Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 25,2000 00:00

Խորհրդարանը չի լուծարվի Երեկ լրագրողների հետ կայացած ճեպազրույցի ժամանակ հանրապետության վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հերքեց այն լուրերը, թե իր եւ հանրապետության նախագահի միջեւ տարաձայնություններ կան: Նա նշեց, որ 6 ամսվա իրենց համատեղ աշխատանքի ընթացքը ցույց է տվել, որ այդպիսի մտահոգության հիմք չկա, վստահության պակաս գոյություն չունի: Փոփոխություններ կրած ընտրական օրենսգրքի կիրարկելու ժամկետի մասին Ա. Մարգարյանն ասաց, որ տարբեր քաղաքական ուժերի միջեւ կայացած բանակցությունների ընթացքում քննարկվել են եւ 2002թ. մարտի 1-ի, եւ 2003թ. հունվարի 1-ի տարբերակները: «Միասնություն» դաշինքի պատգամավորական խումբը եւս քննարկել է այդ հարցը եւ առաջարկել օրենքի կիրարկման իր նախընտրած ժամկետը՝ 2003թ. հունվարի 1-ը: Վարչապետը հերքեց խորհրդարանի հավանական լուծարման մասին տարածվող լուրերը, նշելով, որ եթե անգամ լուծարվի էլ, ապա ընտրությունները կլինեն հին օրենքով եւ այդ դեպքում նույն իրավիճակը կարող է ստեղծվել: Միաժամանակ նա նշեց, որ նման մտայնություններից հեռու են թե խորհրդարանական մեծամասնությունը, եւ թե հանրապետության նախագահը: «2002 թվականի սեպտեմբերից սկսվելու է նախագահական ընտրարշավը: Այսինքն, 6 ամսվա ընթացքում ոչ մի նախագահ, առավել եւս հանրապետության այսօրվա նախագահը, չի գնա այնպիսի քայլի, որպեսզի հաջորդ նախագահական ընտրությունների համար ստեղծի քաղաքական ամենաանբարենպաստ պայմաններ»,- ասաց Անդրանիկ Մարգարյանը: Վարչապետը նշեց, որ, այնուամենայնիվ, եթե հանրապետության նախագահը, ասենք, հունվարին լուծարի խորհրդարանը, ապա հաջորդ 6 ամիսների ընթացքում երկրի տնտեսությունը կընկնի այնպիսի վիճակի մեջ, որ ցանկացած նախագահի թեկնածու չի կարող ցանկացած խոստումներով երկիրը դուրս բերել այդ կացությունից: Միաժամանակ անբարենպաստ վիճակում կհայտնվեն նաեւ այն քաղաքական ուժերը, որոնք կփորձեն սատարել ապագա նախագահի թեկնածուին: Ուստի, ըստ վարչապետի, Սահմանադրության ու երկրի անվտանգության երաշխավոր նախագահը չի գնա նման քայլի: Անդրանիկ Մարգարյանի խոսքերով՝ «Միասնություն» դաշինքը եւ Հանրապետական կուսակցությունը վստահ են, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ չեն լինի: Իսկ 2003 թիվը ամրագրելով, «Միասնությունը» արձանագրում է, որ քաղաքական վստահություն գոյություն ունի ե՛ւ հանրապետության նախագահի, ե՛ւ քաղաքական ուժերի նկատմամբ: ԱՐՄԵՆՊՐԵՍ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել