«ՍԵՐՄԱՑՈՒ ԳՈՂԱՑՈՂ ՄԿԱՆ ՊԵՍ…» 2000-ի հոկտեմբերի 27-ին ծանոթներիցս մեկն ասաց. «Պրծա՜վ: Այս մի օրն է, կհիշեն, հոգեցունց ելույթներ կունենան, հարցազրույցներ կտան, ու վերջ: Կմոռացվի-կգնա այս պատմությունը»: Դժվար է չհամաձայնել: Ողբերգության հենց առաջին օրվանից, ողջ տարվա ընթացքում, հոգիների այնպիսի անամոթ «սթրիփթիզների» ականատեսը եղանք, որ միամտություն է սպասելը, թե անտարբեր հասարակությունը քնից կարթնանա չինովնիկա-երեսփոխանական ոլորտներում հրաշքով կգտնվեն մարդիկ, որոնք իրենց կուսակցական, թայֆայական կամ անձնական շահերը հանկարծ կմոռանան, ու ուրացումի օրեցօր մեծացող ձնագունդը, որն իր հետեւից միայն քծնանքից ծորացող փսլինքի հետք է թողնում, մի տեղ վերջապես կանգ կառնի: Ի՞նչ է փոխվել 1999-ի հոկտեմբերի 27-ից մինչ այսօր: Այն սրտակեղեք կուրծք ծեծողները, որոնք բացահայտ պահանջում էին Սերժ Սարգսյանի, իսկ կուչուձիգ գալով՝ Ռոբերտ Քոչարյանի հրաժարականները, առանց «լուսաքողարկման» նրանց էին համարում խորհրդարանական ողբերգության մեղավորներ, նույնիսկ անչափ «գրագետ», հոգեցունց հայտարարություններ էին երկնում, որտեղ անհապաղ պահանջում էին Սերժ Սարգսյանի հրաժարականը՝ առնվազն մեր պետության անվտանգությունը խայտառակ, բարձիթողի վիճակում թողնելու մեղադրանքով, հետաքրքիր է, հակառակն ապացուցող ի՞նչ նոր փաստարկներ ունեն, որ, երբեւէ փակբերանությամբ չփայլելով, այսօր այսպես «հմտորեն» հասարակությունից թաքցնում են: Բոլոր այն հրապարակավ հայտնած կասկածները, որ ամեն ինչ կատարվել է վերին ատյանների աջակցությամբ, դատարանում հերքվե՞լ է: Գագիկ Ջհանգիրյանն իր առաջ քաշած վարկածներից հրապարակայնորեն հրաժարվե՞լ է: Կարծեմ ոչինչ չի փոխվել: Կարծեմ նույն կասկածներն այսօր էլ են կրծում մարդկանց հոգիները: Բայց ուշադիր նայեք՝ քծնողների լպրծուն կերպը ոչ մի, գոնե արտաքին, փոփոխություն չի կրել: Նրանք այսօր նույն ստորաքարշ դեմքի արտահայտությամբ, ողնաշարի նույն կորության ցուցադրությամբ, ինչպես ժամանակին՝ իրենց նահատակ առաջնորդների, այժմ էլ նույն կերպ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի առաջ են կոտրատվում (գուցե նույնիսկ ավելի՞ են կատարելագործվել, ու Վազգենի առաջ տերեւի պես դողացողները այսօր սրտնե՞րն են դատարկում նոր տերերի առաջ. «Կյանքներս ուտում էր…»): Չէ, պրիմիտիվ այս քաջնազարները պարզապես թյուրիմացության մեջ են. վստահ են, թե գիտեն՝ ինչ են անում, գիտեն՝ ինչու են անում, ու թքած ունեն, թե ինչ է մտածում հասարակությունն իրենց մասին: Կենդանական բնազդներով առաջնորդվելու հիմքը, իրենց նոր տերերի հետ, հենց սրանք ամրապնդեցին: Սրանք գիտեն, որ կենդանիների «սահմանադրությամբ»՝ ուժեղը թույլին հոշոտում է: Ու յուրաքանչյուրը հույսը դրել է, թե այդ ուժեղը հենց ինքն է լինելու: Կհոշոտեն, կասկած չկա: Իրենք իրենց գայլ կերեւակայեն ու կհոշոտեն միմյանց: Ու՞մ բաժին կհասնի միայնակ գայլի դերը: Սա՝ Աստված գիտե, իսկ ահա երկրային բնակիչներս էլ գիտենք, որ հասարակությանը գերհաճույք է պատճառում միայնակ գայլերի որսը: ԼԻԶԱ ՃԱՂԱՐՅԱՆ