությունների արդյունքը վիճարկելու եւ արդեն պատգամավոր Գուրգեն Արսենյանի կողմից, ըստ պարոն Մովսիսյանի, թույլ տված օրինախախտումները քննելու համար։ Սակայն, առ ժամանակ անց, Մ.Մովսիսյանն իր դիմումը ետ էր վերցրել ՍԴ-ից։ Թերեւս, այս է եղել պատճառը, որ սկսեցին լուրեր շրջել, թե Մ.Մովսիսյանն իր նախկին մրցակցի հետ «լեզու է գտել»։ Այս հարցադրումը վրդովեց պարոն Մովսիսյանին. «Այդպիսի բան չկա։ Մենք դիմել ենք ոչ միայն ՍԴ, այլեւ դատախազություն՝ ընտրությունների արդյունքները չեղյալ համարելու պահանջով»։ Պարոն Մովսիսյանը՝ մատնանշելով իր ձեռքի տակ եղած փաստաթղթերը, վստահեցրեց, թե նախընտրական շրջանում պատգամավոր Գ.Արսենյանն ընտրողներին 10-ական դոլար է բաժանել՝ իրեն ձայն տալու համար, եւ կաշառվողներից ոմանք այս փաստերը գրավոր կերպով հաստատել են։ Մ.Մովսիսյանը վստահեցնում էր, թե հիշյալ օրինախախտումները ոչ միայն քրեորեն հետապնդելի են, այլեւ վերջին հաշվով էականորեն ազդել են ընտրությունների արդյունքների վրա։ Մեր այն հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ է իր դիմումը ՍԴ-ից ետ վերցրել, Մ.Մովսիսյանն արձագանքեց. «Դիմումը ետ եմ վերցրել, քանի որ սխալ էինք թույլ տվել։ Մենք պետք է դիմեինք նախ Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարան եւ հետո միայն ՍԴ։ Հիմա այս հարցով զբաղվում է Մասիսի դատախազությունը, որը մեր դիմումների հիման վրա նախաքննություն է վարում։ Մենք սպասում ենք դրա արդյունքներին»։ Միաժամանակ ԱՎՄ-ին մոտ կանգնած աղբյուրներից հայտնի էր դարձել, թե այս կազմակերպությունում դժգոհ են Միհրան Մովսիսյանից եւ խմորումներ են սկսվել՝ վերջինիս կազմակերպությունից հեռացնելու համար։ «Մեր հարաբերությունները ԱՎՄ-ում շատ լավ են։ Մենք եղբայրներ ենք։ Այդպիսի բան չկա»։ Սա, ըստ պարոն Մովսիսյանի։ Իհարկե, նրա հետ զրույցից պարզ դարձավ, որ ԱՎՄ-ում, այնուամենայնիվ, իր նկատմամբ դժգոհություն կա, միայն թե պարոն Մովսիսյանն ասաց, որ դա կապված է ՍԴ-ից իր դիմումը ետ վերցնելու հետ։ Թե որքանով է առկա դժգոհությունն ավելի հիմնավոր եւ լուրջ, պարզ կլինի, թերեւս, առաջիկայում։ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել