«ԳՈՒՑԵ ԴԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՐՁԱԳԱՆՔՆ Է» Իր աղջկա սպանության լուրը առնելով՝ Թբիլիսիից Երեւան էր եկել Վարդուհի Բոյախչյանը։ Վերջինս ծանոթանալով առկա քրեական գործի նյութերին, եկել էր այն եզրահանգման, որ քրեական գործը փակվել էր ի սկզբանե, սկսած պաշտոնական աղորդագրությունից, որում անհասկանալի պատճառներով չէր գրվել նույնիսկ իր սպանված աղջկա անուն-ազգանունը։ «1998թ. նոյեմբերի 5-ին, ժամը 22.20-ին Պտղնի գյուղում հայտնաբերվել են երկու՝ Սերգեյ Դանիելյանի եւ Լ. Բ.-ի դիակները։ Դատախազությունում հարուցված է քրեական գործ, նշանակվել են դատաբժշկական եւ դատաձգաբանական փորձաքննություններ»։ Այս հաղորդագրությունը ՆԳՆ «02» պաշտոնաթերթինն է (նոյեմբերի 14), որն ուղեկցվել է ՆԳ եւ ԱԱ նախարար Սերժ Սարգսյանի՝ «Արմենպրեսին» տված հետեւյալ մեկնաբանությամբ. «Նախարարը նախ նշել է, որ ինքն անձնական թիկնապահներ չունի (ըստ պտտվող լուրերի՝ «սպանվել կամ ինքնասպանություն էր» գործել նախկին նախարարի թիկնապահներից մեկը- Ռ. Մ.)։ Եվ որ իր՝ որպես նախարարի, անվտանգությունն ապահովում են հատուկ ծառայությունները։ Իսկ ինքնասպանություն գործողն իր ընկերոջ եղբայրն է՝ Սերգո Դանիելյանը՝ ղարաբաղյան պատերազմի մասնակից»։ Նախարարն իր խոսքն ամփոփել էր այսպես. «Գուցե դա պատերազմի արձագա՞նքն է» եւ այնուհետեւ թերթը իր վերջին հետեւությունների մեջ «հիշեցրել» էր մեզ՝ «մարդկայնորեն դժբախտություն է պատահել»… Լրատվամիջոցներին տողատակով հասկացվում էր ձեռնպահ մնալ հապճեպ գնահատականներից, ինչը, ի դեպ, հաջողվեց։ Վերոնշյալ հատվածներում ուշագրավ էր նախ պաշտոնական հաղորդագրության հրատապությունը՝ նոյեմբերի 5-ի սպանության անդրադարձը նոյեմբերի 14-ին եւ ապա նախարարի իրավական որակումը «ինքնասպանություն» գործելու մասին։ Դեկտեմբերի 28-ին 20203198 թվակիր քրեական գործը, սակայն, կարճվեց։ Կոտայքի դատախազության կողմից հիմնավորված համարվեց, որ Ս. Դանիելյանը «ապօրինի, առանց համապատասխան թույլտվության ձեռք բերած, պահած եւ կրած, ռազմամթերք հանդիսացող, փամփուշտներով լիցքավորված հրացանից» կրակել-սպանել է Լիլիթ Բոյախչյանին, «որից հետո նույն հրազենից կրակելով՝ ինքնասպան է եղել»։ Այսինքն, ինքնասպանության մասին պաշտոնապես արձանագրվել է դեկտեմբերի 28-ին եւ ոչ նոյեմբերի 14-ին։ Քրեական գործը կարճվել է՝ «Ս. Դանիելյանի մասով հանցակազմի բացակայության պատճառով», իսկ Լ. Բոյախչյանին սպանելու մասով՝ «արարքը կատարած անձի մահվան կապակցությամբ»։ Լիլիթի մայրը աղջկա գործին ծանոթանալու նպատակով եղել է թե գլխավոր դատախազությունում, թե Կոտայքի մարզի դատախազությունում։ «Դատախազության արխիվից հանվել է աղջկաս գործը, ինչպես նաեւ դեպքի վայրում գտնված Գարիկ Անտոնյանի ցուցմունքը»,- ասում է տիկին Բոյախչյանը: Ըստ Կոտայքի մարզի դատախազի օգնական Գ. Մարտիրոսյանի (28.12.98թ.), սպանության օրը Գ. Անտոնյանը եղել էր Ս. Դանիելյանի մոտ, երբ վերջինս զանգել էր նրան, խնդրել իրենց համար ուտելիք տանել։ Գ. Անտոնյանը իր ընկերուհու՝ Մ. Ղարիբյանի հետ, «վերցնելով ուտելիք եւ օղի», գնացել են ամառանոց։ Սերգեյին եւ Լիլիթին թողնելով առանձին, բարձրացել են երկրորդ հարկ, որտեղից էլ քիչ անց լսել են կրակոց։ Իջնելով ճաշասենյակ՝ Գ. Անտոնյանը «տեսել է Լ. Բոյախչյանի դիակը ճաշասենյակի հատակին ընկած, իսկ ատրճանակը՝ աթոռի վրա»։ Ուշադրություն դարձրեք «ատրճանակ» եւ «հրացան» բառերի վրա։ Եվ շարունակենք։ Ըստ դատախազության տվյալների, Գ. Անտոնյանն ինքն է ժամանակին թաքցրել ատրճանակն ու փամփուշտները, որը հետագայում գտել է Սերգեյը: Տուժածին օգնություն ցույց տալու փոխարեն, «կողմնորոշվելով», Գ. Անտոնյանը հասցնում է նույնիսկ հեռանալ ամառանոցից, ճանապարհ դնելով ընկերուհուն, վերադառնալ, որտեղ էլ տեսնում է «Սերգեյին ինքնասպան եղած»։ Ի դեպ, Սերգեյի եղբայրը՝ Սամվելը, իր ցուցմունքում նշել էր, որ ինքը եղբոր մոտ զենք չի տեսել երբեք: «Աղջկաս վրա եղել է բավական թանկարժեք ոսկեղեն եւ գումար, ինչը չկա»,- շարունակում է Վ. Բոյախչյանը, մեր ուշադրությունը գրավելով նաեւ այս հանգամանքի վրա. ո՞վ է ուրեմն կողոպտել։ «Իր հագած կիսակոշիկների վրա կար այլ կոշիկի հետք,- ասում է մայրը,- ուրեմն՝ Լիլիթին բռնել են, ոտքով պահել, որ չփախչի»։ Վ. Բոյախչյանը վերցնելով աղջկա անձնական գրառումների տետրը, հատնաբերել էր մի քանի պարտքատերերի անուններ՝ իրենց հեռախոսահամարներով։ Ի դեպ, այդ հեռախոսահամարները նա փոխանցեց խմբագրությանը. կան ԱԱՆ պահպանության աշխատակիցների հեռախոսահամարներ։ Նա զանգահարել էր X պարտքատերին, որի անվան դիմաց Լիլիթը գրել էր՝ 110 դոլար, վերջինս, չիմանալով, որ խոսում է մոր հետ, խոստացել էր մեկ շաբաթ անց գումարը վերադարձնել։ «Նա չժխտեց եւ վատ զգաց, երբ հետագայում իմացավ, որ մահացողի մայրն եմ»։ Սակայն մեկ շաբաթ անց պարտքատիրոջ բջջային հեռախոսի տերը փոխվել էր։ Գործը կարճվեց, որ չպարզվեց, թե ո՞ւմ դրդմամբ, ինչո՞ւ, ի՞նչ հանգամանքներում, ի՞նչ զենքով սպանվեց գեղեցկության սրահի ապագա աշխատակցուհին եւ գործով «անցած» վկաների ցուցմունքները որքանո՞վ եղան հավաստի։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ