ԱՐԱՄԱԶԴԸ ԲՈՒՅՆ Է ՇԻՆԵԼ Ա. Զաքարյանի գործերը լավացան՝որպես երկրապահ «բացահայտվելուց» հետո Ժամանակին Արամազդ Զաքարյանը ԱԻՄ-ում էր եւ Պ. Հայրիկյանի զինակիցն էր։ Հետագայում Ա. Զաքարյանը Պ. Հայրիկյանին, փաստորեն, մեղադրեց ամերիկյան շպիոն լինելու մեջ, որի արդյունքում տեղի ունեցավ «հայրական ապտակի» դրվագը։ Ժամանակին շատ արագ զգալով քաղաքական կոնյունկտուրայի փոփոխությունը, պրն Զաքարյանը բարեհաջող կերպով «երկրապահացավ», եւ այժմ Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետն է։ Կոմիտասի պողոտայում Ա. Զաքարյանը իր կառուցած նոր տան մասին զրուցելիս ասաց. «Աղքատին երբ տեսնում են մի նոր շապիկ հագած, ասում են՝ այս որտեղի՞ց, հաշվետվություն են պահանջում։ Իսկ երբ հարուստն է ամեն ինչ ունենում եւ վայելում, նրան էլ ասում են՝ բարով մաշես»։ Իր նոր բնակարանը գտնվում է Կոմիտասի պողոտայի թիվ 18 շենքի առաջին հարկում՝ նախկին մանկապարտեզի տեղում։ Կցակառույցը դեպի բակ է դուրս եկել, աստիճանավանդակով միանում է շրջակա շենքերի համար նախատեսված փոքրիկ այգի հիշեցնող բակին (որ միշտ խնամվում էր բնակչության կողմից), ցանկապատված է՝ սեփական առանձնատան պես։ Ա. Զաքարյանն իր նոր բնակարանի մասին խոսակցությունները որակեց իբրեւ չարակամության արդյունք, որի հետ միանշանակ համաձայնել հնարավոր չէ։ Պրն վարչության պետը պատմեց, որ ինքը բնակարանային հաշվառման մեջ է եղել 96 թ. որպես երկրորդ խմբի վիրավոր ազատամարտիկ եւ ԱԺ պատգամավոր, որը բնակվում էր 1 սենյականոց բնակարանում (16 քմ տարածքով)։ «Ընտանիքիս անդամները՝ 4 հոգի եւ ծեր հայր ու մայր, որոնց ես չէի կարողանում իմ մեկ սենյականոցի մեջ, ուղղակի որպես իմ ծնողներ, պահել, տեղ չկար»,- ասաց Ա. Զաքարյանը։ Նա ցույց տվեց քաղաքապետի՝ Ս. Աբրահամյանի՝ տարածքի հատկացման որոշումը եւ կառուցապատմանն անհրաժեշտ փաստաթղթերը։ Ա. Զաքարյանը նշեց, որ կուզեր տեսնեինք այդ տարածքի նախկին տեսքը՝ ավերված մանկապարտեզը, որի շուրջը, ըստ նրա, դարձել էր «շների ու կատուների պարապելու տեղ»։ Եվ ավելացրեց, որ մինչ իրեն հատկացնելը, այդ տարածքում արդեն երեք բնակիչներ կային. «Ես ընդհանրապես մուտք չեմ ունեցել, բարձրանում էի լուսամուտից։ Մանկապարտեզի տարածքը 100 տեղից մուտք չի ունենում, մի կողմից կար եւ վերջին մասում, որը արդեն որպես բնակարաններ բաժանված էին եւ մարդիկ պատերը կիսել էին։ Իմ հատվածը որեւէ տեղից մուտք չուներ»։ Իհարկե, Ա. Զաքարյանը դիմել է քաղաքապետարան եւ մուտք բացելու թույլտվություն ստացել նախկին գլխավոր ճարտարապետ, քաղաքապետարանի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետ Հ. Խաչատրյանից։ Բայց այս դեպքում մեղավորը առաջին հերթին թույլատրողն է, քանզի առանձին մուտքի կազմակերպման թույլտվությամբ մի սենյակին հավասար կցակառույց է ավելացվել դեպի հասարակական բակ եւ ավելին՝ այդ տարածքից եւս մի բաժին վերցվելով՝ ցանկապատվել է։ Կցակառույցի թույլտվությունն էլ կա փաստաթղթի տեսքով. «…Վարչությունը քաղաքաշինական եւ ճարտապետական տեսակետից վերոնշված շինաշխատանքների կատարումը համարում է հնարավոր»։ Ա. Զաքարյանն ասաց, որ իր նախկին բնակարանը, որ սեփականացված էր, փորձել է վաճառել, բայց շատ ցածր գին են առաջարկել եւ ստիպված է եղել չվաճառել. «Դա իմ ավագ որդու անունով է։ Իսկ այս նոր բնակարանում ինչ-որ կատարվել է՝ արել եմ իմ ունեցած հնարավորությունների սահմանում՝ վաճառել եմ իմ սեփական ավտոմեքենան։ Իսկ մեքենան… ԱԺ պատգամավոր եղած ժամանակ բարձր աշխատավարձ էի ստանում, դրանից հետո աշխատում էի տրանսպորտի նախարարության «Հայավտոմոբիլային ճանապարհներ» ՊՓԲԸ-ում՝ որպես տնօրենի տեղակալ, ապա աշխատակազմի ղեկավար էի, բարձր աշխատավարձ էի ստանում։ Մյուս կողմից՝ իմ ընկերների, բարեկամների, հարազատների օգնությամբ երեք տարի շարունակ շինարարություն եմ արել։ Ի վերջո, ես իրավունք ունե՞մ ապրելու այն հողի վրա, որի համար արյուն ենք թափել ես եւ իմ ընկերները։ Իմ երեխան իրավունք ունի՞ նորմալ պայմաններում ապրելու, որը ինձ հետ 15 տարեկան հասակում եղել է սահմաններում»։ Ա. Զաքարյանը հիշեց, որ ԱԺ պատգամավոր եղած ժամանակ «մեր բազմաթիվ պայքարի միջոցով ԱԺ-ում մենք կարողացանք երկու տարվա բյուջեի մեջ մտցնել վիրավոր եւ զոհված ազատամարտիկների ընտանիքներին բնակարանների հատկացման եւ բնակարանների պայմանների բարելավման համար որոշակի ֆինանսական միջոցներ։ Բայց, ցավոք, այն 200 մլն դրամից, որ մեր պայքարի շնորհիվ 98 թ. մտավ բյուջե, որեւէ բան չհատկացվեց։ Այս տարի, կարծեմ, դա չկա»։ Ով ապահովում է իրեն, մյուսներին մոռանում է։ Հավելենք միայն, որ Ա. Զաքարյանը քաղաքապետարանում աշխատանքի է անցել 2000 թ. ապրիլից, բայց բնակարանի տարածքը եւ կառուցապատման թույլտվությունը ստացել է 1998 թ.-ից։ Եվ այս բնակարանի տարածքը 53 քմ է։ Ընդ որում, իր բնակարանի հարցով, իր ասելով, զբաղվել են հանրապետության երկու նախագահները։ Սկզբում՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որը այդ հարցով հանձնարարություն էր տվել այն ժամանակվա քաղաքապետ Վ. Սիրադեղյանին։ Այդ ընթացքում Ա. Զաքարյանը ԱԺ պաշտպանության, ՆԳ եւ ԱԱ մշտական հանձնաժողովի անդամ էր, եւ հանձնաժողովի անդամներն էին իր հարցով դիմել նախագահին։ Իսկ Ռոբերտ Քոչարյանը 98-ի հոկտեմբերից է հանձնարարել նախկին քաղաքապետ Ս. Աբրահամյանին, որի օրոք էլ հատկացումը կատարվել է։ ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ