Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 25,2000 00:00

ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ԵՎ ԹԱՂԱՊԵՏԱՐԱՆԸ ԽԱՂ ԵՆ ԱՆՈՒՄ «Առավոտում» (21.10.2000թ.) տպագրվեց թոշակառու Օնիկ Գրիգորյանի «Ցանկապատ» վերնագրով նամակը։ Արաբկիր համայնքի Կովկասյան փողոցի թիվ 78 տան երկու հարեւանների միջեւ ծագած վեճի պատմությունն առնչվում է մի չարաբաստիկ ցանկապատի, ծառանոցի հետ։ Հակառակ կողմը՝ Էմմա Կիրակոսյանը, երեկ խմբագրությունում էր եւ մեզ ներկայացրեց իր հակափաստարկները։ «Է. Կիրակոսյանը հեղեղել է վերոնշված հաստատությունները (քաղաքապետարան, թաղապետարան, Հունաստանի դեսպանատուն…- Ռ. Մ.) իր դիմում-բողոքներով, իբրեւ ես կատարել եմ ապօրինի շինարարություն, կառուցել եմ քարե պարիսպներ, փակել եմ նրա տուն թափանցող լույսի ճանապարհը, խախտել եմ իր՝ մարդու իրավունքները»,- գրել էր Օ. Գրիգորյանը։ Իսկ ահա Է. Կիրակոսյանը գտնում էր, որ նա իրականում կատարել է ապօրինի շինարարություն, ինչի մասին վկայում է Երեւանի քաղաքապետարանի ճարտարապետաշինարարական վերահսկողության վարչությունը (21.04.2000թ.). «Մեր կողմից տեղում կատարված ստուգումներից պարզվել է, որ նույն հասցեի 2-րդ հարկ բնակիչ Օ. Գրիգորյանն իրոք կատարել է ապօրինի ցանկապատման, հողազավթման աշխատանքներ, որը խանգարում է Ձեր տան լուսավորությանը» (այսինքն՝ Է. Կիրակոսյանի)։ Վերջինս տեղեկացրեց, որ Արաբկիրի թաղապետարանին եւ ՆԳ բաժնին քաղաքապետարանից գրություն էր ուղարկվել «ապօրինի կառուցվող ցանկապատը ապամոնտաժելու համար»։ Իսկ աստիճանավանդակի (լուսանկարում պատկերված) ապօրինի լինելը, ըստ նույն քաղաքապետարանի («ինչը նույնպես խանգարում է Ձեր տան լուսավորությանը»), ձեւակերպվել էր այսպես. «Այն ունի վիճաբանական բնույթ եւ վերջնական լուծում կարող է տալ միայն ժողդատարանը»։ Քաղաքապետարանը հավանաբար 2000 թ. ապրիլի 21-ի դրությամբ պետք է իմանար, որ մեզանում ժողդատարան գոյություն չունի։ Շարունակենք. վեճին «խառնված» Արաբկիր համայնքի ղեկավարը (12. 05.2000թ.) իր հերթին գրում է. «Կառույցը ներկայումս քանդել հնարավոր չենք համարում, քանի որ այն բնակեցված է եւ օգտագործվում է տան 2-րդ հարկի բնակչի կողմից։ Հարցի կապակցությամբ դուք կարող եք դիմել դատական մարմիններին՝ դատական կարգով լուծում տալու համար»։ Այսինքն, թաղապետարանն իր հերթին հարցի լուծումը թողնում է դատարանի վրա։ Այլ հարց է, թե արդյո՞ք դատարանն է տվյալ տարածքի տեղական ինքնակառավարման մարմինը եւ քաղաքացիների միջեւ ծագած այս պարզունակ վեճը ինչո՞ւ են թե քաղաքապետարանը, թե թաղապետարանը իրենց վրայից գցում… Է. Կիրակոսյանը հայցով մտավ Արաբկիր, Քանաքեռ եւ Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարան (29.06. 2000թ.), ինչը մերժվեց, որովհետեւ դատարանը վկայակոչելով ՀՀ նախագահի «Երեւան քաղաքում պետական կառավարման մասին» 06.05.97թ. հրամանագիրը, հիշեցրեց պարզապես. «Երեւան քաղաքում ապօրինի շինարարության կասեցման, վերացման լիազորությունները վերապահված են Երեւանի քաղաքապետին։ Հետեւաբար, նշված վեճը ենթակա չէ դատարանում քննության»։ Է. Կիրակոսյանը հարցնում է մեզ. «Եթե Յայլոյանը (թաղապետ) չի լուծում վեճը, ուրեմն Բազեյանը (քաղաքապետ) պիտի լուծի», այսինքն՝ քանդել ցանկապատը։ «Քանդեցին,- շարունակում է Է. Կիրակոսյանը,- իմ բողոքներից հետո, 10 սմ, մնացածն, ասացին՝ վաղեմություն է»։ Մենք նախորդ հրապարակումից առաջ եղանք «դեպքի վայրում». Օ. Գրիգորյանը թաղապետարանից 10 հազար դրամի տույժ էր ստացել եւ սկսել էր քանդել վերոնշյալ պատը։ «Լինելով հույն՝ ես չեմ գնալու այստեղից, որովհետեւ չեմ գնացել վատ տարիներին»,- ասում էր Է. Կիրակոսյանը, ասաց նաեւ, որ շաքարախտով հիվանդ (անկողնուն գամված) իր մորն է խնամում։ Ի դեպ, ՀՀ փաստաբանների միությանն ուղղված (20.06.2000թ.) քաղաքապետարանի գրությամբ էլ «նշված կառույցները՝ ցանկապատ, աստիճանավանդակ, չունեն սեփականության վկայական, տվյալ տարածքում չի կատարվել համապատասխան հողհատկացում, շինությունների կառուցման համար չկա համապատասխան թույլտվություն եւ նախօրոք հաստատված նախագիծ»։ Այս դեպքում ո՞ւր է նայել քաղաքապետարանը. մի՞թե սպասում է, թե կողմերից ո՞վ, ե՞րբ, ինչպե՞ս կբարձրաձայնի իր պրոբլեմը։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել