Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 25,2000 00:00

Է. ՍԻՄՈՆՅԱՆՑ – ԱԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է Երեկ Ազգային անվտանգության նախարարության հասարակայնության եւ մամուլի հետ կապի ծառայությունը հանդես եկավ հայտարարությամբ, որում ասված է. «Ա1+» հեռուստաալիքի «PS» հաղորդաշարում Էդուարդ Սիմոնյանցի ազգային անվտանգության մարմինների համակարգի հասցեին ուղղված մերկապարանոց մեղադրանքները, իրենց անհեթեթության պատճառով ՀՀ ազգային անվտանգության նախարարության կողմից կարող էին ընդհանրապես անտեսվել, քանի որ պրն Սիմոնյանցին քաջ հայտնի է, որ իր անձը, քաղաքական դիրքորոշումները, մտածելակերպն ու գործելակերպը Ազգային անվտանգության նախարարության համար հետաքրքրություն չեն ներկայացնում։ Օպերատիվ աշխատանքի հանրահայտ տերմիններով համեմված նրա «բացահայտումները» ոչ այլ ինչ էին, քան սեփական անձի «կարեւորությունն» ընդգծելու եւ հասարակության ուշադրությունը իր վրա բեւեռելու անհաջող փորձ։ Հարցազրույցն ամբողջությամբ վերցրած մտահոգիչ է միայն այն պատճառով, որ մեր շրջապատում դեռեւս կան մարդիկ, որոնք ղեկավարվելով «որքան վատ, այնքան լավ» սկզբունքով, ամեն կերպ աշխատում են ապակողմնորոշել հասարակությանը։ Մենք առաջին անգամը չէ, որ ականատես ենք լինում քաղաքական պայքարում միջոցների խտրականություն չդնող անհատների բարոյազուրկ վարքագծի դրսեւորմանը, սակայն ազգային անվտանգության սպայի ուսադիրներ կրող անձի այդ դերում, այն էլ մի կոլեկտիվի նկատմամբ, որ երբեւիցե ղեկավարել է, առաջին անգամ ենք հանդիպում։ Պրն Սիմոնյանցի վարքագիծը միայն ափսոսանք է առաջացնում, քանի որ սպայի արժանապատվությունը եւ պատվի զգացումը այն արժեքները չեն, որոնք կարելի էր զոհել «նպատակը արդարացնում է միջոցները» տխրահռչակ սկզբունքին։ Ազգային անվտանգության մարմիններում աշխատանքի կարճատեւ ժամանակաշրջանը պրն Սիմոնյանցին մասնագիտական գիտելիքներ տալ չէր կարող, բայց շրջահայացություն, այնուամենայնիվ, պետք է ձեւավորվեր նրա մոտ, որը հնարավորություն կտար նրան ավելի իրատեսորեն գնահատել իր անձն ու վարքագիծը»։ «Առավոտը» դիմեց նաեւ գեներալ-մայոր Էդուարդ Սիմոնյանցին՝ այդ հայտարարությունը մեկնաբանելու խնդրանքով. «Հայտարարությունը եւս մեկ ապացույցն է այն բանի, որ պետական քարոզչական մեքենան նախընտրում է ոչ թե հարցերը քննարկել ըստ էության, այլ վարկաբեկել հարցերը բարձրացնողներին: Անձնապես ինձ համար դա նորություն չէ, պարզապես ցավում եմ, որ հատուկ ծառայություններն էլ լծվել են այդ աշխատանքին: Ես վստահ եմ, որ հիշյալ հայտարարությունը ոչ միայն չի արտացոլում ԱԱՆ կոլեկտիվի տրամադրությունները, այլեւ հակասում է դրանց: Եվս մեկ անգամ ցավում եմ, որ այդ նախարարությունը ստիպված է դիմել հասարակության կողմից մերժված մեթոդներին: Ինչ վերաբերում է իմ ասածները իմ՝ ԱԱՊՎ պետի պաշտոնում պաշտոնավարության հետ կապելու փորձերին, ապա, եթե հայտարարության հեղինակները ցանկություն ունեն, ես պատրաստ եմ նրանց հետ քննարկել ցանկացած մասնագիտական խնդիր: Ի դեպ, չեմ հասկանում հայտարարության հուզական երանգները: Կամ նրանք ուշադիր չեն նայել հաղորդումը, կամ էլ՝ տեսել են այն, ինչ ցանկացել էին տեսնել: Հաղորդման ժամանակ խոսք էր գնում ոչ թե ԱԱՆ-ի հասցեին մեղադրանքների, այլ այն մասին, որ այդ նախարարությանը հանձնարարություն է տրվել՝ ստեղծել համապատասխան խումբ եւ կատարել որոշակի բնույթի աշխատանք: Այնպես որ, առայժմ նրանց խանդավառությունը տարակուսելի է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել