Դատախազության ստուգումները հիվանդագին են ընկալվում «Հակաստվեր» հասարակական կազմակերպության երեկվա մամուլի ասուլիսի հյուրն էր ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետ Գեւորգ Դանիելյանը, որն անդրադարձավ վարչության խնդիրներին, աշխատանքներին։ Նա ասաց, որ այս տարի իրենց կողմից հարուցվել է 30 քրեական գործ, 6 ամիսների ընթացքում 3 մլրդ դրամ պետք է մուտք լիներ պետբյուջե։ Բռնագանձման իրական գումարը կազմել է փաստացի 10%։ Պրն Դանիելյանը նշեց առանձին ոլորտներում կատարված ստուգումների մասին, մասնավորապես՝ մաքսային, քաղաքաշինության, ընդերք, դպրոցական, վիճակախաղեր։ «Եթե ահազանգ է ստացվում, որ այս կամ այն ձեռնարկությունում կան քրեաիրավական բնույթի իրավախախտումներ, որոնք արձանագրվել են, ապա դատախազը նյութեր նախապատրաստելու ընթացքում նշանակում է փորձաքննություն, պահանջում փաստաթղթեր, բացատրություններ, այդ իրավունքը վերապահված է նաեւ հետաքննության եւ նախաքննության մարմիններին՝ քրդատօրենսգրքի 180 հոդվածով, բնականաբար, նյութերի նախապատրաստումը չպետք է շփոթել ստուգումներն իրականացնելու հետ»,- շարունակեց վարչության պետը։ Վերջինս այս կապակցությամբ բերեց «Բրաբիոն» ծաղկի ֆիրմայի օրինակը, երբ ստացվել էր ահազանգ կազմակերպության աշխատակիցներից, ըստ որի նրանք երկար ժամանակ աշխատում են «Բրաբիոնում», սակայն հրամանագրված չեն։ «Աշխատավարձի շուրջ էլ հստակ պայմանավորվածություններ չկան»,- ասաց Գ. Դանիելյանը եւ ապա հայտնեց, որ եթե հիմնավորվի ահազանգը՝ «բնականաբար քրեական գործ կհարուցվի»։ Նման դեպքերը եզակի չեն եւ, ըստ իրենց վարչության ուսումնասիրությունների, «ակնհայտորեն ցածր է ցույց տրվում աշխատողների թիվը»։ Ինչ վերաբերում է վիճակախաղերին, պրն Դանիելյանը տեղեկացրեց, որ զանգվածային ուսումնասիրություններ են կատարվել։ «Այս ոլորտում կատարվում են զանգվածային իրավախախտումներ վիճակախաղի կազմակերպմամբ եւ իրացմամբ զբաղվող կազմակերպությունների կողմից». սա արձանագրելով՝ գլխավոր դատախազության ներկայացուցիչը նշեց, որ նմանօրինակ կազմակերպությունները միմյանց հակասող հաշվետվություններ են ներկայացրել ֆինանսների եւ էկոնոմիկայի եւ պետական եկամուտների նախարարություններին։ «Պարզապես ֆինանսատնտեսական գործունեությունը չի համապատասխանում ներկայացված հաշվետվություններին». իրավիճակն այդպիսին էր։ «Զավեշտալի օրինակ» նա համարեց այն, որ մեծ շրջանառություն իրականացնող կազմակերպությունները տարին փակել են… 130, 150, 30, 40 մլն դրամի վնասով։ «Վնասով աշխատող վիճակախաղը չի կարող պոտենցիալ հարկատու լինել»,- շարունակեց նա, ապա յուրօրինակ բացահայտում արեց, թե «բիզնես-ծրագրեր են բոլորը միմյանցից արտագրում»։ Անառողջ մրցակցության հետեւանքով փակվեցին վիճակախաղեր, իսկ հետեւանքն այն եղավ, որ «ոչ մարդիկ են կարողանում շահումները ստանալ, ոչ էլ իրենց դրած վիճակախաղերի համար փոխհատուցում ստանալ»։ Վարչության պետը առաջարկում էր ելք. պետական մենաշնորհ ապահովել վիճակախաղերի համար։ Մաքսային ոլորտում էլ մրցակցության սկզբունքի յուրօրինակ խախտում էր տեղի ունեցել։ Ըստ Գ. Դանիելյանի, «միեւնույն տարածքից, միեւնույն առեւտրական կազմակերպություններին, բայց տարբեր կազմակերպություններ, բերում են նույն տեսակի ապրանքը, բայց մաքսազերծման համար բոլորովին այլ պայմաններ են նախատեսվում, մաքսավճարը, մաքսատուրքը այլ հիմունքներով են հաշվարկում, որը, բնականաբար, տարբեր վիճակների մեջ է դնում ձեռնարկատերերին»։ Նա ասաց, որ ստվերում աշխատող ձեռնարկատերերը հիվանդագին են ընդունում դատախազության ստուգումները։ Լրագրողների ուշադրությունը հրավիրվեց նաեւ կրթական ոլորտում տեղ գտած խախտումների վրա, երբ իրենց «տարածքների սակավությունից բողոքող դպրոցների տնօրենները շատ մատչելի, երբեմն անհատույց» դպրոցների տարածքներն էին տրամադրում այս կամ այն առեւտրային կազմակերպությանը եւ ապա հայտեր ներկայացնում, որ իրենք կարիք ունեն լրացուցիչ տարածքի։ Բերվեց Լոռու օրինակը, երբ 75 հազար դոլարի արժողությամբ հայտ էր ներկայացվել մարզպետարան՝ դպրոցի տարածք ձեռք բերելու համար։ Ռ. Մ.