«Այդ ե՞րբ դուք ձեր օրինակով ապացուցեցիք, որ գաղափարի համար է պայքարը»,- խորհրդարանական ամբիոնից կուսակցությունների երեսին նետեց երկրապահ Մյասնիկ Մալխասյանը՝ որպես պատասխան այն մեղադրանքներին, թե մեծամասնական համակարգով ընտրված պատգամավորներին գաղափարները չէ, որ առաջնորդում են։
Որեւէ մեկը նրան հակաճառելու փորձ իսկ չարեց։ Եվ ընդհանրապես, ի՞նչ մեղադրանքներ էին հասցեագրվում անհատ պատգամավորներին, որ հավասարապես չեն վերաբերում նաեւ կուսակցություններին։ Որ առաջինները մեծ-մեծ փողեր ծախսելո՞վ են դառնում պատգամավոր։ «Համամասնականներն ավելի շատ են ծախսում. ուղղակի ժողովրդի վրա չեն ծախսում՝ լավ գիտեք»,- իր ելույթում բացահայտեց համամասնական ընտրակարգով պատգամավոր դարձած Վազգեն Խաչիկյանը։
Որ թաղային հեղինակություններից շատերը քրեական անցյա՞լ ունեն։ Է, կուսակցական հեղինակություններից որոշներն էլ են դատապարտված եղել քրեական օրենսգրքի հոդվածներով։ Որ մեծամասնականները ենթակա են ազդեցության եւ գործադիր իշխանության ցանկություննե՞րն են կատարում։ Իսկ մի՞թե նաեւ կուսակցությունները չեն խորհրդարանը վերածել կառավարության կցորդի։ Մի՞թե նրանք եւս չեն կաշառվում։ Մի՞թե շատ կուսակցականներ եւս պատգամավորի կարգավիճակը չեն օգտագործում իրենց անձնական հարցերը լուծելու համար եւ մանդատը ուղղակի որպես տանիք չեն ծառայեցնում իրենց բիզնեսին։
Ե՛վ մեծամասնականները, ե՛ւ համամասնականները հավասարարապես չեն կատարում ընտրողներին տված իրենց խոստումներն ու ծրագրերը՝ որեւէ պատասխանատվություն անգամ չզգալով դրանց համար։ Ե՛վ առաջինները, ե՛ւ երկրորդները գործնական որեւէ քայլ չեն անում երկրի քաղաքական խնդիրները, պետական համակարգի բարեփոխման հարցերը լուծելու համար։ Մարդկային նույն որակի հետ գործ ունենք՝ կուսակցության մեջ են նրանք, թե միայնակ։ Եվ այս առումով ոչինչ չի կարող փոխել «Ընտրական օրենսգիրքը»։ Վերջինը ոչ քաղաքական համակարգի հարցն է լուծելու, ոչ էլ ընտրությունների արդարության։ Եթե Հայաստանում հնարավոր են կարգին ընտրություններ՝ ի՞նչ կապ ունի՝ մեծամասնական ընտրակարգով կլինե՞ն դրանք, թե՞ համամասնական…
Կարդացեք նաև
Ա. Ի.
ԻՍԿ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԻՎԱՆԴ ԷՐ
Երեկ կառավարության նիստում հավանություն տրվեց «Տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին։ Սրանով սահմանվում է, որ ընդհանուր օգտագործման տրանսպորտով ուղեւորների կանոնավոր փոխադրումներն իրականացվում են միայն մրցութային եղանակով ընտրված կազմակերպությունների կողմից։ Հարցը ներկայացրեց տրանսպորտի փոխնախարարը, քանի որ նախարար Էդ. Մադաթյանը դեռ վատառողջ է։
Սեփ. լր.