Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 24,2000 00:00

Որտե՞ղ է Սերժ Սարգսյանը ՀՀ պաշտպանության նախարարը պաշտոնապես գտնվում է արձակուրդում։ Ավելի ճիշտ, պաշտպանության նախարարությունում, «Առավոտի» հարցմանն ի պատասխան, տարբեր հաղորդումներ են տրվում՝ «նախարարը գործուղման մեջ է» եւ «նախարարը արձակուրդում է»։ Նաեւ տարբեր ժամկետներ են նշվում, թե երբ է նախարարը մեկնել արձակուրդ եւ երբ է վերադառնալու։ Ըստ կառավարության անդամներից մեկի, շուրջ երկու շաբաթ է, ինչ նախարարը չի մասնակցում կառավարության նիստերին։ Մեկ այլ աղբյուրի համաձայն, նախարարը 10 օրով է արձակուրդ վերցրել, եւ մոտ 5 օրից կլրանա այդ ժամկետը։ Հիշեցնենք, որ պաշտպանության նախարարության գործունեության մեջ երկու առավել պատասխանատու շրջաններ են առանձնանում՝ աշնանային եւ գարնանային զորակոչերը։ Եվ միայն անհետաձգելի անհրաժեշտությունը կարող է նախարարի բացակայության հարգելի բացատրություն համարվել։ Մինչդեռ որեւէ բացատրություն ոչ պաշտպանության նախարարությունում, ոչ, առավել եւս կառավարությունում, չեն կարողանում տալ։ Ի վերջո, եթե պաշտպանության նախարարությունում ստորադասները կարող են եւ անտեղյակ լինել, թե ուր է մեկնում նախարարը եւ ինչ նպատակով, միանգամայն անհասկանալի է, նույն կարգի անտեղյակությունը՝ կառավարությունում։ Չէ՞ որ որեւէ նախարարի արձակուրդ մեկնելը համաձայնեցվում է վարչապետի հետ։ Մինչդեռ այս դեպքում, վարչապետը (մեզ թույլ կտանք պնդել) անտեղյակ է պաշտպանության նախարարի բացակայության շարժառիթին, առավել եւս՝ գտնվելու վայրին։ Համենայնդեպս, վարչապետի մամլո քարտուղարը երեկ 5-6 ժամվա ընթացքում անկարող եղավ ճշտել եւ խմբագրությանը տեղեկացնել, թե որտեղ է Սերժ Սարգսյանը։ Եթե նկատենք, որ ԻՏԱՌ172ՏԱՍՍ գործակալությունը երեկ տարածել է լրատվություն, համաձայն որի, Թուրքիայի եւ Իրանի սահմանին գտնվող Հայաստանում տեղակայված ռուսական սահմանապահների անվտանգությունն ապահովող հավելյալ միջոցառումներ են ձեռնարկվում՝ իբր, չեչեններից պաշտպանվելու համար, ապա պաշտպանության նախարարի որտեղ գտնվելու հանգամանքը կրկնակի հետաքրքրություն է ձեռք բերում։ Ամեն պարագայում, հիշյալ բոլոր հանգամանքները ենթադրությունների տեղիք են տալիս, թե նախարարը որեւէ գաղտնի առաքելությամբ է արտերկրում։ Ըստ մեզ հասած լուրերի, պրն Սարգսյանը գտնվում է Ռուսաստանում։ Արդյո՞ք սեփական նախաձեռնությամբ եւ շահագրգռությամբ։ Լ. Պ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել