Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 25,2000 00:00

Մոնթեն ժողովրդի կողքին է Մեզանից անժամանակ հեռացած Մոնթե Մելքոնյանը այսօր կլիներ 43 տարեկան: 1993թ. հունիսի 12-ին՝ Աղդամի շրջանի կրակակետերի չեզոքացման ժամանակ, նա զոհվեց Մերզելի ավանում: Քիչ չի խոսվել դեռ իր կենդանության ժամանակ լեգենդ դարձած, իսկ հետմահու Հայաստանի Հանրապետության եւ Արցախի հերոսի զույգ կոչումներին արժանացած, Մոնթե-Ավոյի մասին: Մարդկանց հիշողության մեջ նա գլխավորաբար դրոշմված է որպես լեգենդար հրամանատար ու քաջարի զինվորական, ինչպես նաեւ իր հայրենակիցներին օգնության հասած սփյուռքահայ մարտիկ, իսկ մոտիկից ծանոթացածները նրան ճանաչել են նաեւ որպես ամենաազնիվ մարդ: Իրոք, անհնար է թերագնահատել Մոնթեի վճռորոշ դերակատարությունը արցախյան ազատամարտում, սկսած Մարտունու շրջանի ինքնապաշտպանության կազմակերպումից եւ հակառակորդի բոլոր գրոհների ջախջախումից, մինչեւ Ղարաբաղի գրավված շրջանների ազատագրումը եւ ընդհանրապես ամրակուռ ու կարգապահ բանակի ստեղծումը: Բայց Մոնթեի ավանդը չի սահմանափակվում միայն ռազմական բնագավառում ինքնապաշտպանության եւ ազատագրության գործին բերած նրա մասնակցությամբ: Ամեն բանից առաջ Մոնթեն հանդիսանում է բառի լայն իմաստով արդարության համար մղվող պայքարի մարտիկ ու ղեկավար թե՛ գաղափարական, թե՛ գործնական դաշտերում, իսկ ռազմական հմուտ հրամանատար լինելու փաստը միայն լրացնում է այդ իրողությունը: Արցախյան արդար պայքարը նրա համար միաժամանակ արդար հասարակարգ հաստատելու պայքար էր: Մոնթեն կռվում է պաշտպանելու համար իր ժողովրդի մեկ հատվածի՝ իր հողի վրա ազատ ինքնորոշվելու իրավունքը: Նա պահանջում է բոլոր ուժերը կենտրոնացնել պատերազմի վրա ոչ թե պատերազմ սիրելու, այլ դաժան պատերազմը հնարավորին չափ շուտ հաղթանակով ավարտելու համար: Մոնթեն խորապես համոզված է պայքարի արդարացիությանը եւ մերժում է պայքարի անարդար միջոցները: Նա թուրք սպանելու մոլուցքով չէ տարված, այլ հետապնդում է հստակ քաղաքական-ռազմական նպատակ: Նա խստիվ արգելում է թշնամի գերիների կամ սպանված դիակների նկատմամբ խժդժություններ կատարելը, ինչպես նաեւ թալանը: Մոնթեն ճիգ չի խնայում, որ տիրող պատերազմական վիճակում ժողովուրդը մնա իր շեներում, որովհետեւ եթե նա շրջանը լքի, նրան կհետեւեն ազատամարտիկները: Նա հոգատարությամբ է լցված դեպի իր զինվորները, պահանջում է խիստ կարգապահություն, սկսած իր անձից: Նա ինքը իրեն իր ենթակա սպաներից եւ զինվորներից տարբերում է պարտականությունների սահմաններում, բայց ոչ իրավունքների: Նա որպես հրամանատար առանձնաշնորհումներ չի վայելում, իր կենցաղով եւ ապրելակերպով չի տարբերվում շարքային զինվորից. ընդհակառակը, իր ունեցածը բաժանում է նրանց: Մոնթեն իր զինվորների հետ մասնակցում է մարտերին, հաճախ առաջին գծի վրա: Այս է Մոնթեն. ազնվական եւ չափազանց պարզ, խելացի եւ միամիտ, զարգացած եւ ժողովրդային, ուսուցիչ եւ մշտապես սովորող, արդար եւ խիստ, քաջ եւ հավասար, պայքարող, կենսուրախ ու կյանքի սիրահար, մեծ եւ համեստ: Մոնթեն միայն զինվոր եւ հրամանատար չէ: Մոնթեն իր ժողովրդի զինվորն է բոլոր պայմանների համար, պատերազմի, թե խաղաղության: Մոնթեն մարդ է, մեծ մարդ, տարօրինակ երեւույթ: Այսօր եւս նա կանգնած է համեստ ու մաքառող քաղաքացիների, ազնիվ ու պարկեշտ մարդկանց, իր խաչը շալակած ժողովրդի կողքին: ԱԼԵՔ ԵՆԻԳՈՄՇՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել